Рейтинг@Mail.ru
USD
366.68
EUR
418.75
RUB
4.6568
GEL
139.5
2026 թ. հուլիսի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

Բիզնես–վերլուծաբանը նշել է ՀՀ–ում պետական կառավարման համակարգի գլխավոր խնդիրն ու համեմատ Ադրբեջանի և Վրաստանի հետ

Այսօր, 17:43
Պետական կառավարման որակի ընդհանուր վարկանիշում Հայաստանը 133 երկրների շարքում զբաղեցնում է 64-րդ տեղը, սակայն շատ ավելի խոսուն է երկու ցուցանիշների միջև եղած կտրուկ հակադրությունը
Բիզնես–վերլուծաբանը նշել է ՀՀ–ում պետական կառավարման համակարգի գլխավոր խնդիրն ու համեմատ Ադրբեջանի և Վրաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի հիմնական խնդիրներից մեկը ոչ այնքան տվյալների պակասն է, որքան դրանք երկարաժամկետ տեսլականի, համակարգված քաղաքականության և իրագործելի որոշումների վերածելու կարողությունը։ Նման կարծիք է հայտնել «Ամերիա» կառավարման խորհրդատվության ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը՝ մեկնաբանելով Chandler Good Government Index 2026-ի արդյունքները։

Նրա խոսքով՝ պետական կառավարման որակի ընդհանուր վարկանիշում Հայաստանը 133 երկրների շարքում զբաղեցնում է 64-րդ տեղը, սակայն շատ ավելի խոսուն է երկու ցուցանիշների միջև եղած կտրուկ հակադրությունը։

«Տվյալների հավաքագրման և օգտագործման կարողությամբ Հայաստանը 45-րդ տեղում է, մինչդեռ երկարաժամկետ տեսլականի ցուցանիշով՝ ընդամենը 112-րդ։  Այսինքն՝ տվյալների հետ աշխատելու առումով Հայաստանը համեմատաբար լավ դիրքում է, բայց այդ տվյալները երկարաժամկետ նպատակների, ռազմավարական առաջնահերթությունների և զարգացման հստակ ուղղության վերածելու կարողությամբ՝ շատ ավելի ցածր»,– նշել է Ջրբաշյանը։

Նրա խոսքով՝ տվյալներ ունենալը դեռ չի նշանակում հասկանալ, թե ուր պետք է գնալ և ինչպես հասնել այնտեղ։

Տարածաշրջանային համեմատությունն այս հակադրությունն ավելի տեսանելի է դարձնում։ 2026 թվականի ընդհանուր վարկանիշում Վրաստանը 43-րդն է, Ադրբեջանը՝ 57-րդը, իսկ Հայաստանը՝ 64-րդը։

Տվյալների հավաքագրման և օգտագործման կարողությամբ Վրաստանը զբաղեցնում է 44-րդ տեղը, Հայաստանը՝ 45-րդը, իսկ Ադրբեջանը՝ 82-րդը։ Սակայն երկարաժամկետ տեսլականի ցուցանիշով Ադրբեջանը 5-րդ տեղում է, Վրաստանը՝ 32-րդ, իսկ Հայաստանը՝ 112-րդ։

Բացի այդ, պետական քաղաքականությունների իրականացման ցուցանիշով Հայաստանն ու Ադրբեջանը կիսում են 68–րդ տեղը՝ զիջելով Վրաստանին, որը զբաղեցնում է 37–րդ տեղը։ Պետական մարմինների միջև համակարգման ցուցանիշով Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են 75–րդ տեղում, Վրաստանը՝ 24–րդ, բյուրոկրատական որակի ցուցանիշով Հայաստանն ու Ադրբեջանը զբաղեցնում են 104–րդ տեղը, մինչդեռ Վրաստանը 25–րդն է։

Ջրբաշյանի կարծիքով, այս համեմատությունը ցույց է տալիս, որ Հայաստանի խնդիրը միայն տվյալների կամ ժամանակակից տեխնոլոգիական գործիքների պակասը չէ։ Մենք կարող ենք ունենալ տեղեկատվություն և այն մշակելու կարողություն, բայց եթե չկան երկարաժամկետ տեսլական, հստակ ռազմավարական նպատակներ, պետական մարմինների միջև արդյունավետ համակարգում և որոշումները կյանքի կոչելու կարողություն, այդ ամենն ինքնաբերաբար չի վերածվում լավ պետական քաղաքականության։

Միաժամանակ Ջրբաշյանը նշել է, որ երկարաժամկետ տեսլականի ցուցանիշով Ադրբեջանի 5-րդ տեղը պետք է զգուշությամբ մեկնաբանել։

Նրա խոսքով՝ նման բարձր արդյունքը մասամբ կարող է բացատրվել կառավարման խիստ կենտրոնացված համակարգով, որտեղ հնարավոր է երկար ժամանակ պահպանել նույն առաջնահերթությունները, արագ կենտրոնացնել ռեսուրսները և ավելի քիչ կախված լինել քաղաքական համաձայնեցումներից կամ ընտրական ցիկլերից։

«Սակայն երկարաժամկետ ուղղություն ունենալը դեռ չի նշանակում, որ այդ ուղղությունը ճիշտ է, ձևավորվել է հանրային լայն քննարկման արդյունքում կամ համապատասխանում է հասարակության բոլոր խմբերի շահերին։ Պատահական չէ, որ նույն ինդեքսում Ադրբեջանը էթիկական առաջնորդության ցուցանիշով ընդամենը 123-րդ տեղում է»,– նշել է Ջրբաշյանը։

Նա ընդգծեց, որ պետական որոշման որակը նույնպես չի կարելի գնահատել միայն նրանով, թե որքան արագ է այն ընդունվել, ինչ կարճաժամկետ արդյունք է տվել կամ ինչ հանրային արձագանք է ստացել։ Ավելի կարևոր է հասկանալ՝ ճիշտ է արդյոք ձևակերպված խնդիրը, դիտարկվել են արդյոք իրատեսական այլընտրանքները, գնահատվել են հնարավոր և երկարաժամկետ հետևանքները, իրագործելի է արդյոք ընտրված լուծումը և որքանով է այն համապատասխանում երկրի ռազմավարական նպատակներին։

Ջրբաշյանի խոսքով՝ Chandler Good Government Index վարկանիշը չի գնահատում որևէ առանձին պետական որոշում և վերջնական դատավճիռ չէ։ Սակայն այն բավական հստակ ազդակ է տալիս, որ Հայաստանի հիմնական խնդիրներից մեկը ոչ այնքան տվյալների պակասն է, որքան դրանք երկարաժամկետ տեսլականի, համակարգված քաղաքականության և իրագործելի որոշումների վերածելու կարողությունը։

Նա հավելել է, որ արհեստական բանականության և տվյալների վերլուծության նոր գործիքները կարող են այս աշխատանքը դարձնել շատ ավելի արագ և արդյունավետ։

«Բայց տեխնոլոգիան կարող է օգնել ռազմավարական մտածողությանը, ոչ թե փոխարինել դրա բացակայությունը»,– եզրափակել է Ջրբաշյանը։