Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+15

Moody’s գործակալությունը Հայաստանի վարկանիշը նվազեցնելու իրական հիմքեր չուներ. տնտեսագետ

16.01.2015, 19:14
Moody’s միջազգային գործակալությունը Հայաստանի վարկանիշը նվազեցնելու իրական հիմքեր չուներ, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։
Moody’s գործակալությունը Հայաստանի վարկանիշը նվազեցնելու իրական հիմքեր չուներ. տնտեսագետ
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Moody’s միջազգային գործակալությունը Հայաստանի վարկանիշը նվազեցնելու իրական հիմքեր չուներ, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։

Moody's Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի պետական պարտատոմսերի վարկանիշների շեմը Ba2–ից նվազեցրել է մինչև Ba3, իսկ «Կայուն» կանխատեսումը փոխարինել «Բացասականով»։

«Հայաստանում տնտեսության զարգացման որոշակի դժվարություններ կան, և դա առաջին հերթին ապրանքների և ծառայությունների մրցունակության բարձրացումն է», – ասաց նա։

Սակայն, ըստ Մանասերյանի, չի կարելի չնկատել վերջին երկու–երեք տարում գրանցված տնտեսական ցուցանիշների որոշակի առաջընթացը։ Առաջին հերթին դա ներկրման կատմամբ արտահանման աճի տեմպերի գերազանցումն է, ձեռնարկությունների ստեղծումն ու ընկերությունների խթանումը, որոնք ի վիճակի են ոչ միայն բավարարել տեղական պահանջարկը, այլ նաև արտադրել մրցունակ և արտահանմանն ուղղված արտադրանք։

«Այսինքն` այստեղ իսկապես դժվար է գնահատել իրավիճակը, կշեռքի նժարի վրա դնել դրական և բացասական կողմերը, երկու միտումներն էլ առկա են մեր տնտեսությունում», – ավելացրեց նա։

Մանասերյանը չի բացառում, որ հայկական տնտեսությունում կան շատ խնդիրներ` մենաշնորհի դեմ տարվող ոչ արդյունավետ պայքարը, մրցունակության ցածր մակարդակը, սակայն ընդգծում է, որ նման խնդիրներ կան նաև հետխորհրդային շատ այլ երկրներում։

Նա հիշեցրել է, որ 2014 թ.–ին համաշխարհային տնտեսության աճի տեմպերը նվազել են, այդ թվում նաև Ռուսաստանում և մի շարք եվրոպական երկրներում, և այս ֆոնին Հայաստանի մոտ նկատվում է տնտեսական աճի տեմպեր, որոնք բնորոշ չեն զարգացած երկրներին։

«Մեր կանխատեսումներով` Հայաստանի տնտեսության աճը կկազմի մոտ 4 տոկոս 2014 թ.–ի համար, իսկ 2015 թ.–ին հնարավոր է 5 տոկոսանոց աճ, եթե ոչ` ավելի։ Նման տեմպեր չկան եվրոպական երկրներում և Ռուսաստանում, որտեղ անգամ նվազում է սպասվում», – ասաց Մանասերյանը։

Խոսելով այն մասին, որ երկրում արդյունավետ կերպով չեն օգտագործվում մարդկային, բնական և այլ ռեսուրսները, նա միաժամանակ նշեց անցած երկու–երեք տարում գրանցված արտահանման տեմպերի տպավորիչ աճը գլոբալ ճգնաժամից հետո, չնայած այս ամենը նկատվեց առավելապես լեռնահանքային արդյունաբերության հաշվին։ «Եվ այս կապակցությամբ մենք մտավախություններ ունենք այս կամ այն ճյուղից տնտեսության կախվածության հարցում։ Մենք պետք է դիվերսիֆիկացնենք ՀՆԱ–ի և արտահանման կառուցվածքները», – ասաց նա։

Միաժամանակ փորձագետը չի բացառում միջազգային վարկանիշային գործակալությունների որոշակի կանխակալությունը, որոնք սուբյեկտիվ գնահատականներ են ներկայացնում ԵՏՄ–ին Հայաստանի ինտեգրման կապակցությամբ։

Մանասերյանի կարծիքով` Moody’s–ի փաստարկը` վարկանիշի նվազման օգտին, որը կապված է ԵՏՄ–ից դուրս գտնվող երկրների հետ առևտրի սահմանափակման հետ, շատ սուբյեկտիվ է և քաղաքականացված։

«Ես, իհարկե, կզարմանայի, եթե արևմտյան գործակալությունը դրական վերաբերվեր Հայաստանի ինտեգրմանը ԵՏՄ–ին։ Սակայն այն հաշվի չի առնում, որ Հայաստանը շարունակում է դինամիկ զարգացնել կապերի արևմտյան երկրերի, մասնավորապես` ԵՄ երկրների հետ նոր նախագծերի և հարաբերությունների նոր ձևաչափի համատեքստում», – նշեց տնտեսագետը։

Վարկանիշների նվազման առանցքային գործոնների թվում նշվում է Հայաստանի արտաքին խոցելիության ավելացումը Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատման պատճառով, ուղղակի արտասահմանյան ներդրումների համար անորոշ հեռանկարները, փոխանակման փոխարժեքի տատանողականության նկատմամբ բարձր զգայունությունը և արժութային պահուստների վրա սպասվող ճնշումները։

Նվազմանը նպաստող գորոծոնների թվում նշում են նաև երկրի աճի հեռանկարների փոփոխությունը, որոնք դանդաղում են Ռուսաստանից բացասական ազդեցությունների, ներդրումային թույլ ակտիվության և Եվրասիական տնտեսական միությունից դուրս երկրների հետ առևտրի սահմանափակումների պատճառով։

2014թ.–ի սեպտեմբերին Moody’s–ը դեպի նվազում է վերանայել Հայաստանի ՀՆԱ–ի աճի 2014թ.–ի կանխատեսումը` 3,2 տոկոսից մինչև 2,1 տոկոս Ռուսաստանի տնտեսության աճի տեմպերի դանդաղման ֆոնին։ 2014 թ.–ի պետբյուջեի համաձայն` հայկական տնտեսության աճն այս տարի նախատեսված է 5,2 տոկոսի չափով, իսկ Հայաստանի 2015թ.–ի պետբյուջեում ՀՆԱ–ի իրական աճը նախատեսված է 4,1 տոկոսի սահմանում։–0–