Առողջապահություն, IT, շինարարություն. ի՞նչ ներդրումային ծրագրեր են քննարկում բելգիացի գործարարները ՀՀ-ում
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Բելգիական շուրջ 15 ընկերությունների ղեկավարներ Հայաստանում համագործակցության և ներդրումների նոր հնարավորություններ են քննարկում։
Ինչպես ասուլիսի ժամանակ հայտնել է Բելգիա-Հայաստան առևտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը, պատվիրակության այցին նախորդել են Բրյուսելում անցկացված երկու միջոցառումներ, որոնց մասնակցել է շուրջ 40 մարդ, և որոնց ընթացքում ներկայացվել են Հայաստանը և դրա տնտեսական հնարավորությունները։
«Բազմաթիվ ոլորտներ են ներկայացված այս ծրագրի շրջանակում՝ առողջապահությունը, լոգիստիկան, շինարարությունը, IT-ն, ենթակառուցվածքները»,– ասել է Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ բելգիացի ձեռնարկատերերի կողմից հայկական հիմնադրամում արդեն կատարվել է մոտ 2 մլն եվրոյի ներդրում, որոնք բելգիացիներ են և չունեն հայկական ծագում։
Գերազանցության և առողջապահության կենտրոն Արզնիում
Պատվիրակության այցի շրջանակում քննարկվում է նաև Արզնիում՝ Երևանի մերձակայքում, գերազանցության և առողջապահության կենտրոնի ստեղծման ծրագիրը։
«Սա ներդրում է, որը կիրականացվի բելգիական ձեռնարկությունների կողմից, և որին, ամենայն հավանականությամբ, կաջակցեն նաև սփյուռքի հայերը», - հայտնել է Սաֆարյանը։
Նախատեսվում են նաև բժիշկների և բուժանձնակազմի վերապատրաստման հնարավորություններ։
Ակնկալվում է, որ կենտրոնը նախատեսված կլինի տարեց մարդկանց համար;
«Մարդիկ կան, որ կկարողանան տարեկան կտրվածքով սենյակ գնել և այստեղ երկար մնալ, ուրիշները կարող են վարձակալել ավելի կարճատև ժամանակահատվածում», - նշել է Բելգիա-Հայաստան առևտրի պալատի նախագահը։
Նախագծի առաջնային թիրախը սփյուռքահայերն են, սակայն, ինչպես նշել է Սաֆարյանը, գաղափարը սահմանափակված չէ միայն նրանցով։
Ծրագրի նպատակներից է նաև բժշկական տուրիզմի զարգացումը Հայաստանում։
Հիվանդանոցային թափոնների վերամշակման տեխնոլոգիաների ներդրում
Հայաստան ժամանած ընկերություններից է բելգիական Ecosteryl-ը, որը մասնագիտացած է հիվանդանոցային թափոնների վերամշակման տեխնոլոգիաների ոլորտում։
Ընկերության նախագահ Օլիվյե Դյուֆրեի խոսքով՝ Ecosteryl-ը ստեղծում է սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս հիվանդանոցային թափոնները վերամշակել էկոլոգիապես մաքուր եղանակով՝ խուսափելով այրումից։
«Մեր նպատակն է այստեղ, մի կողմից, այն մասնավոր ընկերություններին, կազմակերպություններին, որոնք զբաղվում են այս թափոնների հավաքումով և վերամշակմամբ, հնարավորություն տալ այնպիսի տեխնիկաներ օգտագործել, որոնք կլինեն ավելի էկոլոգիական և պակաս ծախսատար, իսկ մյուս կողմից՝ հանրային և հիվանդանոցային ոլորտին հնարավորություն տալ ձեռք բերել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն կտան այս թափոնները վերամշակել հենց հիվանդանոցային շրջանակում»,– ասել է նա։
Դյուֆրեի խոսքով՝ այդ մոտեցումը հնարավորություն կտա խուսափել թափոնների երկարատև և ծախսատար տեղափոխումից։
Նա նշել է, որ ընկերությունն արդեն օգնել է շուրջ 100 երկրի անցնել նման տեխնոլոգիաների, և այժմ պատրաստ է աջակցել նաև Հայաստանին։
Համագործակցություն Հայաստանի հիվանդանոցների հետ
Պատվիրակության կազմում է նաև Բրյուսելի Սեն-Լյուկի համալսարանական կլինիկաների գործադիր տնօրեն Ֆիլիպ Լըռուան։
«Մենք մասնագիտացած ենք հազվագյուտ հիվանդությունների ոլորտում՝ գենետիկ հիվանդությունների ոլորտում, բարդ վիրահատությունների և փոխպատվաստումների ոլորտում», - նշել է նա։
Լըռուան արդեն այցելել է Երևանի երկու հիվանդանոց և նշել, որ տպավորված է Հայաստանի հիվանդանոցների ենթակառուցվածքներով և բժիշկների կրթության որակով և հայտնել Հայաստանի հիվանդանոցների հետ հնարավոր համագործակցության մասին։
«Մի կողմից որոշ բժիշկերի մասնագիտական վերապատրաստման համար, բարդ դեպքերի քննարկումների համար, որպեսզի կարողանանք փոխադարձաբար խորացնել, բարելավել մասնագիտական հմտությունները, ինչպես նաև բարելավել խնամքը», - ընդգծել է նա։
Հանդիպումներ պետական կառույցներում և նեթվորքինգ
ՀՀ-ում Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքն էլ հայտնել է, որ պատվիրակության ծրագրում ներառված են հանդիպումներ Հայաստանի պետական կառույցների ներկայացուցիչների հետ։
Մասնավորապես, քննարկվելու են ենթակառուցվածքներն ու կապակցվածությունը, առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումները։
Նախատեսված են հանդիպումներ նաև առողջապահության, արտաքին և միջազգային առևտրի, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության ոլորտների պատասխանատուների հետ։
«Հանդիպում է նախատեսված նաև ԲՏԱԲ նախարարությունում։ Գիտենք, որ Հայաստանը բավականին ակտիվորեն զարգացնում է այս ոլորտում կիսահաղորդիչների, հատկապես՝ արհեստական բանականության և ընդհանրապես տեխնոլոգիական ոլորտը։ Մեր պատվիրակության մեջ կան բազմաթիվ ձեռնարկություններ, որոնք ակտիվ են հենց այս ոլորտներում»,– նշել է նա։
Բելգիական պատվիրակության այցի շրջանակում նախատեսվում է նաև նեթվորքինգի միջոցառում, որի ընթացքում բելգիական ընկերությունները կներկայացվեն Հայաստանի մասնավոր և հանրային հատվածի գործընկերներին։