Էկոնոմիկայի փոխնախարարները համագործակցության հարցեր են քննարկել Խորհրդի «COEST» աշխատանքային խմբի անդամների հետ
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արամ Խաչատրյանը, Տիգրան Գասպարյանն ու Լևոն Մովսիսյանը սեպտեմբերի 28-ին ընդունել են ԵՄ Խորհրդի «COEST» աշխատանքային խմբի անդամներին, նշվում է նախարարության տելեգրամյան էջում։
Քննարկվել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացման, Հայաստանի եվրոպական ինտեգրման, իրականացվող բարեփոխումների, ինչպես նաև ԵՄ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի, համագործակցության ընդլայնման հնարավորությունները և այլ օրակարգային հարցեր։
ԵՄ Խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խումբը (COEST) զբաղվում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի պետությունների, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների հարցերով ԵՄ դիրքորոշումների նախապատրաստմամբ և համակարգմամբ:
Հայաստան-ԵՄ համագործակցություն
Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունները հիմնված են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) վրա, որը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին և ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի 1-ին:
Փաստաթուղթը սահմանում է համագործակցության շրջանակները քաղաքական և տնտեսական ոլորտներում, ներառյալ բարեփոխումները, առևտուրը, ներդրումները, ոլորտային փոխգործակցությունը, շրջակա միջավայրի պահպանությունը, կրթությունը և հետազոտությունները:
CEPA-ի շրջանակում գործում է Հայաստան-ԵՄ երկխոսության ինստիտուցիոնալ կառույցը, ներառյալ Հայաստան-ԵՄ գործընկերության խորհուրդը, Գործընկերության կոմիտեն և համագործակցության տարբեր ուղղություններով պրոֆիլային ենթակոմիտեները:
ԵՄ-ն Հայաստանում իրականացնում է նաև աջակցության ծրագրեր՝ կապված բարեփոխումների, տնտեսական զարգացման, մասնավոր հատվածի զարգացման և համագործակցության այլ ուղղությունների հետ: