Рейтинг@Mail.ru
USD
366.54
EUR
416.39
RUB
4.661
GEL
139.6
2026 թ. հուլիսի 29, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

Թորոսյանը հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վերանվանման նախաձեռնության մասին

23.06.2026, 21:08
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կվերանվանվի
Թորոսյանը հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վերանվանման նախաձեռնության մասին

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի․/ԱՌԿԱ/․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր նախարարության և Միասնական սոցիալական ծառայության աշխատակազմի մասնակցությամբ անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություն, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նախարար Թորոսյանն անդրադարձել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի կիսամյակային առաջնահերթություններին, գնահատել իրականացվող աշխատանքների ընթացքը և նախանշել առաջիկա անելիքները։ 

Նախարարը կարևորել է սոցիալական ծառայությունների թվայնացման գործընթացի արդյունավետ իրականացումը՝ շեշտադրելով քաղաքացիների դիմումների ընդունման, մշակման ու սպասարկման առավել պարզ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ներկայացվել է նաև ԱՍՀ նախարարությունում ներդրված «Spark.work» նորարարական հարթակի կիրառման ընթացքը, ինչպես նաև վերջինիս գործառույթների ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ 

Խորհրդակցության ընթացքում նախարար Թորոսյանը խոսել է նաև ԱՍՀ նախարարության վերանվանման նախաձեռնության մասին։ Նախարարը նշել է, որ գաղափար կա առաջիկայում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանվանել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն, իսկ Միասնական սոցիալական ծառայության գործառույթներում հետագայում ևս կլինեն փոփոխություններ։