Рейтинг@Mail.ru
USD
363.18
EUR
412.14
RUB
4.3187
GEL
139.42
2026 թ. սեպտեմբերի 30, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

«Ռոսատոմ»-ի տնօրենը կանխատեսում է 1 ԳՎտ էներգետիկ հզորության դեֆիցիտ ՀՀ-ում մինչև 2036 թ.-ը

Երեկ, 19:07
Ալեքսեյ Լիխաչովն ուշադրություն է դարձրել ՀՀ-ում էներգասպառման դինամիկային՝ հայտարարելով, որ անցած տարի այն աճել է 7%-ով
«Ռոսատոմ»-ի  տնօրենը կանխատեսում է 1 ԳՎտ էներգետիկ հզորության դեֆիցիտ ՀՀ-ում մինչև 2036 թ.-ը

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանը մինչև 2036 թ.-ը կարող է բախվել գեներացնող հզորությունների շուրջ 1 ԳՎտ դեֆիցիտի՝ էլեկտրաէներգիայի սպառման տարեկան 4% աճի և Հայկական ԱԷԿ-ը շահագործումից հանելու հաշվառմամբ։

Նման գնահատական է հնչեցրել «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը՝ Երևանում կայացած ճեպազրույցում պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Լիխաչովն ուշադրություն է դարձրել Հայաստանում էներգասպառման դինամիկային՝ հայտարարելով, որ անցած տարի այն աճել է 7%-ով։

«Նույնիսկ եթե մենք հիմքում դնենք սպառման շատ հավակնոտ աճ՝ տարեկան 4%, ապա մինչև 2036 թ.-ը, այսինքն՝ (նոր ԱԷԿ-ի՝ խմբ.) շահագործման հենց սկիզբը, մենք դուրս կգանք հզորությունների մոտավորապես 1 ԳՎտ դեֆիցիտի՝ հաշվի առնելով (գործող՝ խմբ.) Մեծամորի ԱԷԿ-ի շահագործումից դուրս բերումը», - ասել է Լիխաչովը։

Նա համաձայն չէ Հայաստանում էներգետիկ հզորությունների պրոֆիցիտի առկայության թեզի հետ՝ նշելով տեղադրված հզորությունը և ընդունելի գներով էլեկտրաէներգիայի փաստացի հասանելիությունը տարբերելու անհրաժեշտությունը։

«Հզորությունները կարող են և պրոֆիցիտ լինել, իսկ ահա բուն էլեկտրաէներգիան ընդունելի գներով, իմ կարծիքով, ծայրահեղ վիճակում է, այսինքն՝ հազիվ է բավականացնում», -հայտարարել է «Ռոսատոմի» տնօրենը։

Նրա խոսքով՝ էներգահամակարգի կարիքները գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել արևային և քամու գեներացիայի զգալի մասնաբաժինը, ինչպես նաև սպառման արտահայտված օրական տատանումները։ Ատոմային գեներացիայի առավելություններից մեկը Լիխաչովն անվանել է անկախ եղանակային պայմաններից էլեկտրաէներգիայի կայուն արտադրություն ապահովելու հնարավորությունը։

«Ռոսատոմի» տնօրենը նաև դրական է գնահատել հայկական կողմի հայտարարությունները ատոմային էներգետիկայի ոլորտում իրավասությունները զարգացնելու մտադրության մասին՝ դա անվանելով բանակցությունների կարևոր փուլ։

Ավելի վաղ Լիխաչովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների արդյունքներով հայտնել էր, որ Ռուսաստանը Հայաստանին է ներկայացրել 1 ԳՎտ հզորությամբ նոր ատոմային էներգաբլոկի կառուցման կոնկրետ առաջարկ։

Փաշինյանը Լիխաչովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ միջազգային գործընկերներից ստացված առաջարկների քննարկումները, և որոշումը կկայացվի մոտ ժամանակներս։ Նրա խոսքով՝ վերջնական որոշումը կրելու է բացառապես տնտեսական բնույթ՝ հաշվի առնելով գինը, որակը, անվտանգությունը, ժամկետներն ու երաշխիքները։

Հայկական ԱԷԿ-ի մասին

Հայկական ԱԷԿ-ը, որը միակն է Հարավային Կովկասի տարածաշրջանում, տեղակայված է Մեծամոր քաղաքի մոտակայքում՝ Երևանից մոտ 30 կմ դեպի արևմուտք:

Կայանը երկրի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկն է՝ ապահովելով ընդհանուր արտադրանքի մինչև 40%-ը: Նրա ռեսուրսը երկարաձգված է մինչև 2026 թվականը, աշխատանքներ են տարվում այն ևս 10 տարով կրկնակի երկարաձգելու ուղղությամբ:

Հայաստանը նախատեսում է 8-10 տարվա ընթացքում կառուցել նոր ԱԷԿ, այժմ համեմատվում են տարբեր տարբերակներ և ուսումնասիրվում է գործընկերների փորձը: Ինչպես վերջերս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այս հարցով բանակցություններ են ընթանում հինգ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի հետ:

Հայկական կողմի քննարկմանն է արդեն ներկայացվել «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կողմից մշակված 1200 ՄՎտ հզորությամբ նոր բլոկի կառուցման նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը:

Ավելի վաղ «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովը, պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, հայտարարել էր, որ կորպորացիան կարող է Հայաստանին առաջարկել 50-ից մինչև 1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ: Նրա խոսքով՝ մասնավորապես հնարավորություն կա 50 ՄՎտ-անոց բլոկներից «հավաքել» ցանկացած հզորության ռեակտոր: