Рейтинг@Mail.ru
USD
366.54
EUR
416.39
RUB
4.661
GEL
139.6
2026 թ. հուլիսի 28, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+35

Օգոստոսի 1–ից խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ․ սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է

Այսօր, 16:28
Օգոստոսի 1–ից սննդի առաքում իրականացնողների սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է․ կսահմանվի խիստ վերահսկողություն
Օգոստոսի 1–ից խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ․ սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Դեռևս տարեսկզբին, նկատի ունենալով հանրության կողմից սննդամթերքի առաքման ծառայություններից ավելի հաճախ օգտվելու հանգամանքը, ինչպես նաև արձագանքելով քաղաքացիներից ստացվող բողոքների ու ահազանգերի մտահոգիչ քանակին, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացրել է առաքում իրականացնող կազմակերպություններին, որ սկսելու է լայնածավալ վերահսկողություն այս դաշտում: 

Հստակեցվել էր, որ առաքում իրականացնող անձանց նախնական ու պարբերական բժշկական զննության ենթարկված չլինելու և սանիտարական (բժշկական) գրքույկի բացակայության դեպքում վերջիններս կկրեն վարչական պատասխանատվություն. նրանց գործատուի պարտականությունն է ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցների բժշկական զննության ենթարկվելը: 

Տեսչական մարմնից նշում են, որ առաքում իրականացնող գործընկեր-կազմակերպությունների հետ կազմակերպված հանդիպման ընթացքում նրանք խնդրեցին տրամադրել ժամկետ իրենց առաքիչների (2-3 հազար) համար բուժզննության և սանիտարական (բժշկական) գրքույկի ձեռքբերման ամբողջական գործընթացն ավարտելու համար: 

«Ընդառաջելով խնդրանքին՝ տեսչական մարմնի կողմից սահմանվեց ողջամիտ ժամկետ: 2026թ.–ի օգոստոսի 1-ից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ամբողջ ծավալով կիրացնի իրեն վերապահված վերահսկողական գործառույթը առաքում իրականացնողների նկատմամբ», – նշում են գերատեսչությունից։ 

Տվյալ դեպքում կհրապարակվեն ոչ միայն խախտումները, այլև այն գործընկեր-կազմակերպությունների անունները, որոնք բարեխղճորեն կատարած կլինեն օրենքի պահանջը: 

Ծանուցում. սննդի շղթայի ցանկացած փուլում (արտադրության, մշակման, վերամշակման, բաշխման, պահման, պահպանման, փոխադրման, ներմուծման, արտահանման և իրացման) ներգրավված անձնակազմը պետք է ենթարկվի նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական (յուրաքանչյուր կիսամյակ) բժշկական զննությունների և ունենա անձնական սանիտարական (բժշկական) գրքույկ։