ՀԷՑ–ի ազգայնացման գործընթացն ի սկզբանե քաղաքականապես վարկաբեկված է․ տնտեսագետ (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի․/ԱՌԿԱ/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) ազգայնացման գործընթացն ի սկզբանե վարկաբեկված է քաղաքական տեսանկյունից, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ասաց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։
Փաշինյանն ավելի վաղ հայտարարել է ՀԷՑ–ի ազգայնացման մտադրության մասին՝ պնդելով, որ գործընթացը կիրականացվի ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
«Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ իրավական ձևաչափով կիրականացվի։ Սակայն այս պահին թվում է, թե անհնար է արագ, մի քանի օրվա ընթացքում որոշում կայացնել և ազգայնացնել խոշոր ընկերությունը։ Ավելին, խոսքը այն մասին է, որ ներդրումներ են կատարվել այս ընկերությունում։ Այսինքն՝ իրավական տեսանկյունից այս գործընթացը, ամենայն հավանականությամբ, կխաթարվի, իսկ քաղաքական տեսանկյունից՝ այն կվարկաբեկվի հենց սկզբից», - նշեց Միքայելյանը։
Ինչպես հիշեցրեց փորձագետը, առաջին օրը Սամվել Կարապետյանը հայտարարում է եկեղեցուն աջակցելու մասին, իսկ երկրորդ օրը՝ Փաշինյանը հայտարարում է նրա (Կարապետյանի) սեփականության ներքո գտնվող խոշոր էներգետիկ ընկերության ազգայնացման մասին։
«Այսինքն, իհարկե, մենք պետք է հաշվի առնենք, որ այժմ՝ ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում, միասնական ներդրումային միջավայր չկա. Արևմուտքի և Ռուսաստանի համար այս ներդրումային միջավայրը տարբեր է», - ասաց Միքայելյանը։
Խոսելով ներդրումային միջավայրի մասին՝ փորձագետը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում շատ քիչ ներդրումներ են կատարվել, և նույնիսկ սկսվել է արտահոսք, հատկապես Ռուսաստանից։
«Այս արտահոսքը արագ կարագանա։ Այս պահին մեզ մոտ կուտակված է 3,5-ից 4 միլիարդ դոլարի ռուսական ներդրում, կան նաև ներդրումներ Կիպրոսից, որոնք նույնպես, ամենայն հավանականությամբ, ռուսական ծագում ունեն։ Ահա այս ամենը կսկսի «արտահոսել» Հայաստանից։ Խնդիրն այն է, որ յուրաքանչյուր բիզնես կսկսի «փորձարկել» իրավիճակն իր վրա։ Եվ եթե կարծի, որ ինքն էլ կարող է հայտնվել իշխանությունների նշանառության տակ, և կա գոնե նվազագույն ռիսկ, որ նրա ակտիվները նույնպես կխլեն, ապա նա կմտածի (Հայաստանից) տարհանման մասին», - ընդգծեց Միքայելյանը։
Միևնույն ժամանակ, նա հնարավոր համարեց, որ դա նույնպես Հայաստանի իշխանությունների ծրագրի մի մասն է, քանի որ դրա մասին (երկրից հեռանալու) առաջին հերթին կմտածեն խոշոր ռուս գործարարները:
«Միգուցե այդ դեպքում հնարավոր կլինի, այսպես ասած, դրանք (ակտիվները) ավելի էժան «վերավաճառել» արևմտյան կամ տեղական ներդրողներին, օրինակ՝ իշխանության հետ կապվածներին», - եզրափակեց Միքայելյանը։
ՀԷՑ–ի մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն «Տաշիր» ընկերությունների խմբի մաս է կազմում, որը պատկանում է ձեռնարկատեր և բարերար Սամվել Կարապետյանին։ ՀԷՑ-ը կառավարում է Հայաստանի միջին և ցածր լարման բաշխիչ ցանցերը՝ սպասարկելով մոտ 1 միլիոն բաժանորդի։
2016 թվականից ի վեր «Տաշիր» խումբը միայն ՀԷՑ-ի արդիականացման համար ներդրել է մոտ 680 միլիոն դոլար, ևս 150-200 միլիոն դոլար ներդրվել է նոր հզորությունների ստեղծման համար։ Մինչև 2034 թվականը նախատեսվում է ՀԷՑ-ի ներդրումների ընդհանուր ծավալը Հայաստանի էներգետիկ համակարգում հասցնել 540 միլիարդ դրամի (գրեթե 1.4 միլիարդ դոլարի):