Рейтинг@Mail.ru
USD
361.73
EUR
404.67
RUB
4.3226
GEL
139.34
2026 թ. հոկտեմբերի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային աջակցության ծրագրին կհատկացվի լրացուցիչ 500 մլն դրամ․ մշակվում է նոր ծրագիր

08.10.2026, 13:12
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրին կհատկացվի լրացուցիչ 500 մլն դրամ` հաշվի առնելով ծրագրի նկատմամբ բարձր պահանջարկը
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային աջակցության ծրագրին կհատկացվի լրացուցիչ 500 մլն դրամ․ մշակվում է նոր ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրին կհատկացվի լրացուցիչ 500 մլն դրամ` հաշվի առնելով ծրագրի նկատմամբ բարձր պահանջարկը։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում։

«Մենք այս տարի ունեինք պլանավորած 2.4 մլրդ դրամ այս ծրագրի համար, բայց, կանխատեսելով նոր դիմումները, մինչև տարեվերջ մեզ անհրաժեշտ է լինելու ևս 500 մլն դրամ», - նշել է Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թրոսյանը կառավարության նիստում։

Նրա խոսքով՝ ծրագրի մեկնարկից ի վեր աջակցություն է տրամադրվել 17 609 շահառուի, իսկ տրամադրված աջակցության ընդհանուր գումարը կազմել է 13,2 մլրդ դրամ։

Այս տարի արդեն 2 425 շահառուի փոխհատուցում է տրամադրվել, սակայն, նախարարի խոսքով, մինչև տարեվերջ շահառուների թիվը կարող է ավելանալ։

Ծրագիրն ընդունվել է 2020 թվականի մայիսին և նախատեսված է մինչև 2026թ․–ի դեկտեմբերի 31-ը։ Թորոսյանի խոսքով՝ հաշվի առնելով ծրագրի ազդեցությունը ընտանիքների վրա՝ կառավարությունը նախատեսում է դրա հիման վրա նոր ծրագիր ներկայացնել։

«Նոր ծրագիրը պատրաստ է, շրջանառվում է և դրված է հրապարակային քննարկման», - նշել է նախարարը։

Նոր ծրագրի հիմնական փոփոխությունները

Թորոսյանը հայտնել է, որ մինչև 2031 թ․–ը նախատեսված նոր ծրագիրը հիմնականում պահպանելու է գործող ծրագրի տրամաբանությունը, սակայն նախատեսվում են որոշակի պարզեցումներ և շեմերի բարձրացումներ՝ հաշվի առնելով գնաճը և դիմումների առանձնահատկությունները։

Մասնավորապես, առաջարկվում է աջակցության չափը սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից և հիփոթեքային վարկի մնացորդային գումարի չափից։

«Նախկինում աջակցությունը սկսվում էր 500 հազար դրամից և երեխայի կարգաթվով աճում էր։ Մենք նախատեսել ենք, որ աջակցության չափը՝ անկախ երեխայի կարգաթվից և հիփոթեքային վարկի մնացորդային գումարի չափից, սահմանենք 1 մլն դրամ», - նշել է Թորոսյանը։

Նրա խոսքով՝ նոր ծրագրում պահպանվելու է նաև այն պայմանը, որ ընտանիքը չպետք է այլ բնակելի գույք ունենա։ Միաժամանակ նախատեսվում է լրացուցիչ սահմանափակում՝ դիմելուց առաջ վերջին 12 ամիսների ընթացքում օտարված բնակելի գույք չունենալու վերաբերյալ։

«Մի փոքր ավելի խստացում ենք ավելացնում, որպեսզի վերջին 12 ամիսներին օտարված գույք նույնպես չունենա, որովհետև լինում են դեպքեր, երբ նախապես այդ ամեն ինչը կազմակերպվում է», - ասել է նախարարը։

Միաժամանակ նախատեսվում է բարձրացնել անշարժ գույքի գնի սահմանաչափը։ Եթե գործող ծրագրով 35 մլն դրամը գերազանցող արժեքով գույքի դեպքում փոխհատուցում չէր տրամադրվում, ապա նոր ծրագրով այդ շեմը նախատեսվում է հասցնել 40 մլն դրամի։

Ծրագրով առաաջրկվում է նաև չշարունակել առանձին մարզային բաղադրիչը, քաnի որ, ըստ նախարարի, դրանից շատ քիչ քաղաքացիներ են օգտվել, իսկ առավել մեծ թվով օգտվել են Կոտայքի մարզում՝ Երևանին մերձ համայնքներում, որը չի բերել ապակենտրոնացման։

Թորոսյանը հայտնել է, որ հրապարակային քննարկումից և գործընկերների կարծիքը լսելուց հետո ծրագրի վերջնական տարբերակը կձևավորվի և մինչև տարեվերջ կընդունվի: