Рейтинг@Mail.ru
USD
365.86
EUR
422.06
RUB
4.3638
GEL
139.8
2026 թ. օգոստոսի 13, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+26

Ալիևը Հայաստանին առաջարկում է Ռուսաստանի էներգետիկ այլընտրանքը. ի՞նչ է թաքնված ՀԱԷԿ-ի դեմ՝ նրա հարձակման հետևում

Այսօր, 20:36
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները Հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ առաջին հայացքից կարելի է ընկալել որպես Բաքվի հերթական հարձակում Հայաստանի ատոմային էներգետիկայի դեմ: Սակայն, եթե Ալիևի հարցազրույցը կարդանք ամբողջությամբ և հաշվի առնենք հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս համատեքստը, ավելի լայն պատկեր է ի հայտ գալիս
Ալիևը Հայաստանին առաջարկում է Ռուսաստանի էներգետիկ այլընտրանքը. ի՞նչ է թաքնված ՀԱԷԿ-ի դեմ՝ նրա հարձակման հետևում

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /ԱՌԿԱ/․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները Հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ առաջին հայացքից կարելի է ընկալել որպես Բաքվի հերթական հարձակում Հայաստանի ատոմային էներգետիկայի դեմ: Սակայն, եթե Ալիևի հարցազրույցը կարդանք ամբողջությամբ և հաշվի առնենք հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս համատեքստը, ավելի լայն պատկեր է ի հայտ գալիս:

Խոսքը կարող է վերաբերել ոչ միայն ՀԱԷԿ-ին և նույնիսկ ոչ այնքան դրան: Ալիևը փաստացի Հայաստանին առաջարկում է էներգետիկ և ենթակառուցվածքային նոր ճարտարապետություն, որում Ադրբեջանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից աջակցվող TRIPP նախագծի դերը մեծանում է, մինչդեռ տարածաշրջանում ռուսական ավանդական ներկայությունը կրճատվում է:

Հենց նման համատեքստում արժե դիտարկել նրա կանխատեսումը ՀԱԷԿ-ի փակումից հետո Հայաստանում «լիակատար էներգետիկ ճգնաժամի» մասին և ադրբեջանական էլեկտրաէներգիան որպես էներգամատակարարման լրացուցիչ աղբյուր օգտագործելու առաջարկը:

Ռուսաստանը ձախողեց. ի հայտ եկավ TRIPP-ը

Բուն հարցազրույցի համատեքստը բավականին խոսուն է:

Խոսելով Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունների բացման մասին՝ Ալիևը հիշեցրել է 2020 թ.-ի նոյեմբերի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ հայտարարության մասին և փաստացի Մոսկվայի վրա է դրել պատասխանատվության մի մասը այն բանի համար, որ տրանսպորտային նախագիծն այն ժամանակ չիրականացվեց:

Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը բազմիցս դիմել է Ռուսաստանին և Հայաստանին այս հարցով, սակայն ռուսական կողմը «կամ չի կարողացել ապահովել դրա կատարումը, կամ եղել են այլ պատճառներ»: Այնուհետև Ադրբեջանի նախագահն ուղղակիորեն դրան հակադրել է ամերիկյան մասնակցությունը. նրա վարկածով՝ ԱՄՆ-ի միանալուց հետո գործընթացը մեկնարկել է և արդյունքում վերածվել TRIPP-ի:

Այսինքն՝ հարցազրույցի տրամաբանությունը կառուցված է բավականին հետևողականորեն. Ռուսաստանի մասնակցությամբ մեխանիզմը չաշխատեց, ԱՄՆ-ի մասնակցությամբ մեխանիզմն սկսեց աշխատել:

Եվ միայն դրանից հետո է Ալիևը տրանսպորտից անցում կատարում էներգետիկային:

Հարված ՀԱԷԿ-ին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանն արդեն պատրաստել է երկրի հիմնական մասից Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծերի անցկացման նախագիծը:

Այնուհետև նա անսպասելիորեն այս նախագիծը կապեց Հայկական ԱԷԿ-ի ապագայի հետ:

Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Հայաստանի էներգիայի հիմնական աղբյուրը ատոմակայանն է, որը, նրա պնդմամբ, «գտնվում է ոչ իրենց վերահսկողության տակ»: Նա ՀԱԷԿ-ն անվանեց հնացած ու ամբողջ տարածաշրջանին սպառնացող վտանգ և հայտարարեց, որ դրա փակումից հետո Հայաստանը «լիովին կհայտնվի էներգետիկ ճգնաժամի մեջ»: Որպես հայկական էներգահամակարգի կայունության բարձրացման տարբերակներից մեկը՝ Ալիևն առաջարկեց ապագա էներգետիկ երթուղին Հայաստանով դեպի Նախիջևան, Թուրքիա և այնուհետև Եվրոպա:

Փաստագրական տեսանկյունից այս թեզերից մի քանիսը հստակ հակադարձման կարիք ունեն:

Հայկական ԱԷԿ-ը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը և կառավարվում է հայկական պետական համակարգի շրջանակում: Ռուսական ընկերությունների մասնակցությունը կայանի արդիականացման, տեխնիկական աջակցության և շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին չի նշանակում սեփականության իրավունքի կամ ՀԱԷԿ-ի նկատմամբ պետական վերահսկողության փոխանցում Ռուսաստանին:

Հայաստանի պաշտոնական էներգետիկ ռազմավարությանը չի համապատասխանում նաև Ալիևի ներկայացրած այն սխեման, ըստ որի գործող բլոկի կանգնեցումն ավտոմատ կերպով երկիրը տանում է էներգետիկ կոլապսի:

Հայաստանը մտադիր է գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգել մինչև 2036 թվականը և այդ ժամանակահատվածն օգտագործել նոր ատոմային մոդելին անցնելու համար: Կառավարությունն արդեն ընդունել է սկզբունքային որոշում՝ պահպանել ատոմային էներգետիկան որպես երկրի էներգետիկ անվտանգության հիմնական տարրերից մեկը և նոր էներգաբլոկի ընտրության հարցում կողմնորոշվել դեպի փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաները:

ՀԱԷԿ-ն իրոք ունի կրիտիկական նշանակություն. այն ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը: Դրա կանգնեցումն առանց փոխարինման լուրջ ռիսկ կլիներ էներգահամակարգի համար: Բայց հենց այդ պատճառով էլ պետական ռազմավարությունը նախատեսում է ոչ թե հրաժարում ատոմային էներգետիկայից, այլ գործող հզորության փոխարինում նորով:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ/IAEA) կողմից հաստատված չէ նաև Ալիևի կողմից որպես հաստատված փաստ ներկայացված այն թեզը, թե գործող ՀԱԷԿ-ը վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար: ԱԷՄԳ-ն մասնակցում է Հայաստանի միջուկային անվտանգության ծրագրերին, իսկ կայանի շահագործման երկարաձգումը նախատեսվում է միայն համապատասխան հետազոտություններով և կարգավորող ընթացակարգերով դրա անվտանգ աշխատանքի հաստատման դեպքում:

ՀԱԷԿ-ի հետևում իսկապես կանգնած է ռուսական գործոնը

Ընդ որում, սխալ կլիներ Ալիևի հայտարարություններն ամբողջությամբ առանձնացնել Ռուսաստանից:

Թեև ՀԱԷԿ-ը գտնվում է Հայաստանի վերահսկողության տակ, Ռուսաստանի դերը նրա տեխնոլոգիական պատմության և արդիականացման գործում մնում է զգալի: «Ռոսատոմը» մասնակցել է կայանի շահագործման ժամկետի երկարաձգման առաջին ծրագրին և էական դեր է խաղում կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացիկ փուլում:

2026 թվականի գարնանը ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ ռուսական կողմը պատրաստ է ապահովել ՀԱԷԿ-ի շահագործման հետագա երկարաձգումը մինչև 2036 թվականը, սակայն համապատասխան երաշխիքների տրամադրման դեպքում․ «Ռոսատոմը», նրա խոսքով, պետք է ստանա պայմանագրային աշխատանքների առնվազն 70%-ը: Միևնույն ժամանակ, Օվերչուկը հրապարակայնորեն քննադատեց Հայաստանի կողմից եվրոպական կապալառուների ներգրավումը՝ դա կապելով Երևանի ընտրած «եվրոպական վեկտորի» հետ:

Այլ կերպ ասած՝ Հայաստանի ատոմային էներգետիկան արդեն դարձել է արտաքին տարբեր խաղացողների մրցակցության ուղղություններից մեկը:

Հատկապես այն բանից հետո, երբ 2026 թվականի փետրվարին Հայաստանը և ԱՄՆ-ն ստորագրեցին խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր, որն իրավական հնարավորություն է բացում ամերիկյան միջուկային տեխնոլոգիաների և սարքավորումների փոխանցման համար: Ռուսաստանը չափազանց զգայուն արձագանքեց ապագա հայկական ԱԷԿ-ի կառուցմանը ամերիկյան մասնակցության հեռանկարին: Reuters-ը այս քննարկումը գնահատում էր այդ թվում որպես Մոսկվայի և Վաշինգտոնի պայքար Հարավային Կովկասում ազդեցության համար:

Այս ֆոնին Ալիևի խոսքերն այն մասին, թե իբր ներկայիս ՀԱԷԿ-ը «չի գտնվում» Հայաստանի վերահսկողության տակ, լրացուցիչ իմաստ են ստանում: Ձևականորեն այս պնդումը սխալ է: Սակայն քաղաքականապես այն կարելի է ընկալել որպես ակնարկ ռուսական տեխնոլոգիաներից ու մասնագետներից հայկական ատոմային ոլորտի կախվածության մասին, և միաժամանակ որպես էներգետիկ կապերի այլ մոդելի առաջարկ:

Մոսկվան ինքն է սրում Հայաստանի ընտրության հարցը

Այս սյուժեն զարգանում է Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին։

2026 թվականին ռուսական սահմանափակումները տարածվեցին հայկական ապրանքների լայն շրջանակի վրա, ներառյալ գյուղատնտեսական արտադրանքը, ծաղիկները, ձուկը, ալկոհոլը և մի շարք այլ կատեգորիաներ։ Ռուսական կողմն այս սահմանափակումները պարզաբանում էր՝ մեջբերելով սանիտարական և այլ պատճառներ։

Հայաստանի կառավարությունը, սակայն, պաշտոնապես հայտարարեց, որ հայկական ծագման ապրանքների արտահանման սահմանափակումները հակասում են երկկողմ պայմանագրա-իրավական բազային և ԵԱՏՄ նորմերին։

Եվրամիությունն ավելի հեռուն գնաց և տեղի ունեցողը հրապարակայնորեն անվանեց տնտեսական ճնշում Հայաստանի նկատմամբ՝ միաժամանակ Երևանին առաջարկելով լրացուցիչ ֆինանսական աջակցություն և հայկական ապրանքների համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնում։ Reuters-ը ևս ռուսական առևտրային սահմանափակումները դիտարկում էր Մոսկվայի ու Երևանի միջև քաղաքական սառեցման և Հայաստանի դեպի ԵՄ շարժման համատեքստում։

Միևնույն ժամանակ ԵԱՏՄ չորս պետությունները՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը, մայիսին կոչ արեցին Հայաստանին «որքան հնարավոր է շուտ» հանրային հանրաքվե անցկացնել և ընտրություն կատարել Եվրոպական միությանն անդամակցելու և ԵԱՏՄ-ում անդամակցությունը պահպանելու միջև։ Նրանք նաև հանձնարարեցին մինչև դեկտեմբեր պատրաստել Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների գնահատականը։

Երևանն այս տրամաբանությունը չընդունեց։ Փաշինյանը հայտարարեց, որ ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեն կարող է գործնական իմաստ ունենալ միայն Հայաստանի կողմից անդամակցության հայտը պաշտոնապես ներկայացնելուց և հարցը առարկայական հարթություն տեղափոխվելուց հետո։

Զուգահեռաբար սառեցված է մնում Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Ռուսաստանի ղեկավարությունն արդեն բացահայտորեն դնում է Երևանի ապագայի հարցը ինչպես ՀԱՊԿ-ում, այնպես էլ ԵԱՏՄ-ում։

Այսպիսով, Մոսկվան ինքն է ավելի ու ավելի կոշտ դնում Հայաստանի առջև աշխարհաքաղաքական և տնտեսական ընտրության հարցը։

Եվ հենց այս պահին է հայտնվում Ալիևի առաջարկը

Այս ֆոնին Ադրբեջանի նախագահի հարցազրույցի էներգետիկ հատվածը բավականին ավելի լայն է թվում, քան էլեկտրահաղորդման գծերի մասին սովորական զրույցը։

Ալիևն առաջարկում է Հայաստանով անցկացնել ենթակառուցվածքային միջանցք, որը ներառում է ոչ միայն երկաթուղի և ավտոճանապարհ, այլև էլեկտրահաղորդման գծեր, օպտիկամանրաթելային կապուղիներ, իսկ հեռանկարում՝ նավթագազատարներ։ Այս երթուղին պետք է Ադրբեջանը կապի Նախիջևանի, Թուրքիայի և եվրոպական շուկաների հետ և դառնա ԱՄՆ-ի կողմից աջակցվող TRIPP նախագծի մաս։

Ընդ որում, Ադրբեջանը ձգտում է ոչ միայն էլեկտրաէներգիան Հայաստանով անցկացնել տարանցիկ եղանակով, այլև իրեն դիրքավորել որպես բուն հայկական էներգահամակարգի պոտենցիալ մատակարար։

Հենց այստեղ է առաջանում ամենահետաքրքիր աշխարհաքաղաքական հարցը։

Եթե այսօր Հայաստանի էներգետիկ կապերի նշանակալի մասը պատմականորեն կապված է Ռուսաստանի հետ՝ գազի մատակարարումներից մինչև ատոմային ոլորտում «Ռոսատոմի» մասնակցությունը, ապա Ալիևի առաջարկած մոդելը ստեղծում է լրացուցիչ առանցք՝ Ադրբեջան — Հայաստան — Նախիջևան — Թուրքիա — Եվրոպա, ընդ որում՝ ամերիկյան TRIPP-ի քաղաքական հովանոցի ներքո։

Սա դեռ չի նշանակում, որ մի համակարգն ավտոմատ կերպով կփոխարինի մյուսին։ Սակայն պոտենցիալ առումով նման ենթակառուցվածքն ունակ է նվազեցնել Հայաստանի կախվածությունը մեկ արտաքին ուղղությունից և միաժամանակ ուժեղացնել Ադրբեջանի ու Թուրքիայի դերը Հարավային Կովկասի էներգետիկ ճարտարապետությունում։

Ալիևն օգտագործում է բացված հնարավորությունների «պատուհանը»

Կարելի՞ է արդյոք պնդել, որ ՀԱԷԿ-ի դեմ Ալիևի հարձակումն ուղղված է Ռուսաստանի դեմ։ Նման շարժառիթի ուղղակի ապացույցներ չկան։

Սակայն նրա դատողությունների հետևողականությունը թույլ է տալիս նման վարկածը դիտարկել որպես լիովին հիմնավորված վերլուծական հիպոթեզ։

Սկզբում Ալիևն ասում է, որ Ռուսաստանը չկարողացավ ապահովել տրանսպորտային պայմանավորվածությունների իրականացումը։

Այնուհետև ընդգծում է, որ հենց ԱՄՆ միջամտությունը թույլ տվեց գործարկել TRIPP նոր ձևաչափը։

Դրանից հետո նա կասկածի տակ է դնում Հայաստանի էներգետիկ ինքնուրույնությունը, հարձակվում ՀԱԷԿ-ի վրա և անմիջապես առաջարկում այլընտրանք՝ Ադրբեջանը, Հայաստանը, Թուրքիան և Եվրոպան կապող էներգետիկ երթուղի։

Այս ամենը տեղի է ունենում մի պահի, երբ Մոսկվան ավելի ու ավելի նկատելի տնտեսական և քաղաքական ճնշում է գործադրում Երևանի վրա Հայաստանի եվրոպական կուրսի պատճառով, երբ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները փաստացի սառեցված են, իսկ ԱՄՆ-ն միաժամանակ մտնում է երկրի և՛ տրանսպորտային, և՛ ատոմային օրակարգ։

Նման դասավորվածության պայմաններում Ալիևը, կարծես, փորձում է օգտվել ձևավորված աշխարհաքաղաքական «պատուհանից»՝ Հայաստանին առաջարկել ենթակառուցվածքային մոդել, որն օբյեկտիվորեն նվազեցնում է ռուսական ներկայության բացառիկությունը և միաժամանակ Ադրբեջանին դարձնում ապագա տարածաշրջանային էներգետիկ համակարգի առանցքային մասնակիցներից մեկը։

«ԱՌԿԱ»-ի խմբագրական սյունակ