Երևանում երեք կարևորագույն ճանապարհային հանգույցների կառուցում է մեկնարկում
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Երևանում երեք կարևորագույն ճանապարհային հանգույցների կառուցում է մեկնարկում, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Ավինյանը նշել է, որ խոսքը Նորագավթի հատվածի էստակադի, Իսակովի-Արշակունյաց ճանապարհային հանգույցի և Բաբաջանյան-Աշտարակ խճուղու անավարտ հատվածի կառուցման մասին է։
Նորագավթի հատվածի էստակադա
Նախագիծը նախատեսում է տրանսպորտային հանգույցի կառուցում, որը կմիացնի Արտաշատի խճուղին՝ «Հյուսիս–Հարավ» Մ2 միջպետական ճանապարհը, Հ-8 ավտոճանապարհի և Նորագավիթի 1-ին փողոցի հետ։ Անցկացված մրցույթների արդյունքներով նախագծի ներդրումային ծախսերի ընդհանուր ծավալը գնահատվում է մոտ 1,3 միլիարդ դրամ։ Ավելի վաղ քաղաքապետարանից հայտնել էին, որ մրցութային ընթացակարգերն ավարտված են, և որոշված են շինարարական աշխատանքների իրականացման ու տեխնիկական հսկողության ընկերությունները։ 2026 թվականին շինարարությունը սկսելու համար պահանջվում էր մինչև 400 միլիոն դրամի ֆինանսավորում։
Իսակովի-Արշակունյաց ճանապարհային հանգույց
Նախագիծն իրականացվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) մասնակցությամբ Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում: Այն նախատեսում է Իսակովի և Արշակունյաց պողոտաներիմիջև ճանապարհի, Հրազդան գետի վրայով 269 մետրանոց երկաթբետոնե կամրջի կառուցում, ինչպես նաև Կոմիտասի անվան զբոսայգուն հարող տարածքի վերակառուցում և կանաչապատում: Նոր ճանապարհը պետք է ապահովի ուղիղ տրանսպորտային կապ Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանների միջև և նպաստի տրանսպորտային հոսքերի վերաբաշխմանը: Մայիսին քաղաքապետարանից հայտնել էին, որ ծրագրով բոլոր մրցույթներն ավարտված են, և պայմանագրերը՝ կնքված: Այն ժամանակ հաղորդվում էր նաև, որ ծրագրի շրջանակում կներգրավվի $80 մլն, ներառյալ կառավարության համաֆինանսավորումը:
Բաբաջանյան-Աշտարակ խճուղու հատված
Խոսքը Բաբաջանյան փողոց–Աշտարակի խճուղի 5,8 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածի՝ նախկինում սկսված շինարարության ավարտման մասին է: Անավարտ են մնում հիմնական ճանապարհի 270 մետրը և 110 մետրանոց հատվածը: Շինարարության գոտում անշարժ գույքի օտարման հետ կապված դատական վեճերի պատճառով աշխատանքներն ավելի վաղ ամբողջությամբ չէին իրականացվել: Դատական սահմանափակումների հանումից հետո անհրաժեշտություն է առաջացել վերանայել և կրկնակի փորձաքննության ենթարկել 2015–2016 թվականներին մշակված և հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերը: 2026 թվականի ապրիլին իշխանությունները հայտարարում էին շինարարությունը առավելագույնս սեղմ ժամկետներում ավարտելու մտադրության մասին: