Հայաստանն ու Ռուսաստանը վերահաստատել են համագործակցությունը Մեծամորի ԱԷԿ–ի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման շուրջ
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայկական և ռոսական կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ համագործակցությունը և համատեղ աշխատանքը՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման (ՇԺԵ-2) ծրագրով նախատեսված միջոցառումների հաջող իրականացման ուղղությամբ։
Համապատասխան հայտարարություն է արվել «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ–ի կողմից Երևանում կայացած Համատեղ համակարգման կոմիտեի 5-րդ նիստի արդյունքում։
Նիստը նախագահում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը, իսկ ռուսական կողմից՝ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի բլոկի տնօրեն Կիրիլ Կոմարովը։
Նիստի ընթացքում ամփոփվեցին ՇԺԵ-2 ծրագրի շրջանակներում մինչ օրս իրականացված աշխատանքները, քննարկվեցին ընթացիկ և առաջիկա միջոցառումները, տեխնիկական լուծումները, ինչպես նաև ծրագրի հետագա իրականացմանն առնչվող հարցեր։
Հանդիպմանը մասնակցել են ՀԱԷԿ-ի ղեկավար կազմի, ինչպես նաև ծրագրում ներգրավված հայկական և ռուսական ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Կողմերը կարևորել են աշխատանքների համակարգված և հետևողական իրականացումը՝ ուղղված ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի անվտանգ, հուսալի և երկարաժամկետ շահագործման ապահովմանը։
Հայկական ԱԷԿ-ի մասին
Հայկական ԱԷԿ-ը, որը միակն է Հարավային Կովկասի տարածաշրջանում, տեղակայված է Մեծամոր քաղաքի մոտակայքում՝ Երևանից մոտ 30 կմ դեպի արևմուտք:
Կայանը երկրի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկն է՝ ապահովելով ընդհանուր արտադրանքի մինչև 40%-ը: Նրա ռեսուրսը երկարաձգված է մինչև 2026 թվականը, աշխատանքներ են տարվում այն ևս 10 տարով կրկնակի երկարաձգելու ուղղությամբ:
Հայաստանը նախատեսում է 8-10 տարվա ընթացքում կառուցել նոր ԱԷԿ, այժմ համեմատվում են տարբեր տարբերակներ և ուսումնասիրվում է գործընկերների փորձը: Ինչպես վերջերս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այս հարցով բանակցություններ են ընթանում հինգ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի հետ:
Հայկական կողմի քննարկմանն է արդեն ներկայացվել «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կողմից մշակված 1200 ՄՎտ հզորությամբ նոր բլոկի կառուցման նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը:
Ավելի վաղ «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովը, պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, հայտարարել էր, որ կորպորացիան կարող է Հայաստանին առաջարկել 50-ից մինչև 1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ: Նրա խոսքով՝ մասնավորապես հնարավորություն կա 50 ՄՎտ-անոց բլոկներից «հավաքել» ցանկացած հզորության ռեակտոր: