Միայն երեկ՝ մեկ օրում ՌԴ է մտել կոնյակով բեռնված 26 բեռնատար. Պապոյան
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Միայն երեկ՝ մեկ օրում, ՌԴ է մտել շշալցված կոնյակով բեռնված 26 բեռնատար։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Սա այս տարվա լավագույն ցուցանիշն է՝ մեկ օրվա»,-հավելել է նա։
Կոնյակի մատակարարումների վերաբերյալ
ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ հուլիսի 1-14-ը ՀՀ-ից շշալցված կոնյակով բեռնված 103 բեռնատար հատել է ռուս-վրացական սահմանը և մտել Ռուսաստան։ Վերջերս հայ կոնյակի արտահանողները խնդիրների են հանդիպել վրացական «Վերին Լարս» անցակետում՝ ինքնաբուխ լաբորատոր փորձարկումների պատճառով։ Ալկոհոլային խմիչքների հայ արտադրողները դիմել են պետական և միջազգային կառույցներին, մասնավորապես՝ ՀՀ ԱԺ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը և ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման բանկին, ՄԱԿ-ին, ԵԶԲ-ին և ԱՀԿ-ին՝ խնդրելով շտապ գնահատել Վրաստանի մաքսային տարածքով հայկական ապրանքների տարանցման հետ կապված լարված իրավիճակը։ Խնդիրը լուծվել է հունիսի սկզբին։