Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+7

Հայաստանի կառավարությունը չի վերանայի ՀՆԱ աճի ցուցանիշը` հաշվի առնելով երկրում անցկացվող բարեփոխումները. փորձագետ

07.05.2015, 20:55
Հայաստանի կառավարությունը չի վերանայի ՀՆԱ աճի ցուցանիշը` հաշվի առնելով երկրում անցկացվող բարեփոխումները, հայտնեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Հայաստանի կառավարությունը չի վերանայի ՀՆԱ աճի ցուցանիշը` հաշվի առնելով երկրում անցկացվող բարեփոխումները. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը չի վերանայի ՀՆԱ աճի ցուցանիշը` հաշվի առնելով երկրում անցկացվող բարեփոխումները, հայտնեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Պետբյուջեի համաձայն, Հայաստանի ՀՆԱ աճը 2015 թվականին ծրագրված է 4,1%–ի, իսկ գնաճը` 4% (±1,5%) մակարդակում։

Մակարյանի խոսքով` Էկոնոմիկայի նախարարությունը որոշակի հույսեր է կապում խթանիչ քայլերի հետ, որոնք ակտիվորեն անցկացնում է կառավարությունը վերջին չորս ամսում։

«Այսօր կառավարությունը գործում է «շոկային» թերապիայի մեթոդով այնպես, որ ձեռնարկվող քայլերը սկսեն ազդել տարվա երկրորդ կեսին»,– ասաց նա։

Նա նշեց, որ խոսքը, մասնավորապես, Հայաստանի խորհրդարանի ընդունած «Եկամտահարկի մասին», «Շահութահարկի մասին», «Շրջանառության հարկի մասին» օրենքներում փոփոխությունների մասին է։

ՀՀ ԱԺ–ն հինգշաբթի արտահերթ նիստի ժամանակ երկրորդ  ընթերցմամբ ընդունել է «Եկամտահարկի» և «Շահութահարկի մասին» օրենքներում նախատեսված փոփոխություններն ու լրացումները, որոնց համաձայն` Հայաստանի` արտերկրում աշխատող քաղաքացիները կկարողանան հայրենիքում 13 տոկոսի շահութահարկ վճարել։

Նույն օրը Հայաստանի խորհրդարանը հաստատել է նաև «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունները, որոնց համաձայն` շրջանառության հարկը կգանձվի այն տնտեսվարող սուբյեկտներից, որոնց տարեկան շրջանառությունը կազմում է 113.4 մլն դրամ` նախկին 58.35 մլն դրամի փոխարեն։ Նոր լրացումներով նախատեսվում է նաև 5–տոկոսանոց տոկոսադրույքի գանձում շրջանառության հարկից, ինչպես նաև պարտադիր փաստաթղթաշրջանառության պահանջի վերացում։ Միաժամանակ այն ձեռնարկատերերը, ովքեր կամավոր կցանկանան ներկայացնել փաստաթղթաշրջանառություն, շրջանառության հարկը կվճարեն 1 տոկոս տոկոսադրույքով։

Մակարյանը կարծում է նաև, որ կառավարությունը պետք է ունենա երկարաժամկետ ռազմավարություն և գործի համակարգային, հատկապես ՓՄՁ–ի նկատմամբ։

«Անհրաժեշտ է նաև ապահովել բարեփոխումների միջոցների ծախսման գործընթացի թափանցիկությունը, ինչը դրանց կիրառումն ավելի արդյունավետ կդարձնի։ Անհրաժեշտ է անցկացնել ֆինանսական միջոցների շարժման գործընթացի մոնիտորինգ սկզբից մինչև վերջ, այլ ոչ միայն հաշվետվություններ ներկայացնելու պահին»,– ընդգծեց նա։

Միջազգային բազմաթիվ ֆինանսական կառույցներ վատացրել են հայկական տնտեսության աճի իրենց կանխատեսումները։

Այսպես, վերջին տվյալներով, ՀԲ–ն Հայաստանի տնտեսության 3.3–տոկոսանոց աճ է կանխատեսում Հայաստանում, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ճահճացում է կանխատեսում, Ասիական զարգացման բանկը` 1.6 տոկոսի աճ։ Միաժամանակ, իր վերջին տեսությունում Fitch վարկանիշային գործակալությունը կանխատեսել է Հայաստանի տնտեսության չափավոր հետընթաց Ռուսաստանի իրավիճակի վատացման հետևանքով, իսկ Moody’s գործակալությունը` հայկական տնտեսության 2.3 տոկոսանոց աճ։ Հայաստանի Կենտրոնական բանկը երկրի տնտեսական աճը գնահատում է 0.4-2 տոկոսի սահմաններում։

Հայաստանի տնտեսական աճը 2014 թվականին, Ազգային վիճակագրական ծառայության նախնական գնահատականներով, կազմել է 3.4 տոկոս` ծրագրված 5.2 տոկոսի փոխարեն։ -0-