Рейтинг@Mail.ru
USD
368.62
EUR
432.76
RUB
4.9787
GEL
137.73
2026 թ. մայիսի 12, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

ՎԶԵԲ–ը Հայաստանում տեսնում է տնտեսության կայունություն և ռազմավարական գործընկեր տարածաշրջանային վերափոխման համար․ Ֆալչետտի

Այսօր, 15:48
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Թուրքիայի և Կովկասի գծով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտին «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է այն հարցին, թե ինչպես է բանկը գնահատում Հայաստանի տնտեսական ներուժը, նրա դերը տարածաշրջանում և հետագա գործընկերության հեռանկարները
ՎԶԵԲ–ը Հայաստանում տեսնում է տնտեսության կայունություն և ռազմավարական գործընկեր տարածաշրջանային վերափոխման համար․ Ֆալչետտի
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի․/ԱՌԿԱ/․ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Թուրքիայի և Կովկասի գծով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտին «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է այն հարցին, թե ինչպես է բանկը գնահատում Հայաստանի տնտեսական ներուժը, նրա դերը տարածաշրջանում և հետագա գործընկերության հեռանկարները։

Զրույցի ընթացքում խոսքը գնացել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ռեկորդային ներդրումների, մասնավոր հատվածի և ՓՄՁ-ների աջակցության, ենթակառուցվածքների զարգացման և տարածաշրջանային փոխկապակցվածության, ինչպես նաև այն մասին, թե որ բարեփոխումներն ու ֆինանսական գործիքները կարող են հիմք դառնալ երկրի ավելի կայուն և ներառական աճի համար:

«ԱՌԿԱ» – Քանի որ Ձեր կովկասյան այցը սկսվում է Հայաստանից, ի՞նչ կարևոր ուղերձներ կցանկանայիք փոխանցել Հայաստանի իշխանություններին և գործարար համայնքին այս այցի ընթացքում:

Է․ Ֆալչետտի – Շնորհակալություն։ Մեծ ուրախությամբ եմ կրկին այցելում Երևան։ Հայաստանը ՎԶԵԲ-ի արժեքավոր և երկարամյա գործընկերն է, և այս այցի շրջանակում կցանկանայի առանձնացնել երեք հիմնական ուղերձ։

Առաջինը՝ մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Հայաստանի հետ երկարաժամկետ գործընկերությանը։ Մենք աջակցել ենք երկրին բարդ և անորոշ ժամանակաշրջաններում, և այսօր Հայաստանի տնտեսությունը դիտարկում ենք որպես կայուն, զարգացող և հեռանկարային՝ ուժեղ ու դինամիկ մասնավոր հատվածով, ինչպես նաև տարածաշրջանային կապերի զարգացման գործում առանցքային դերակատարմամբ։

Երկրորդը՝ մենք բարձր ենք գնահատում Հայաստանի իշխանությունների հետ կառուցողական գործակցությունը, մասնավորապես այն բարեփոխումների առաջմղման գործում, որոնք ուղղված են ներդրումների խթանմանը, մրցունակության բարձրացմանը և ներառական աճին։ Կանխատեսելի կարգավորող միջավայրն ու ամուր ինստիտուտները շարունակում են վճռորոշ դեր ունենալ կայուն տնտեսական աճի ապահովման և նոր ներդրումների ներգրավման գործում։

Երրորդ ուղերձը հասցեագրում ենք Հայաստանի գործարար համայնքին. մեր գործընկերությունը շարունակական է լինելու։ Հայ գործարարները, հատկապես փոքր և միջին ձեռնարկությունները, դրսևորել են բարձր հարմարվողականություն, նորարարական մոտեցումներ և արտահանման ներուժ։ ՎԶԵԲ-ը կշարունակի աջակցել բիզնեսին՝ ընդլայնման, արդիականացման, կանաչ անցման և նոր շուկաներ մուտք գործելու հարցերում՝ ապահովելով լայնամասշտաբ և կայուն աճ։

«ԱՌԿԱ» – Ինչպե՞ս կբնութագրեիք ՎԶԵԲ-ի ներկայիս դերը Հայաստանում՝ որպես ներդրող, բարեփոխումների գործընկեր, թե՞ տնտեսական վերափոխման ռազմավարական գործընկեր։

Է․ Ֆալչետտի – ՎԶԵԲ-ը Հայաստանում միաժամանակ կատարում է այս երեք դերերը։

ՎԶԵԲ-ը Հայաստանում խոշորագույն ներդրողներից մեկն է․ մինչ օրս մենք ֆինանսավորել ենք ավելի քան 245 ծրագիր՝ շուրջ 3 միլիարդ եվրո գումարի չափով, որի ավելի քան 85 տոկոսն ուղղվել է մասնավոր հատվածին։ Զուգահեռաբար շարունակում ենք լինել բարեփոխումների գործընկեր՝ ակտիվ քաղաքական երկխոսության շրջանակում աջակցելով կապիտալի շուկաների, ֆինանսական կարգավորման, ներդրումային միջավայրի և կորպորատիվ կառավարման ամրապնդմանը:

Ամենակարևորը՝ մենք հանդես ենք գալիս որպես Հայաստանի տնտեսական վերափոխման ռազմավարական գործընկեր։ Ֆինանսավորումը, քաղաքական երկխոսությունն ու տեխնիկական աջակցությունը համատեղելով՝ մենք կենտրոնանում ենք ոչ թե առանձին գործարքների, այլ երկարաժամկետ համակարգային փոփոխությունների իրականացման վրա ենթակառուցվածքների, ֆինանսների, կանաչ անցման և ներառականության ոլորտներում։

«ԱՌԿԱ» – Որքա՞ն է ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացված ներդրումների ընդհանուր ծավալը, և որո՞նք են այն առաջնահերթ ոլորտները, որտեղ համագործակցությունը կարող է առավել նշանակալի երկարաժամկետ տնտեսական և սոցիալական ազդեցություն ունենալ։

Է․ Ֆալչետտի – Մինչ օրս ՎԶԵԲ-ը Հայաստանում ներդրել է ավելի քան 3 միլիարդ եվրո՝ դառնալով երկրի խոշորագույն ինստիտուցիոնալ ներդրողներից մեկը։ Այս ծավալն արտացոլում է ինչպես Հայաստանի կարևորությունը մեզ համար, այնպես էլ երկրի՝ ներդրումները արդյունավետ օգտագործելու աճող կարողությունը։

Հայաստանում արդեն երկրորդ տարին անընդմեջ արձանագրում ենք ներդրումների ռեկորդային մակարդակ։ 2025 թվականին մեր ներդրումները գերազանցել են 2024 թվականի պատմական ռեկորդը՝ 396 միլիոն եվրոն, և հասել են 426 միլիոն եվրոյի՝ 26 ծրագրերի շրջանակում։ Այս կայուն դինամիկան արտացոլում է թե՛ ՎԶԵԲ-ի վստահությունը Հայաստանի տնտեսական ներուժի հանդեպ, թե՛ երկրի՝ ներդրումներն արդյունավետ ներգրավելու և օգտագործելու բարձր կարողությունը։ Մեր ծրագրերի պորտֆելը առաջիկայում մնում է ծավալուն, և մենք ևս մեկ հաջող տարի ենք ակնկալում՝ շարունակելով աջակցել մասնավոր հատվածի, կայուն ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի զարգացմանը և Հայաստանի տնտեսության դիմակայունությանը։ Այս համատեքստում տարածաշրջանային կապակցվածության ամրապնդումը դարձել է կարևորագույն ռազմավարական գերակայություն՝ հատկապես տրանսպորտի, էներգետիկայի և թվային ենթակառուցվածքների ոլորտներում։ Այս ոլորտներն առանցքային դեր ունեն Հայաստանի երկարաժամկետ արտադրողականության, կայունության և սոցիալական համերաշխության ապահովման գործում: 

«ԱՌԿԱ» – Գործնականում ի՞նչ ազդեցություն են ունեցել ՎԶԵԲ-ի նախաձեռնությունները Հայաստանի բիզնես միջավայրի վրա, և որո՞նք են այն արդյունքները, որոնք արդեն կարելի է գնահատել որպես համակարգային փոփոխություններ։

Է․ Ֆալչետտի – Մի շարք ուղղություններով արդեն նկատելի են համակարգային փոփոխություններ։

Ֆինանսական ոլորտում գործընկեր բանկերի հետ մեր գործակցությունը նպաստել է վարկային ֆինանսավորման հասանելիության ընդլայնմանը, ռիսկերի բաշխման գործիքների ներդրմանը, կանաչ վարկերի աճին և տեղական արժույթով ֆինանսավորման զարգացմանը՝ նվազեցնելով արտաքին ցնցումների նկատմամբ խոցելիությունը։

Ենթակառուցվածքների ոլորտում Սիսիան–Քաջարան ավտոճանապարհի և Երևանի ու Սյունիքի մարզի մաքսային-լոգիստիկ կենտրոնների նման ծրագրերը վերաձևավորում են առևտրային կապակցվածությունը, նվազեցնում ծախսերը և նպաստում Հայաստանի առավել արդյունավետ ինտեգրմանը տարածաշրջանային արժեքային շղթաներում։

Շուկաների և ֆինանսական հաստատությունների ոլորտում Կենտրոնական բանկի հետ քաղաքական երկխոսությունն ու գործակցությունը ամրապնդել են ածանցյալ գործիքների և ռեպո գործարքների կարգավորման դաշտը, իսկ կապիտալի շուկայի աջակցության ծրագրերն օգնում են ընկերություններին պատրաստվել պարտատոմսերի և բաժնետոմսերի թողարկմանը։

Այս նախաձեռնությունները միասին նպաստում են նրան, որ Հայաստանն առանձին միջոցառումներից անցում կատարի դեպի կառուցվածքային և տնտեսության բոլոր ոլորտներն ընդգրկող փոփոխություններ:

«ԱՌԿԱ» – Որքանո՞վ է Հայաստանը պատրաստ ավելի բարդ ֆինանսական գործիքների՝ կապիտալի շուկայի զարգացման, կանաչ ֆինանսավորման և թվային ֆինանսական լուծումների, կիրառմանը։

Է․ Ֆալչետտի – Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել՝ աստիճանաբար ամրապնդելով ավելի բարդ ֆինանսական գործիքների ընդունման և կիրառման իր կարողությունները։

Կանաչ ֆինանսավորման ոլորտում արդեն իսկ նկատվում է ուժեղ դրական դինամիկա՝ կանաչ ֆինանսավորման գործիքների, կանաչ բնակելի նախագծերի և կայուն ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի միջոցով:

Փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման ընդլայնմանն ուղղված կարևոր քայլ է ԵՄ-ի աջակցությամբ ծրագրերի մեկնարկը, ինչպիսիք են Հայաստանի համար նախատեսված «Փախստականների դիմակայունության պատուհան» ծրագիրը կամ EU4Business–ՎԶԵԲ վարկային գիծը, որն ապահովված է EFSD+ («Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ պլյուս») ռիսկերի բաշխման գործիքներով։ Կապիտալի շուկաների զարգացման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն վերջին բարեփոխումներն ու ընկերությունների կարողությունների ամրապնդումը՝ պարտատոմսերի ու բաժնետոմսերի թողարկման նպատակով։

Հայաստանում ՎԶԵԲ-ԵՄ գործակցությունը հիմնված է բազմաշերտ ծրագրային համակարգի վրա, որը միավորում է ֆինանսավորումը, երաշխիքները, դրամաշնորհներն ու խորհրդատվական աջակցությունը՝ ձևավորելով մասնավոր հատվածի ներառական և կայուն զարգացմանն աջակցող համապարփակ էկոհամակարգ։

Կապիտալի շուկաների զարգացման համատեքստում ՀՀ Կենտրոնական բանկը հետևողականորեն ցուցաբերում է կարգավորման և վերահսկողության զգուշավոր ու հեռատես մոտեցում։ Ֆինանսական համակարգի նկատմամբ զգոն վերահսկողությունը, ռիսկերի կառավարման վրա կենտրոնացումը և առաջատար միջազգային փորձի ներդրման պատրաստակամությունը վճռորոշ դեր են խաղացել ֆինանսական կայունության ապահովման գործում, հատկապես արտաքին անորոշության ժամանակաշրջաններում։ Մենք բարձր ենք գնահատում Կենտրոնական բանկի հետ սերտ գործակցությունը, այդ թվում՝ պրուդենցիալ կարգավորման ամրապնդման, կապիտալի շուկայի կարգավորման, ինչպես նաև հայկական օրենսդրությանը ենթակա ածանցյալ ֆինանսական գործիքների և ՌԵՊՈ գործառնությունների փաստաթղթավորման ներդրման հարցերում։ Այս բարեփոխումները ոչ միայն բարձրացնում են շուկայի մասնակիցների վստահությունը, այլև հիմք են ստեղծում Հայաստանում ավելի խորացված և դիմակայուն ֆինանսական շուկաների ձևավորման համար։

Թվային ֆինանսների և ֆինտեխ ոլորտները նույնպես մեծ ներուժ ունեն, և դրա հիմքում Հայաստանի՝ բարձր տեխնոլոգիական հմտություններ ունեցող աշխատուժն ու զարգացող թվային էկոհամակարգն է։ Կարգավորող դաշտի շարունակական զարգացումը և ներդրողների վստահության բարձրացումը առանցքային դեր կունենան այս գործընթացի արագացման մեջ։

«ԱՌԿԱ» – Արդյո՞ք ՎԶԵԲ-ը տեսնում է հնարավորություն, որ ներկայիս աշխարհատնտեսական փոփոխությունների պայմաններում Հայաստանը կարող է ամրապնդել իր դիրքը որպես տարածաշրջանային կենտրոն։

Է․ Ֆալչետտի – Այո՛, միանշանակ։

Աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական տեղաշարժերը վերափոխում են առևտրային ուղիներն ու ներդրումային ձևաչափերը։ Այս համատեքստում Հայաստանը կարող է ամրապնդել իր դերը որպես տարածաշրջանային լոգիստիկ և ծառայությունների կենտրոն՝ նպաստելով տարածաշրջանային կապակցվածության խորացմանը։

Ներդրումները ճանապարհային, սահմանային և մաքսային ենթակառուցվածքներում, ինչպես նաև թվայնացման և լոգիստիկ հարթակներում կարող են զգալիորեն բարձրացնել Հայաստանի դերակատարությունը Արևելք–Արևմուտք և Հյուսիս–Հարավ միջանցքներում։ Տարածաշրջանային կապակցվածությունն ու դիվերսիֆիկացիան առաջիկայում շարունակելու են մնալ գերակայություններ, մինչդեռ տեխնոլոգիական, ծառայությունների և գիտահեն ոլորտների զուգահեռ զարգացումը ևս ամրապնդում է նշված հնարավորությունները։

ՎԶԵԲ-ը պատրաստ է գործնական և հետևողական մոտեցմամբ աջակցել Հայաստանին այս հնարավորությունների իրագործման հարցում՝ դոնորների և ֆինանսական գործընկերների լայն շրջանակի հետ համատեղ։

«ԱՌԿԱ» – Ինչպե՞ս է ՎԶԵԲ-ը համադրում պետական նախաձեռնություններին աջակցությունը և մասնավոր հատվածի զարգացման խթանումը։

Է․ Ֆալչետտի – Մեր մոդելը հիմնված է փոխլրացման սկզբունքի վրա։

Մենք աջակցում ենք կառավարություններին այն ոլորտներում, որտեղ պետական ներդրումները կամ բարեփոխումները էականորեն նպաստում են մասնավոր հատվածի զարգացմանը, օրինակ՝ ենթակառուցվածքների, կարգավորող դաշտի կամ շուկայական ինստիտուտների ոլորտներում։ Միաժամանակ, մեր ֆինանսավորման մեծ մասը տրամադրվում է մասնավոր ձեռնարկություններին՝ հաճախ գործընկեր բանկերի միջոցով։

Այս հավասարակշռված մոտեցումը երաշխավորում է, որ պետության միջամտությունները կխթանեն մասնավոր ներդրումները, այլ ոչ թե կսահմանափակեն դրանք, և որ բարեփոխումներն ու ֆինանսավորումը կզարգանան զուգահեռաբար։

«ԱՌԿԱ» – Հաշվի առնելով արտաքին ռիսկերը՝ որո՞նք են այն հիմնական գործոնները, որ առաջիկա տարիներին վճռորոշ դեր կունենան Հայաստանի տնտեսական դիմակայունության ապահովման գործում։

Է․ Ֆալչետտի – Տնտեսական դիմակայունությունը հիմնված է մի քանի հիմնական գործոնների վրա՝

• կայուն ենթակառուցվածքներ և էներգետիկ անվտանգություն,
• դիվերսիֆիկացված արտահանում և շուկաներ,
• ուժեղ և բարձր կապիտալացված ֆինանսական հաստատություններ,
• մրցունակ և նորարար փոքր ու միջին ձեռնարկություններ,
• մարդկային կապիտալ և ներառականություն, ներառյալ փախստականների աջակցությունը:

Հայաստանի մասնավոր հատվածն արդեն դրսևորել է բարձր հարմարվողականություն, և բարեփոխումների շարունակական ընթացքը վճռորոշ կլինի դիմակայունության պահպանման տեսանկյունից։

«ԱՌԿԱ» – Ինչպե՞ս եք պատկերացնում ՎԶԵԲ-ի և Հայաստանի գործընկերության հաջորդ փուլը։

Է․ Ֆալչետտի – Մեր համագործակցության առանցքում կլինի տարածաշրջանային կապակցվածությունը, քանի որ Հայաստանը ձգտում է ամրապնդել իր դերը տարածաշրջանային առևտրի և ինտեգրման գործընթացներում։ Մենք կենտրոնանալու ենք տրանսպորտային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքներում ներդրումների խթանման վրա՝ երկրի դիմակայունությունն ու դիրքերը ավելի լայն տարածաշրջանային միջանցքներում ամրապնդելու նպատակով։

Ջրամատակարարումը շարունակում է մնալ հիմնական առաջնահերթությունների շարքում, միևնույն ժամանակ աճում է ուշադրությունը կանաչ և կայուն քաղաքային զարգացման խթանման հանդեպ՝ հատկապես համայնքային ներդրումների միջոցով։

Կայուն ենթակառուցվածքների զարգացմանը զուգահեռ՝ մենք առանձնահատուկ կարևորում ենք ներառական և մրցունակ մասնավոր հատվածի զարգացումը, այդ թվում՝ կանանց, երիտասարդների, փախստականների և ընդունող համայնքների նպատակային աջակցությունը։

Զուգահեռաբար մենք կշարունակենք աջակցել այն բարեփոխումներին, որոնք ընդլայնում են կապիտալի շուկաները, բարելավում կառավարումը և նպաստում ավելի կանխատեսելի ու թափանցիկ գործարար միջավայրի ձևավորմանը։

Ընդհանուր առմամբ, հաջորդ փուլը միտված կլինի մեր ազդեցության խորացմանը և Հայաստանին աջակցելուն՝ ոչ միայն աճի խթանման, այլև ավելի դիմակայուն, ներառական և կայուն զարգացման ապահովման նպատակով։.

«ԱՌԿԱ» – Այս տարի ԱՌԿԱ լրատվական գործակալությունը նշում է իր 30-ամյակը։ Ինչպե՞ս եք գնահատում ԱՌԿԱ-ի դերը Հայաստանի տնտեսական երկխոսության ձևավորման մեջ։

Է․ Ֆալչետտի – Գիտեմ, որ մեր գործընկերությունը երկար պատմություն ունի և սկիզբ է առնում դեռևս 1990-ականների վերջից/2000-ականների սկզբից։ Երեք տասնամյակի ընթացքում ԱՌԿԱ լրատվական գործակալությունը հետևողականորեն արժեքավոր դեր է կատարել Հայաստանի տնտեսական դիսկուրսի ձևավորման գործում։

Ֆինանսական, բանկային և ներդրումային ոլորտների վստահելի և մասնագիտացված լուսաբանման շնորհիվ ԱՌԿԱ-ն աջակցում է թափանցիկության ամրապնդմանը, որոշումների կայացման գործընթացում տեղեկացվածությանը և նպաստում է կառավարության, բիզնեսի և միջազգային գործընկերների միջև երկխոսությանը։

Նման հաստատությունները կարևոր նշանակություն ունեն առողջ ներդրումային միջավայրի ձևավորման համար, և ես կցանկանայի շնորհավորել ԱՌԿԱ լրատվական գործակալությանը այս կարևոր հոբելյանի առթիվ և մաղթել նորանոր հաջողություններ: