Հայաստանը և ԱՄԷ-ն քննարկում են հայկական ապրանքների արտահանման ընթացակարգերի դյուրացումը
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայում ընթացող Ամենամյա ներդրումային 15-րդ համաժողովի շրջանակում հանդիպել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զայուդիի հետ։
Ինչպես հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ու նոր հնարավորությունների ձևավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Արտահանման աշխարհագրության դիվերսիֆիկացման համատեքստում հատուկ կարևորվել է հայ արտահանողների համար էմիրաթական շուկա մուտք գործելու գործընթացի դյուրացումը։
Գևորգ Պապոյանն առաջարկել է ԱՄԷ համապատասխան մարմինների հետ ձևավորել գործնական կապի արդյունավետ մեխանիզմ, ինչը հայկական ընկերություններին թույլ կտա ավելի լավ հասկանալ տեղական շուկայի պահանջները, գործող ստանդարտներն ու սերտիֆիկացման ընթացակարգերը։
Բացի այդ, ՀՀ էկոնոմիկայի նախարարն առաջարկել է կազմակերպել ԱՄԷ գործարար շրջանակների այցեր Հայաստան՝ տեղական արտադրական հնարավորություններին ծանոթանալու, B2B ձևաչափով հանդիպումներ անցկացնելու և փորձնական մատակարարումներից դեպի երկարաժամկետ պայմանագրերի անցնելու նպատակով։
Զրուցակիցները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Բանակցություններին մասնակցել են նաև ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Վարդգես Հովսեփյանը, Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոս Արտակ Ավետիսյանը և ԱՄԷ-ում ՀՀ դեսպանի տնտեսական հարցերով խորհրդական Հայկ Մխիթարյանը։