Կկարգավորվեն առողջապահության և կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման ընթացակարգերը

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ-ում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգին զուգահեռ ներդրված՝ առողջապահության և կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման ընթացակարգերի հետ կապված որոշ հարաբերությունների կարգավորման նպատակով:
Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ 2024 թ. հունվարի 1-ից մինչև 2025 թ. հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված սոցիալական ծախսերը հայտարարատուին փոխհատուցվում են նաև այն դեպքերում, երբ սոցիալական ծախսերի դիմաց փաստացի վճարումը կատարվել է այլ անձի կողմից, սակայն հայտարարատուի միջոցներով:
Անցումային ժամանակահատվածի ավարտից հետո սոցիալական ծախսի փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե սոցիալական ծախսը անմիջականորեն կատարվել է հայտարարատու ֆիզիկական անձի կողմից:
Համայնքների պատվերով համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող կրթական ծառայությունների մասով հաշվարկային փաստաթղթերը կարող են համայնքների անունից դուրս գրել համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները:
Եթե առողջության ապահովագրության փաթեթի պայմանագիրը կնքվել է գործատուի կողմից, սակայն ամբողջությամբ հայտարարատու հանդիսացող ֆիզիկական անձի հաշվին և անունից, ապա սոցիալական ծախսի փոխհատուցման իրավունքը ծագում է հայտարարատու հանդիսացող ֆիզիկական անձի մոտ, և այդ դեպքում ապահովագրական փաթեթի մասով հաշվարկային փաստաթուղթը ապահովագրական ընկերության կողմից դուրս է գրվում ապահովադիր անձի անունով՝ որպես սոցիալական ծախս կատարող նշելով հայտարարատու հանդիսացող աշխատողի տվյալները:
Կսահմանվի նաև, որ լիազոր մարմինների կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտե է ներկայացվում ատամնաբուժական ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող, առողջության ապահովագրություն կատարելու իրավունք ունեցող, կրթական ծառայություններ մատուցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ շարունակվում է ընդհանուր հայտարարագրման գործընթացի լավարկումը: «Մենք էլ ենք ստրնեղում, թե ինչու այս նրբություններն ի սկզբանե չենք նկատում, բայց երբ օբյեկտիվորեն նայում ես, նաև այս համոզմունքն ինձ մոտ առաջացել է Էստոնիա կատարած այցից հետո, որ, միևնույն է՝ բանաձևը ճշգրիտ է, որ ցանկացած բարեփոխում պետք է գնա, իր պրոբլեմին հանդիպի, որպեսզի այդ պրոբլեմը լուծվի: Ի սկզբանե չկա այդպիսի մի մեխանիզմ, որ բոլոր հնարավոր խութերը և նրբությունները կարողանա նկարագրել»,- ասել է վարչապետը:
Երկրի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ երկուշաբթի օրվա դրությամբ ՀՀ 37 հազար 737 քաղաքացի համընդհանուր նոր հայտարարագրման համակարգով հայտարարագիր է լրացրել: Նրանցից 17 000-ը պետք է ստանան սոցիալական կրեդիտ, 16 271-ն արդեն ստացել են սոցիալական կրեդիտները: «Եվ, ընդհանուր առմամբ, պետական բյուջեից քաղաքացիները ստացել են 1 մլրդ 482 մլն դրամ, այսինքն՝ մոտ 1,5 մլրդ քաղաքացիներն արդեն հետ են ստացել»-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հավելել է՝ գեներացվել է 1 մլրդ դրամի հարկ. «Դա վատ չէ, բայց ամեն դեպքում, այս պահի դրությամբ ավելի շատ վերադարձվել է քաղաքացիներին, քան գեներացվել է»: