Рейтинг@Mail.ru
USD
365.88
EUR
422.81
RUB
4.4354
GEL
139.71
2026 թ. օգոստոսի 11, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

Firebird–ը գործարկել է ԱԲ–գործարան Հայաստանում․ միջազգային ԶԼՄ–ներում խոսվում է նախագծի տնտեսության մասին

Այսօր, 11:55
Հրազդանում Firebird ԱԲ–գործարանի գործարկումից հետո նախագծի միջազգային տեխնոլոգիական լուսաբանման մեջ, ենթակառուցվածքի մասշտաբին զուգահեռ, սկսում է ի հայտ գալ ավելի վերլուծական ուղղվածություն
Firebird–ը գործարկել է ԱԲ–գործարան Հայաստանում․ միջազգային ԶԼՄ–ներում խոսվում է նախագծի տնտեսության մասին

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հրազդանում Firebird ԱԲ–գործարանի գործարկումից հետո նախագծի միջազգային տեխնոլոգիական լուսաբանման մեջ, ենթակառուցվածքի մասշտաբին զուգահեռ, սկսում է ի հայտ գալ ավելի վերլուծական ուղղվածություն: Հրապարակումների զգալի մասը նախկինի պես կենտրոնացած է GPU-ների քանակի, օբյեկտի հզորության և որպես ԱԲ-ենթակառուցվածքի զարգացման հարթակ Հայաստանի հեռանկարների վրա: Սակայն առանձին հրատարակություններ արդեն ավելի գործնական հարցեր են բարձրացնում. հաշվարկային հզորությունների որ ծավալն է փաստացի ներդրված, ինչով է ապահովվելու հետագա ընդլայնումը, ովքեր են դառնալու ենթակառուցվածքի հաճախորդները, և որքանով է տնտեսապես իրագործելի նախագծի հայտարարված մասշտաբը:

Ամենաքննադատական վերլուծությունը հրապարակել է TECHi տեխնոլոգիական հրատարակությունը: Այն սկզբունքային տարբերություն է դնում արդեն գործարկված հարթակի և մինչև 2027 թվականի վերջը հայկական ենթակառուցվածքն ավելի քան 70 հազար GPU-ի և 300 ՄՎտ հզորության հասցնելու Firebird-ի պլանների միջև:

TECHi-ի գնահատմամբ՝ նախագծի հետագա մասշտաբավորումը կախված կլինի էլեկտրաէներգիայի և ֆինանսավորման հասանելիությունից, սարքավորումների մատակարարումներից և հաշվարկային ռեսուրսների նկատմամբ իրական առևտրային պահանջարկից:

Հրատարակությունը ուշադրություն է հրավիրում նաև առաջին հերթի հանրայնորեն նշվող պարամետրերի տարբերության վրա: Հունիսյան պաշտոնական նյութերում շրջանառվում էր 18 ՄՎտ հզորությունը, այնինչ Firebird-ի ընթացիկ էջում DC-1 հարթակը՝ 6144 NVIDIA B200 GPU-ով, նշված է որպես 15 ՄՎտ հզորությամբ օբյեկտ: Այն բանի հանրային պարզաբանումը, թե արդյոք այս ցուցանիշները վերաբերում են օբյեկտի հզորության տարբեր բնութագրերին, դեռևս չկա:

TECHi-ն նշում է նաև բաց աղբյուրներում փաստացի կոմերցիոն շահագործման հանձնված GPU-ների քանակի, հաճախորդներին հասանելի հաշվարկային հզորությունների և օբյեկտի ընթացիկ ծանրաբեռնվածության վերաբերյալ ամփոփ տվյալների բացակայությունը:

Առանձնահատուկ ուշադրություն հրատարակությունը դարձնում է նախագծի ֆինանսական կողմին: Հայկական վեց ֆինանսական կազմակերպություններ տրամադրել են 300 մլն դոլարի սինդիկացված ֆինանսավորում: Բացի այդ, Հայաստանի իշխանությունները կնքել են հինգ տարվա համաձայնագիր՝ Firebird-ից 25 մլն դոլարի բարձր արտադրողականությամբ հաշվարկային ռեսուրսներ ձեռք բերելու վերաբերյալ:

Հետագա մասշտաբավորման դեպքում, նշում է TECHi-ն, նշանակություն է ունենալու արդեն ոչ միայն բուն ենթակառուցվածքի առկայությունը, այլև դրա առևտրային ծանրաբեռնվածությունը՝ վճարող հաճախորդների կողմից պայմանագրով ամրագրված հզորությունների ծավալը, էլեկտրաէներգիայի արժեքը և հաշվարկային ռեսուրսների վաճառքի գինը:

The AI Insider-ը Firebird-ը դիտարկում է առաջին հերթին որպես մասշտաբային ենթակառուցվածքային ԱԲ-նախագիծ: Հրատարակությունն առանձնացնում է ընկերության թարմացված պլանը՝ մինչև 2027 թվականի վերջը հայկական հարթակը հասցնել ավելի քան 70 հազար NVIDIA Blackwell և Rubin GPU-ի և 300 ՄՎտ հզորության:

Ընդ որում, հայկական օբյեկտը դիտարկվում է որպես Firebird-ի ավելի լայն միջազգային ռազմավարության մաս: Ընկերությունը զարգացնում է ԱԲ-ենթակառուցվածքը Ղազախստանում, որտեղ նախատեսվում է 125 ՄՎտ հզորություն, և ակնկալում է մինչև 2028 թվականի վերջը ստեղծել շուրջ 2 ԳՎտ-ի գլոբալ ենթակառուցվածքային ցանց:

The AI Insider-ը հայտնում է նաև 2026 թվականին ավելի վաղ CoreWeave-ի կատարած ներդրումից հետո Firebird-ում ներդրում կատարելու NVIDIA-ի մտադրության մասին: NVIDIA-ի ենթադրյալ ներդրման չափն ու պայմանները հրապարակայնորեն չեն բացահայտվել:

Firebird-ի տվյալներով՝ Perplexity-ն կդառնա հայկական ԱԲ–գործարանի առաջին հաճախորդներից մեկը: Ընդ որում, ընկերության կողմից պայմանագրով ամրագրված հաշվարկային ռեսուրսների ծավալի, համաձայնագրի արժեքի և ենթակառուցվածքի փաստացի ծանրաբեռնվածության մասին հանրային տվյալները չեն բացահայտվել:

TahawulTech-ը զարգացնում է առավելապես միջազգային և ենթակառուցվածքային դիտանկյուն: Հրատարակությունը Հայաստանում գործարկված օբյեկտն անվանում է ԱՊՀ տարածաշրջանում խոշորագույն ԱԲ–գործարանը և այն դիտարկում է որպես հիմք՝ բարձր արտադրողականությամբ հաշվարկների, ԱԲ-հետազոտությունների և տեխնոլոգիական նորարարությունների ոլորտում երկրի դերի ամրապնդման համար:

Հարթակը ստեղծվել է NVIDIA DSX AI Factory ռեֆերենսային ճարտարապետության և Dell PowerEdge սերվերների հիման վրա: Նախագծին մասնակցում են նաև Schneider Electric-ը, որը մատակարարել է էներգետիկ ենթակառուցվածքը, և Vertiv-ը, որը մշակել է հովացման ճարտարապետությունը:

TahawulTech-ի տվյալներով՝ հայկական օբյեկտը ստեղծվել է վեց ամսից փոքր-ինչ ավելի ժամանակահատվածում: Firebird-ը նախատեսում է երեք փուլերի շրջանակում այն ընդլայնել մինչև ավելի քան 70 հազար NVIDIA Rubin և Blackwell GPU և 300 ՄՎտ հզորություն մինչև 2027 թվականի վերջը:

Հրատարակությունը գրում է նաև, որ Հրազդանում գործարկումը դարձավ Firebird-ի գլոբալ ԱԲ-ենթակառուցվածքային հարթակի օպերացիոն դեբյուտը: Ընկերությունն արդեն դուրս է եկել Հայաստանի սահմաններից՝ ստանալով Ղազախստանում 125 ՄՎտ ԱԲ-ենթակառուցվածք զարգացնելու հնարավորություն, իսկ մինչև 2028 թվականի վերջը մտադիր է Հայաստանում, Ղազախստանում և այլ շուկաներում իր ենթակառուցվածքի համախառն հզորությունը հասցնել շուրջ 2 ԳՎտ-ի:

Այսպիսով, Firebird-ի շուրջ միջազգային նարատիվի ամբողջական փոփոխության մասին խոսելը դեռևս վաղաժամ է: Հրապարակումների զգալի մասը նախկինի պես կենտրոնացած է նախագծի մասշտաբի, GPU-ների քանակի, տեխնոլոգիական գործընկերների և ընկերության միջազգային էքսպանսիայի վրա:

Սակայն օբյեկտի գործարկումից հետո միջազգային լուսաբանման մեջ հայտնվում է գալիս նաև մեկ այլ վերլուծական հարց. կկարողանա՞ արդյոք հայտարարված տեխնոլոգիական մասշտաբը վերածվել կայուն առևտրային մոդելի:

Նախագծի հետագա զարգացման առանցքային ցուցանիշների թվում են փաստացի շահագործման հանձնված GPU-ների քանակը, իրապես հասանելի էլեկտրական հզորությունը, հաճախորդների կողմից պայմանագրով ամրագրված հաշվարկային ռեսուրսների ծավալը և ընդլայնման հաջորդ փուլերի տնտեսությունը:

Էլեկտրաէներգիայի արժեքի և հուսալիության, ֆինանսավորման, սարքավորումների մատակարարումների և միջազգային պահանջարկի հետ մեկտեղ, հենց այս ցուցանիշների դինամիկան թույլ կտա գնահատել, թե կկարողանա՞ արդյոք Հայաստանը դառնալ ոչ միայն խոշոր ԱԲ-ենթակառուցվածքի տեղակայման հարթակ, այլև հաշվարկային ծառայությունների մատուցման կայուն տարածաշրջանային կենտրոն:

Աղբյուրներ՝ TECHi, The AI Insider, TahawulTech: Օգտագործվել են նաև Firebird-ի, NVIDIA-ի և Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական նյութերը՝ նախագծի պարամետրերի ստուգման համար: