Փաշինյանի և ԱՊՀ–ում նրա գործընկերների համար կազմակերպվել է էքսկուրսիա Մոսկվայի «Ատոմ» թանգարանում
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ռոսատոմի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը Ռուսաստանի, Հայաստանի վարչապետների և ԱՊՀ այլ երկրների կառավարությունների ղեկավարների համար շրջայց է կազմակերպել «Ատոմ» թանգարանի «Սովետական ատոմային նախագիծ» ցուցադրության շրջանակում։
Ցուցահանդեսին Միխայիլ Միշուստինի և Նիկոլ Փաշինյանի հետ միասին մասնակցել են Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը, Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեքթենովը, Ղրղըզստանի վարչապետ Ադըլբեկ Կասիմալիևը և Տաջիկստանի վարչապետ Քոխիր Ռասուլզոդան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Լիխաչովը կառավարությունների ղեկավարներին մանրամասն պատմել է այն մասին, թե ինչպես է պատերազմի և հետպատերազմյան ժամանակներում զարգացել սովետական ատոմային ճյուղը, և ինչպես է ձեռք բերվել միջուկային հավասարությունը, որը պահպանեց խաղաղությունը 20-րդ դարի երկրորդ կեսին։ Խոսելով 50-ականների սպառազինությունների մրցավազքի մասին՝ Ռոսատոմի ղեկավարը հստակեցրել է, որ «հավասարություն չկար, սակայն ԽՍՀՄ-ը զենք ուներ»։
Ցուցադրության ընթացքում կառավարությունների ղեկավարները Լիխաչովից ճշտել են մանրամասներ 1949 թվականի օգոստոսի 29-ին ԽՍՀՄ-ում ատոմային ռումբի (ՌԴՍ-1) առաջին հաջող փորձարկման մասին։
«Օգոստոսի 29-ին այստեղ [բունկերում] էր [Միջուկային զենքի ստեղծման ԽՍՀՄ Պաշտպանության պետական կոմիտեին կից հատուկ կոմիտեի նախագահ Լավրենտի] Բերիան, նա այստեղից զեկուցեց [Ստալինին այն մասին, որ ԽՍՀՄ-ը միջուկային զենք ունի]»,- պարզաբանել է Ռոսատոմի ղեկավարը։
«Բերիան էր պատասխանատու ատոմային նախագծի համար»,- ընդգծել է Միշուստինը՝ դիմելով գործընկերներին։
Կառավարությունների ղեկավարներին ներկայացվել է նաև առաջին սովետական ատոմային ռումբի մոդելը, այդ թվում՝ դրա «սրտի»՝ լիցքի մանրակերտը, և «Ցար-ռումբի» բնական չափի մանրակերտը։