ԱՄՀ-ն շահագրգիռ է Հայաստանի հետ համատեղ օրակարգի հետևողական առաջմղման գործում. ԱՄՀ առաքելության ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) շահագրգիռ է Հայաստանի հետ համատեղ օրակարգի հետևողական առաջմղման գործում, հայտարարել է ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, Թիմանն ընդգծել է ՀՀ Կառավարության հետ փոխգործակցության արդյունավետությունը։
Փաշինյանն իր հերթին կարևորել է ՀՀ Կառավարության և ԱՄՀ–ի միջև ձևավորված սերտ համագործակցությունն ու Հայաստանում համատեղ իրականացվող ծրագրերը։
Նա հավելել է, որ ԱՄՀ–ի հետ իրականացվող ծրագրերը նպաստում են ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգի արդյունավետ իրականացմանը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ընթացիկ համագործակցությանը և հետագա ծրագրերին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել մակրոտնտեսական զարգացումներին և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններին:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, այդ թվում՝ ենթակառուցվածքային նախագծերի շուրջ։