Рейтинг@Mail.ru
USD
363.85
EUR
422.87
RUB
4.2067
GEL
139.19
2026 թ. սեպտեմբերի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+30

Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. Փաշինյան

Այսօր, 18:15
Վարչապետն ընդգծեց, որ այսօր Հայաստանում վարելահողերի, այգիների և տնկարկների միայն փոքր մասն ունի ոռոգման հասանելիություն
Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանում պետք է ձևավորել ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ջրային ոլորտի մասին խոսելիս մենք պետք է մի քանի արձանագրումներ անենք։ Այսօր ՀՀ-ում չկա գեթ մեկ բնակավայր, որը խմելու ջրի հետ կապված էական և շոշափելի խնդիրներ չունի։ Այսօր ՀՀ-ում չկա գեթ մեկ բնակավայր, որը ոռոգման ջրի հետ կապված էական և շոշափելի խնդիրներ չունի», - ասաց Փաշինյանը Դիլիջանում ընթացող «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031» թեմայով աշխատաժողովում իր ելույթի ժամանակ։

Վարչապետն ընդգծեց, որ այսօր Հայաստանում վարելահողերի, այգիների և տնկարկների միայն փոքր մասն ունի ոռոգման հասանելիություն։

Նրա խոսքով՝ վարելահողերի մեծ մասն ընդհանրապես ոռոգման հասանելիություն չունի, իսկ այն հատվածներում, որտեղ ոռոգում կա, առանձին անդրադարձի թեմա են ոռոգման տեխնոլոգիաներն ու որակը։

«Եթե 21-րդ դարի չափանիշներով նայենք՝ այն ջրաքանակը, որ անհրաժեշտ է տասնյակ հեկտարներով այգիներ ոռոգելու համար, այդ ջրաքանակը մենք օգտագործում ենք մի քանի հեկտար այգի ոռոգելու համար։ Սա է պրոբլեմի հաջորդ կարևորագույն հատվածը», - նշեց Փաշինյանը։

Հաջորդ խնդիրը, ըստ վարչապետի, հանրապետությունում հազարավոր հեկտարներով ամայի հողատարածքներն են, որտեղ ակնհայտորեն կարող են լինել հազարավոր հեկտարներով այգիներ, և հնարավոր կլինի ստանալ տասնյակ հազարավոր տոննաներով բերք։

«Հաջորդ գլոբալ պրոբլեմը, որի հետ մենք առնչվում ենք, օգտագործված ջրի մաքրումը ոչ թե կանոն է, այլ՝ կանոնից հիմնականում բացառություն, և ակնհայտ է նաև, որ ջրի օգտագործման այսպիսի որակը որևէ կերպ չի կարող ընդունելի լինել, որովհետև այն իր հետ ակնհայտորեն բերում է հետևանքներ», - նշեց նա։

Ըստ վարչապետի՝ հաջորդ արձանագրումն այն է, որ երկրում ձևավորվում է ավելի քան անհրաժեշտ ջրային ռեսուրս։

«Այսօրվա քննարկման առանցքային խնդիրներից մեկը հետևյալն է, թե ինչպես, ինչ ճանապարհային քարտեզով մենք կարող ենք այսօրվա արձանագրված կետից հասնել այն տեղը, երբ ջուրը հասանելի լինի ՀՀ այն բոլոր հատվածներում, որտեղ նրա հասանելիությունն անհրաժեշտ է։ Խոսքը բնակավայրերի մասին է և խմելու ջրի հասանելիության լիարժեք և շուրջօրյա ռեժիմն ապահովելու մասին է», - նշել է Փաշինյանը։

Նա նաև ընդգծել է ոռոգման ջրի հասանելիության անհրաժեշտությունը բոլոր բնակավայրերում, ինչը, ըստ վարչապետի, քաղաքային կյանքի և բնակավայրերի կյանքի կազմակերպման շատ էական հատված է։

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է ձգտի և հասնի մի կետի, երբ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն։

Ըստ վարչապետի՝ բնապահպանական և առողջապահական բազմաթիվ խնդիրները կապված են այն երևույթի հետ, որ ՀՀ-ում օգտագործված ջրի մաքրումը կանոն չէ, այլ ավելի շատ բացառություն է կանոնից։

«Երրորդ գլոբալ խնդիրը, որ մենք պետք է քննարկենք, հետևյալն է՝ ՀՀ-ում ձևավորվող ջրային պաշարները ինչպե՞ս կուտակել, և ո՞րն է կուտակման առավել արդյունավետ ձևը», - ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ 21-րդ դարում ջրի ցանկացած տեղաշարժ փորձ է արվում օգտագործել, այդ թվում՝ էներգետիկ նպատակով, քանի որ ջուրը նաև էներգետիկ մեծ պոտենցիալ ունի։