ՀՀ բանկերն իրավունք ունեն որոշել կանխիկ ռուբլու հետ կապված գործարքների պայմանները․ ԿԲ–ն սահմանափակումներ չի ներդրել
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Օրերս ռուսական լրատվամիջոցներում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Հայաստանի բանկերի մի մասը այլևս չի ընդունում ռուբլի, գործառնություններ չի իրականացնում ռուսական կանխիկ դրամով և չի իրականացնում դրանց մուտքագրումը հաշիվներին:
«ԱՌԿԱ» գործակալությունը իրավիճակը պարզաբանելու համար հարցումներ է ուղարկել Հայաստանի Կենտրոնական բանկ, ինչպես նաև մի շարք տեղական բանկեր՝ խնդրելով մեկնաբանել, թե արդյո՞ք բանկային համակարգում իսկապես կան սահմանափակումներ կամ խնդիրներ՝ կապված կանխիկ ռուսական ռուբլու ընդունման հետ։
ԿԲ–ն բանկերի համար կանխիկ ռուբլու ընդունման սահմանափակումների հետ կապված որևէ որոշում չի ընդունել
Կենտրոնական բանկից «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին, որ կարգավորող մարմինը բանկերի համար կանխիկ ռուսական ռուբլու ընդունման սահմանափակումների հետ կապված որևէ որոշում չի ընդունել և ֆինանսական կազմակերպությունների հետ որևէ հաղորդակցում չի իրականացրել։
«Բանկերը, ելնելով գործող կարգավորումներից, սեփական ռիսկերի գնահատումից և ռիսկերի կառավարման քաղաքականությունից, ինքնուրույն են որոշում կայացնում հաճախորդի հետ գործարար հարաբերություն հաստատելու և որոշակի ծառայություններ (այդ թվում՝ դրամական միջոցների մուտքագրման) մատուցելու պայմանների վերաբերյալ», – հայտարարել են ԿԲ–ից։
ԿԲ–ից նաև ավելացրել են, որ ֆինանսական կազմակերպություններն իրենց գործունեությունը պետք է կազմակերպեն ինքնուրույն՝ ՀՀ օրենսդրության, միջազգային օրենքների և գործընկեր բանկերի երկրների օրենքների պահանջներին համապատասխան։
Ինչ են ասում բանկերը
IDBank–ից «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին, որ բանկը շարունակում է ընդունել կանխիկ ռուսական ռուբլի և այս պահին որևէ սահմանափակում առկա չէ։
«Լրատվամիջոցներում շրջանառվող հրապարակումների վերաբերյալ այլ մեկնաբանություններ չունենք», – ավելացրել են բանկից։
ՎՏԲ–Հայաստան Բանկում, ի պատասխան «ԱՌԿԱ» գործակալության հարցմանը, հայտարարել են, որ սովորական ռեժիմով շարունակում են ընդունել ռուսական կանխիկ ռուբլի։
«Ռուսական կանխիկ ռուբլու ընդունման սահմանափակումներ չեն ներդրվել», – նշել են բանկից։
Միաժամանակ որոշ բանկեր իրենց հաճախորդներին ծանուացել է առկա ռուբլով գործարքների պայմանների փոփոխության մասին։
Այսպես, Ինեկոբանկն իր հաճախորդներին ուղարկել է էլեկտրոնային նամակներ այն մասին, որ բանկի կողմից ՌԴ ռուբլով կանխիկի մուտքագրման ծառայությունների մատուցումը ժամանակավորապես դադարեցվում է 2026 թվականի հուլիսի 7-ից։
Բանկից նշել ենն, որ նախորդիվ ստացված՝ ՌԴ ռուբլով կանխիկ գումարի սակագնի փոփոխության վերաբերյալ ծանուցմամբ սահմանված պայմաններն այլևս չեն գործում։
Ամերիաբանկն իր հերթին հաճախորդներին ծանուցել է ՌԴ ռուբլով կանխիկ դրամի մուտքագրման և տրամադրման սակագների փոփոխության մասին։ Մասնավորապես, ՌԴ ռուբլով հաշվեհամարին կանխիկ միջոցների մուտքագրման միջնորդավճարը դարձել է 5%, իսկ նշված հաշվեհամարից գումարի ելքագրման սակագինը սահմանվել է 0%։
Կարգավորողի դիրքորոշումը և բանկերի պրակտիկան
Այսպիսով, խոսքը չի գնում Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից կենտրոնացված սահմանափակման կամ արգելքի մասին: Կարգավորողը նման որոշումներ չի ընդունել:
Իրավիճակը ձևավորվում է առանձին բանկերի մակարդակով. ներկա պահին դրանց մի մասը շարունակում է ընդունել կանխիկ ռուսական ռուբլին սովորական ռեժիմով, իսկ մի մասը փոխում է սակագները կամ ժամանակավորապես կասեցնում կանխիկ ռուբլու մուտքագրման ծառայությունը:
Ինչպես բխում է ԿԲ դիրքորոշումից, նման որոշումները բանկերն ընդունում են ինքնուրույն՝ հաշվի առնելով սեփական ռիսկերը, ռիսկերի կառավարման ներքին քաղաքականությունը, օրենսդրության պահանջները և գործընկեր բանկերի հետ աշխատանքի պայմանները։