Рейтинг@Mail.ru
USD
366.54
EUR
416.39
RUB
4.661
GEL
139.6
2026 թ. հուլիսի 28, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+33

ՀՀ–ի առաջին Hyatt Regency–ն կբացվի Դիլիջանում․ Green Rock–ն ու Hyatt Hotels Corporation–ը համաձայնագիր են ստորագրել

Այսօր, 17:41
Green Rock-ը և Hyatt Hotels Corporation-ը ստորագրեցին համաձայնագիր Հայաստանում միջազգային բարձրակարգ Hyatt Regency Dilijan հյուրանոցային բրենդի մուտքի վերաբերյալ
ՀՀ–ի առաջին Hyatt Regency–ն կբացվի Դիլիջանում․ Green Rock–ն ու Hyatt Hotels Corporation–ը համաձայնագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Green Rock-ը և Hyatt Hotels Corporation-ը ստորագրեցին համաձայնագիր Հայաստանում միջազգային բարձրակարգ Hyatt Regency Dilijan հյուրանոցային բրենդի մուտքի վերաբերյալ։ Այն կլինի Hyatt Regency բրենդի առաջին հյուրանոցը Հայաստանում և կկառուցվի Դիլիջանում։

Հուլիսի 25-ին տեղի ունեցավ համաձայնագրի ստորագրման և ապագա հյուրանոցի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչները՝ ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, Տավուշի փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը, Գրին Ռոքի Հիմնադիր Մարետա Գևորկյանը, Գրին Ռոքի ռազմավարական խորհրդական Վազգեն Գևորկյանը, ինչպես նաև Hyatt-ի, Green Rock-ի և RM Engineering-ի ներկայացուցիչները։

Hyatt Regency Dilijan-ը կդառնա Green Rock-ի մուլտիֆունկցիոնալ համալիրի մի մասը և տարածաշրջանի առանցքային նախագծերից մեկը։ Լայնածավալ նախագիծն ուղղված է Դիլիջանի զարգացմանը՝ որպես գրավիչ զբոսաշրջային, գործարար և մշակութային ուղղության, որը ողջ տարվա ընթացքում բաց կլինի հյուրերի համար։

Green Rock Green Rock Հիմնարկեքի արարողություն.jpg

Համալիրում կգործեն ռեստորաններ և բարեր, առևտրային տարածքներ, ընտանեկան ժամանցի կենտրոններ, երկու կինոթատրոն, առողջարանային և SPA կենտրոն՝ ֆիթնես ակումբով և բացօթյա լողավազանով։

Հյուրանոցը կունենա 205 համար, ինչպես նաև ժամանակակից կոնֆերանսային կենտրոն, որը նախատեսված կլինի ավելի քան 550 հյուր ընդունելու համար։ Ապագա հյուրանոցի կարևոր առանձնահատկություններից մեկը կլինի նաև տանիքում տեղակայված ուղղաթիռների վայրէջքի հարթակը, որը ոչ միայն կբարձրացնի հյուրանոցի հասանելիությունը, այլև կնպաստի միջազգային հյուրերի ներգրավմանը և միջազգային շուկաների հետ կապերի ամրապնդմանը։

Green Rock Management Group-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան նշեց, որ Hyatt Hotels Corporation-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ է Green Rock-ի և Դիլիջանի զարգացման համար։

«Մենք ուրախ ենք ներկայացնել Hyatt Regency բրենդը Դիլիջանում։ Սա կարևոր և խորհրդանշական փուլ է թե՛ Green Rock-ի, թե՛ Հայաստանի համար։ Hyatt-ի հետ միասին մենք ձգտում ենք ստեղծել ոչ պարզապես հյուրանոց, այլ լիարժեք ուղղություն, որը ողջ տարվա ընթացքում կգրավի հյուրերի և կնպաստի զբոսաշրջության, մշակույթի և տեղական համայնքի զարգացմանը»։

Երևանից մոտ մեկուկես ժամ և Թբիլիսիից մոտ երեք ժամ ճանապարհի վրա գտնվող Դիլիջանը գրավիչ ուղղություն է ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա հյուրերի համար՝ ունենալով զբոսաշրջության և գործարար միջոցառումների հետագա զարգացման զգալի ներուժ։

Hyatt-ի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանի զարգացման գծով փոխնախագահ Լյուդվիգ Բոլդուկյանը ընդգծեց Դիլիջանի երկարաժամկետ նշանակալի ներուժը՝ որպես ապագայի ամենահեռանկարային զբոսաշրջային ուղղություններից մեկի։

«Մենք ուրախ ենք Green Rock-ի հետ համագործակցության շնորհիվ ներկայացնել Hyatt Regency բրենդը Հայաստանում։ Դիլիջանն ունի երկարաժամկետ զարգացման մեծ ներուժ, իսկ Hyatt Regency-ն՝ որպես ամբողջական ծառայությունների պրեմիում բրենդ, լիովին համապատասխանում է քաղաքի զարգացման տեսլականին՝ որպես հանգստի, գործարար հանդիպումների և միջազգային միջոցառումների առաջատար ուղղության»։

Նախագծի տնտեսական ազդեցությունը

Green Rock Մարետա Գեւորկյան.JPG

Նախագծի կարևոր բաղադրիչներից մեկը դրա տնտեսական ազդեցությունն է։

Hyatt Regency Dilijan հյուրանոցի գործարկումը հնարավորություն կտա ստեղծել ավելի քան 400 նոր աշխատատեղ հյուրընկալության, ռեստորանային բիզնեսի, առողջարանային ծառայությունների, միջոցառումների կազմակերպման, ինժեներական և հյուրանոցային կառավարման ոլորտներում։

Ընդհանուր առմամբ Green Rock-ի՝ Դիլիջանում իրականացվող զարգացման ծրագրերի շրջանակում նախատեսվում է ստեղծել ավելի քան 800 նոր աշխատատեղ, ինչը նշանակալի ներդրում կլինի տարածաշրջանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման գործում։

Hyatt Regency-ի մասին

Hyatt Regency-ն Hyatt-ի առաջատար պրեմիում հյուրանոցային բրենդներից է, որը ներկայացված է աշխարհի ավելի քան 50 երկրում և ներառում է ավելի քան 245 հյուրանոց։

Հայաստանի համար այս համագործակցությունը կարևոր քայլ է միջազգային առաջատար հյուրանոցային օպերատորների ներգրավման, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման և երկրի միջազգային ճանաչելիության բարձրացման ուղղությամբ։

Green Rock-ի մասին

Green Rock Վազգեն Գեւորկյան.JPG

Green Rock-ը զարգացման ընկերություն է, որն իրականացնում է նախագծեր Դիլիջանում՝ անշարժ գույքի, զբոսաշրջության, հյուրընկալության, մշակույթի, կրթության և հանրային ենթակառուցվածքների ոլորտներում։

Green Rock-ի ներդրումային պորտֆելը կազմում է 160 միլիոն ԱՄՆ դոլար, որից ավելի քան 30 միլիոն ԱՄՆ դոլարն արդեն ներդրվել է։ Ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է չորս ռազմավարական ուղղություններով՝ Development, Operations, Investments և Foundation։

Ընկերության պորտֆելում ընդգրկված են ավելի քան 15 բիզնես նախագիծ և ավելի քան 10 սոցիալական նախաձեռնություն, որոնք ներառում են հայեցակարգերի մշակում, շինարարություն, օպերացիոն կառավարում, ներդրումային գործունեություն և տեղական համայնքների զարգացման ծրագրեր։

Իր նախագծերի իրականացման ընթացքում Green Rock-ը կիրառում է նախագծման և շինարարության միջազգային մոտեցումներ, այդ թվում՝ EDGE կայուն շինարարության ստանդարտը, FIDIC պայմանագրային կառավարման սկզբունքները և բրիտանական շինարարական ստանդարտները։