Կառավարությունը որոշում է կայացրել հաստատել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ.ծրագրերը:
Ծրագրերը զեկուցեց և ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Այս նախագծով առաջարկվում է հաստատել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության 2020-2023թթ.-ի ծրագիրը, համաձայն հավելվածի և 2-ամսյա ժամկետում նաև ապահովել ԿԲ-ի հետ համագործակցությամբ մշակել ծրագրի իրականացման պայմանագրի օրինակելի ձևը, ինչպես նաև ծրագրի ապահովումը»,- նշել է Բաթոյանը:
Հետո նա ներկայացրել է նոր ծրագրի նպատակներն ու խնդիրը.
1)աջակցել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով ընտանիքների կայուն զարգացման համար,
2)խթանել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը մարզային բնակավայրերում,
3)երեխայի ծննդյան դեպքում վարկային բեռը թեթևացնելու միջոցով հնարավորություն ընձեռնել շահառուներին համատեղել հիփոթեկային վարկի մարումը և երեխայի խնամքը՝ խթանելով ծնելիությունը հիփոթեկային վարկ մարող ընտանիքներում։
Ինչպես նշել է Բաթոյանը, նպատակային ծրագրերը 3-ն են.
-
միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար (այսուհետ՝ միանվագ դրամական աջակցության ծրագիր),
-
կանխավճարի (հիփոթեկային պարտավորության) ապահովագրության համար դրամական աջակցություն երիտասարդ ընտանիքներին (այսուհետ՝ կանխավճարի ապահովագրության ծրագիր),
-
երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեկային վարկ մարող ընտանիքներին (այսուհետ՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագիր)։
Ինչպես նշվում է ծրագրի նախագծում, միանվագ դրամական աջակցությունը տրամադրում է մարզային բնակավայրերում հիփոթեկային վարկով բնակարան ձեռք բերող շահառուին և ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը։ Անձը, որպես շահառու, միանվագ դրամական աջակցության ծրագրից կարող է օգտվել մեկ անգամ։ Մեկ բնակարանի ձեռքբերման շրջանակներում (մեկ հիփոթեկային վարկիշրջանակներում) միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է մեկ շահառուի։
Միանվագ դրամական աջակցության ծրագրի հիմնական պայմաններն են.
-
բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվում 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո,
-
անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը՝ 30 մլն. դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն. դրամով,
-
կատարվող կանխավճարի նվազագույն չափ (առանց ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցության)՝ երկրորդային շուկայիցձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 %և առաջնային շուկայից ձեռքբերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 7,5 %,
-
շահառուն ունի առնվազն 2 անչափահաս երեխաներ,
-
ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքըգրանցվում է շահառուի, նրա ամուսնու (եթե առկա է գրանցված ամուսնություն) և անչափահաս բոլոր երեխաների անունով,
-
հիփոթեկային վարկի գործողության ընթացքում բնակարանը օտարելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման պետությանը։
2-րդ՝ կանխավճարի ապահովագրության ծրագրի հիմնական պայմաններն են.
-
բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվում 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո,
-
անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը՝ 30 մլն. դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն. դրամով,
-
կատարվող կանխավճարի նվազագույն չափ (առանց պետական աջակցության ծրագրերի շրջանակներում տրամադրվող աջակցության)՝ երկրորդային շուկայիցձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 % և առաջնային շուկայից ձեռքբերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 7,5 %,
-
շահառուի խնամքին առկա է առնվազն 1 անչափահաս երեխա,
Կանխավճարի ապահովագրության ծրագրով տարեկան ապահովագրական վճարները վճարելու համար տրամադրվող դրամական աջակցության շրջանակներում ապահովագրվող (ապահովագրված) հիփոթեքային պարտավորության չափը կազմում է.
-
երկրորդային շուկայից ձեռքբերվող բնակելի անշարժ գույքի արժեքի 30 տոկոսի և կատարված կանխավճարի տարբերության, բայց ոչ ավելի քան վեց միլիոն դրամի չափով,
-
առաջնային շուկայից ձեռքբերվող բնակելի անշարժ գույքի արժեքի 20 տոկոսի և կատարված կանխավճարի տարբերության, բայց ոչ ավելի քան երեք միլիոն դրամի չափով։
Կանխավճարի ապահովագրության ծրագրով տրվող դրամական աջակցության չափը սահմանվում է համապատասխան պայմանագրով սահմանված տարեկան ապահովագրական վճարի 90 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան տարեկան 180 հազ. դրամը։
Հաջորդ՝ 3-րդ ծրագիրը երեխայի ծննդյան աջակցության ծրագիրն է, որի հիմնական պայմաններն են.
-
երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո,
-
անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը՝ 30 մլն. դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն. դրամով,
-
շահառուն առնվազն 12 ամիս կատարել է հիփոթեկային վարկի մարումներ և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիփոթեկային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30օրացույցային օրը,
-
հիփոթեկային վարկի գործողության ընթացքում բնակարանը օտարելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման պետությանը։