Փաշինյանն առաջարկում է վաճառքի հանել ՀԷՑ–ը, որպեսզի քաղաքացիները կարողանան այն գնել

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է վաճառքի հանել (բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության հնարավորություն) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի բաժնետոմսերը, որպեսզի Հայաստանի ոչ միայն ընկերությունները, ոչ միայն կորպորացիաները, այլև քաղաքացիները, իրենք իրենց խնայողությունները հնարավորություն ունենան ներդնել, բաժնետոմսեր ձեռք բերել։
Այսօր կառավարության նիստի ժամանակ նա հայտարարել է, որ Հայաստանի էներգետիկ ոլորտում, ինչպես հայտնի է, կան խնդիրներ, այդ թվում՝ կապված որակի հետ։
«Երեկ ես մասնակցում էի հիպերմոլի բացման արարողությանը և բացման արարողության ժամանակ հիպերմոլը հոսանքազրկվեց։ Պատկերացնու՞մ եք, մարդիկ 70 միլիոն դոլարի ներդրում են արել, համենայնդեպս ինձ այդպես ասեցին, և չեն կարողանում նորմալ բացման արարողություն անել», – հայտարարել է նա։
Ինչպես կարծում է Փաշինյանը, այստեղ երկու տարբերակ կա, մի տարբերակն այն է, որ հատուկ սաբոտաժ է արվել, մյուս տարբերակն այն է, որ համակարգը տեխնիկապես ի վիճակի չի։
«Երկու դեպքում էլ իրենք (ՀԷՑ, խմբ․) բոլոր գծերը անցել են, և մենք առաջիկայում արդեն պետք է անցնենք դրա (ազգայնացման) իրագործման փուլին։ Իհարկե պրոցեսը չի լինի մի փուլանի, բայց ակնհայտ է որ պետությունը պետք է շատ արագ վերցնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր»–ի կառավարումը և հետագա գործընթացները պետականացման և ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ պետք է արագ և արդյունավետ իրականացնենք»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա նշեց, որ հարցը քաղաքական մակարդակով քննարկվել է ՔՊ–ի վարչության նիստում։
«Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունը նույնպես քննարկումներ է ունեցել և այդ թվում կառավարության գործընկերների։ Համատեղ աշխատանքով նաև օրենքի նախագիծ է արդեն դրվել շրջանառության մեջ։ Այսօրվա օրակարգում ընդգրկված է, արտահերթ նիստով համապատասխան օրենսդրական փոփոխությունները կիրականացվեն, և շատ արագ: Կարծում եմ՝ առաջին անհրաժեշտ գործողությունը տեղի կունենա։ Դրա իմաստը կլինի այն, որ պետությունը, կառավարությունը կստանձնի Հայաստանի էներգետիկ ցանցերի կառավարումը։ Այդ կետից սկսած արդեն մենք ավելի հանգիստ պայմաններում հետագա սցենարները կքննարկենք, թե ինչ սցենարով ենք գնում», – հայտարարեց նա։
Օրերս Փաշինյանը հայտարարել է ՀԷՑ–ն ազգայնացնելու մտադրության մասին՝ նշելով, որ գործընթացը կիրականացվի ՀՀ օրենսդրությանը համաձայն։
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանն ասել է տնտեսագետ Հրանտ Միքայելյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ազգայնացման գործընթացն ի սկզբանե վարկաբեկված է քաղաքական տեսանկյունից։ Նրա խոսքով, բիզնես կսկսի «փորձարկել» իրավիճակն իր վրա, և եթե կարծի, որ ինքն էլ կարող է հայտնվել իշխանությունների նշանառության տակ, և կա գոնե նվազագույն ռիսկ, որ նրա ակտիվները նույնպես կխլեն, ապա նա կմտածի Հայաստանից հեռանալու մասին։
Տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը, «ԱՌԿԱ» գործակալությանը մեկնաբանելով ՀԷՑ–ի շուրջ տիորղ իրավիճակը, նշել է, որ սա ինչ–որ «խանութ» չէ, որը կարելի է վերցնել ու ազգայնացնել։ Նա ընդգծել է, որ Հայաստանում չկա «Ազգայնացման մասին» օրենք, այդ պատճառով նման պայմաններում ազգայնացման մասին խոսելը տարրական անգրագիտություն է։ Մանասերյանն ավելացրել է, որ երկրի տնտեսության ֆունկցիոնալության տեսակետից նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ հետևանքներ կունենա ՀԷՑ–ի նման օբյեկտի ազգայնացումը։
ՀԷՑ–ի մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն «Տաշիր» ընկերությունների խմբի մաս է կազմում, որը պատկանում է ձեռնարկատեր և բարերար Սամվել Կարապետյանին։ ՀԷՑ-ը կառավարում է Հայաստանի միջին և ցածր լարման բաշխիչ ցանցերը՝ սպասարկելով մոտ 1 միլիոն բաժանորդի։
2016 թվականից ի վեր «Տաշիր» խումբը միայն ՀԷՑ-ի արդիականացման համար ներդրել է մոտ 680 միլիոն դոլար, ևս 150-200 միլիոն դոլար ներդրվել է նոր հզորությունների ստեղծման համար։ Մինչև 2034 թվականը նախատեսվում է ՀԷՑ-ի ներդրումների ընդհանուր ծավալը Հայաստանի էներգետիկ համակարգում հասցնել 540 միլիարդ դրամի (գրեթե 1.4 միլիարդ դոլարի):