«Ռոսատոմը» տեխնիկական խոչընդոտներ չի տեսնում Հայկական ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետը մինչև 2036 թ.-ը երկարաձգելու համար
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ «Ռոսատոմը» տեխնիկական խոչընդոտներ չի տեսնում Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թ.-ը երկարաձգելու հարցում, ընդ որում՝ Հայաստանում ուսումնասիրվում է կայանի աշխատանքի հետագա երկարաձգման հնարավորությունը մինչև 2046 թ.-ը։
Այս մասին, ի պատասխան «ԱՌԿԱ» գործակալության հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների արդյունքներով ճեպազրույցում հայտարարել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
«Մենք սահուն անցել ենք արդեն մինչև 2036 թ.-ը երկարաձգման երկրորդ փուլին, որը մասամբ պայմանականորեն կարելի է բաժանել երկու փուլի՝ մինչև 2031-ը և 2031-ից մինչև 2036 թ.-ը։ 2031 թ.-ի հետ կապված աշխատանքների մեծ մասը կատարված է, և մենք նախօրեին աշխատանքային խմբի շրջանակում արձանագրել ենք արտադրական առաջադրանքի 100%-ոց կատարում», - ասել է Լիխաչովը։
Նրա խոսքով, հետագա աշխատանքները տարվելու են՝ հիմքում ունենալով 2036 թ.-ի ուղենիշը։
«Թե՛ ես, թե՛ մեր մասնագետները կասկած չունենք, որ կայանի (շահագործման ժամկետը խմբ.) կերկարաձգվի մինչև 2036 թ.-ը», - նշել է «Ռոսատոմի» ղեկավարը։
Ընդ որում՝ Լիխաչովն ընդգծել է, որ վերջին խոսքը ասելու է շահագործող կազմակերպության՝ հենց կայանի և կարգավորողի՝ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն։
Լիխաչովը հայտնել է նաև, որ Հայաստանի ղեկավարության և հայ մասնագետների կողմից ուսումնասիրվում է ԱԷԿ-ի շահագործման հետագա երկարաձգման հնարավորության հարցը՝ 2036-ից մինչև 2046 թ.-ը։
«Տեսականորեն նման հնարավորություն կա, մենք պատրաստ ենք կազմակերպել այդ աշխատանքը, եթե նման որոշում ընդունվի։ Բայց տեխնիկական հնարավորությունից բացի, պետք է խոսել տնտեսական նպատակահարմարության մասին», - ասել է նա։
Լիխաչովի գնահատմամբ՝ մինչև 2046 թ.-ը կայանի շահագործման երկարաձգման համար կպահանջվեն հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումներ։ Դրանք կապված կլինեն անվտանգության և ավտոմատիկայի համակարգերի արդիականացման, ռեակտորի իրանի կրկնակի թրծման, ինչպես նաև չօգտագործված միջուկային վառելիքի պահպանման հզորությունների ընդլայնման ու վերանորոգման հետ։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ կապիտալ ծախսերն իրենց հերթին կարող են հանգեցնել 2036–2046 թթ.-երի ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի արժեքի աճին։
«Հնարավոր է նույնիսկ էլեկտրաէներգիայի արժեքի կրկնակի աճ, եթե կատարվի մինչև 2046 թ.-ը երկարաձգման աշխատանքների ամբողջ ծավալը», - հայտարարել է Լիխաչովը։
Որպես այլընտրանք՝ նա նշել է գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի սահմանափակումը 2036 թ.-ով՝ հնարավորինս սեղմ ժամկետներում նոր բլոկի կառուցման մասին որոշման ընդունմամբ։
Հայկական ԱԷԿ-ի մասին
Հայկական ԱԷԿ-ը, որը միակն է Հարավային Կովկասի տարածաշրջանում, տեղակայված է Մեծամոր քաղաքի մոտակայքում՝ Երևանից մոտ 30 կմ դեպի արևմուտք:
Կայանը երկրի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկն է՝ ապահովելով ընդհանուր արտադրանքի մինչև 40%-ը: Նրա ռեսուրսը երկարաձգված է մինչև 2026 թվականը, աշխատանքներ են տարվում այն ևս 10 տարով կրկնակի երկարաձգելու ուղղությամբ:
Հայաստանը նախատեսում է 8-10 տարվա ընթացքում կառուցել նոր ԱԷԿ, այժմ համեմատվում են տարբեր տարբերակներ և ուսումնասիրվում է գործընկերների փորձը: Ինչպես վերջերս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այս հարցով բանակցություններ են ընթանում հինգ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի հետ:
Հայկական կողմի քննարկմանն է արդեն ներկայացվել «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կողմից մշակված 1200 ՄՎտ հզորությամբ նոր բլոկի կառուցման նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը:
Ավելի վաղ «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովը, պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, հայտարարել էր, որ կորպորացիան կարող է Հայաստանին առաջարկել 50-ից մինչև 1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ: Նրա խոսքով՝ մասնավորապես հնարավորություն կա 50 ՄՎտ-անոց բլոկներից «հավաքել» ցանկացած հզորության ռեակտոր: