Рейтинг@Mail.ru
USD
366.2
EUR
421.13
RUB
4.6065
GEL
139.52
2026 թ. հուլիսի 31, ուրբաթ
եղանակը
Երևանում
+24

Կառավարությունը, մեծ հաշվով, լուծել է բերքի իրացման խնդիրը․ Պապոյան

Այսօր, 22:07
Նախարարն առանձին անդրադարձել է լոլիկի իրացմանը
Կառավարությունը, մեծ հաշվով, լուծել է բերքի իրացման խնդիրը․ Պապոյան

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հայկական պտուղ-բանջարեղենային արտադրանքը տարբեր ծրագրերի շրջանակում արտահանվում է ավելի քան 25 երկիր, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Անդրադառնալով բերքի իրացման հետ կապված իրավիճակին՝ նախարարը ճեպազրույցում նշել է, որ կառավարությունը, մեծ հաշվով, լուծել է խնդիրը։

Նրա խոսքով՝ այս տարի ծիրանի բերքի հետ կապված դժվարությունները պայմանավորված են եղել ոչ թե արտադրանքի իրացմամբ, այլ բնական պայմաններով, որոնց հետևանքով վնասվել է բերքը։

«Որքան գիտեմ՝ ծիրանը գետնին չի թափվել», — ասել է Պապոյանը։

Նախարարն առանձին անդրադարձել է լոլիկի իրացմանը։ Նրա խոսքով՝ արտադրանքը մթերվում է վերամշակող ձեռնարկությունների կողմից, վաճառվում ներքին շուկայում և արտահանվում։

Պապոյանը հայտնել է, որ հայկական չորս գործարան պատրաստակամություն է հայտնել մթերել դաշտերում և ջերմոցներում աճեցված՝ վերամշակման ենթակա լոլիկի ամբողջ ծավալը։

«Ոչ մի կիլոգրամ լոլիկ դաշտերում չի մնա։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս մեկ կիլոգրամ լոլիկ դաշտում չի մնա», — հայտարարել է նախարարը։

Նա դա կապել է կառավարության որոշման հետ, որով վեց ամսով սահմանափակում է սահմանվել Հայաստան տոմատի մածուկի ներմուծման նկատմամբ, ինչպես նաև լոլիկի և դրանից արտադրված հյութերի արտահանման աջակցության միջոցառումների հետ։

Պապոյանի խոսքով՝ կառավարությունը մտադիր է աջակցություն տրամադրել հյութերի արտահանմամբ զբաղվող տնտեսավարողներին։

Նախարարը համոզմունք է հայտնել, որ իրականացվող քաղաքականության շնորհիվ հնարավոր կլինի խուսափել այնպիսի իրավիճակից, երբ մեծ ծավալի լոլիկ, ծիրան կամ դեղձ մնում է չիրացված։

Դեպի ՌԴ հայկական արտադրանքի մատակարարումների սահմանափակումների մասին 

Ռուսաստանը մայիսի վերջից փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցնում Հայաստանից մի շարք ապրանքատեսակների մատակարարումների վրա՝ դա բացատրելով ֆիտոսանիտարական պահանջների խախտումներով:

Սահմանափակումների տակ են հայտնվել ծաղկային արտադրանքը, հանքային ջուրը և ալկոհոլային արտադրանքի որոշ տեսակներ, բանջարեղենը, միրգը, հատապտուղները, խաղողը, կարտոֆիլը, չորացրած մրգերը, ավելի ուշ՝ կենդանի ձուկն ու ձկնամթերքը, իսկ հուլիսի 27-ից՝ կաթնամթերքը:

Սահմանափակումները ներառում են նաև Ռուսաստանի տարածքով հայկական ծագման արտադրանքի տարանցման արգելքը դեպի ԵԱՏՄ այլ երկրներ: