Ներկայացվել է Սամվել Կարապետյանի 5 կարևոր քայլերի տնտեսական հայեցակարգը
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի․/ԱՌԿԱ/․ Այսօր «Տաշիր գրուպ»-ի տնօրեն, բարերար Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսի ժամանակ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրել է «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան»։
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանն ունի համակարգային մեծ բարեփոխման կարիք։
Առաջին քայլը, ըստ Կարապետյանի, 300 հազար նոր աշխատատեղերի ստեղծումն է Հայաստանում։
Նրա խոսքով՝ երկրում կա աշխատատեղերի խնդիր, և գործն այս պահին ամենապահանջված բանն է ՀՀ շրջաններում։
Երկրորդ քայլով նախատեսվում է Հայաստանում փոքր բիզնեսին ազատել հարկերից, որպեսզի հնարավորություն տրվի նրանց զարգանալու։
Կարապետյանն ընդգծեց, որ վերջին տարում փոքր բիզնեսի հարկը կրկնապատկվել է՝ 5%-ից դառնալով 10%:
Երրորդ քայլով նախատեսվում է Հայաստանում ապահովել 20%-ով ավելի էժան դեղորայք՝ ուսումնասիրելով Վրաստանի փորձը, որտեղ դեղերը անգամներով ավելի էժան են, քան ՀՀ-ում։
Չորրորդ քայլը, ըստ Կարապետյանի, մթերման կայանների ստեղծումն է, որոնք կլինի միջնորդ գյուղացու և ընկերության միջը և կօգնեն, որպեսզի գյուղացիների բերքը չփչանա։
Իսկ վերջին՝ հինգերորդ քայլը՝ շինարարական ընկերություններում ներդրումներն են, որոնք կապահովեն պետական բնակարաններ ֆիքսված, մատչելի գներով:
Ըստ Կարապետյանի՝ այս ծրագրի իրականացումը կարող է նպաստել բնակարանային պայմանների բարելավմանը և նոր ընտանիքների ստեղծմանը:
Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման անդամները գրանցել են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։