Рейтинг@Mail.ru
USD
366.63
EUR
420.67
RUB
4.572
GEL
139.64
2026 թ. հուլիսի 31, ուրբաթ
եղանակը
Երևանում
+27

Ֆինանսների նախկին նախարարը նշել է հիմնական ռիսկերը Հայաստանի վարկանիշի համար Fitch–ի որոշումից հետո (ԲԱՑԱՌԻԿ)

Այսօր, 09:01
«ԱՌԿԱ» գործակալությանը տված էքսկլյուզիվ հարցազրույցում Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը մեկնաբանել է Fitch Ratings-ի գնահատականը և նշել այն գործոնները, որոնք, նրա կարծիքով, կարող են ազդել երկրի սուվերեն վարկանիշի բարձրացման կամ վատթարացման վրա
Ֆինանսների նախկին նախարարը նշել է հիմնական ռիսկերը Հայաստանի վարկանիշի համար Fitch–ի որոշումից հետո (ԲԱՑԱՌԻԿ)

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Fitch Ratings գործակալությունը վերջերս հաստատել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «BB-» մակարդակում՝ «դրական» կանխատեսմամբ՝ նշելով միջազգային պահուստների աճը, տնտեսության կայուն դինամիկան և ռազմական էսկալացիայի կարճաժամկետ ռիսկերի նվազումը՝ ԱՄՆ-ի աջակցությամբ Ադրբեջանի հետ իրականացվող խաղաղության շրջանակային ծրագրի շնորհիվ: Միևնույն ժամանակ, գործակալությունը մատնանշել է հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի ավարտի շուրջ պահպանվող անորոշությունը, ինչպես նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության հետ կապված ռիսկերը:

«ԱՌԿԱ» գործակալությանը տված էքսկլյուզիվ հարցազրույցում Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը մեկնաբանել է Fitch Ratings-ի գնահատականը և նշել այն գործոնները, որոնք, նրա կարծիքով, կարող են ազդել երկրի սուվերեն վարկանիշի բարձրացման կամ վատթարացման վրա:

«ԱՌԿԱ» – Fitch-ի նշած գործոններից որո՞նք են այսօր ամենամեծ ռիսկերը ստեղծում Հայաստանի վարկանիշի համար՝ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի հնարավոր ձախողումը, Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների վատթարացումը, ընթացիկ հաշվի պակասուրդի ընդլայնումը, թե՞ պետական պարտքի աճը։

Վ․ Արամյան – Նախ ես «Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի հնարավոր ձախողում» ձևակերպումը ճիշտ չեմ համարում։ Դժվար է խոսել խաղաղության գործընթացի մասին, երբ մյուս կողմը շարունակում է բացահայտ թշնամական քաղաքականությունը։ Դրա բազմաթիվ վկայություններ կան․ հայկական ռազմագերիները շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում շինծու մեղադրանքներով, պետական մակարդակով առաջ է մղվում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը։ Հետևաբար, այստեղ խոսքը պարզապես ռիսկի մասին չէ, այլ անվտանգության ուղղակի և շարունակական սպառնալիքի, որը գերակայում է տնտեսական ցանկացած ռիսկի նկատմամբ։

Ինչ վերաբերում է Fitch-ի կողմից առանձնացված մյուս երեք գործոններին՝ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների հնարավոր վատթարացմանը, ընթացիկ հաշվի պակասուրդի ընդլայնմանը և պետական պարտքի աճին, ապա դրանք փոխկապակցված են և փոխադարձաբար ուժեղացնում են միմյանց ադեցությունը։

2025 թվականի վերջի դրությամբ ընթացիկ հաշվի պակասուրդը կազմել է շուրջ 2.6 մլրդ ԱՄՆ դոլար, որի հիմնական պատճառը ապրանքների առևտրի շուրջ 3.8 մլրդ դոլարի բացասական հաշվեկշիռն է։ Համեմատության համար նշեմ, որ 2022 թվականին ընթացիկ հաշվի պակասուրդը ընդամենը 85 մլն դոլար էր։

Այսպիսի պակասուրդը պետք է ֆինանսավորվի։ Դրա հիմնական աղբյուրները երեքն են՝ ուղղակի օտարերկրյա ներդրումները, մասնավոր հատվածի արտաքին պարտքը և պետական պարտքը։ Այս փուլում ուղղակի ներդրումների էական աճ ակնկալելը դժվար է։ Ներդրումների համար առանցքային նախապայմանը սեփականության իրավունքի պաշտպանությունն ու կանխատեսելի բիզնես միջավայրն են։

Երբ խոշոր մասնավոր ընկերությունների նկատմամբ կիրառվում են քաղաքական կամ վարչական ճնշումների վերաբերյալ բարձրաձայնվող դեպքեր՝ անկախ դրանց իրավական գնահատականներից, դա բացասաբար է անդրադառնում ներդրումային վստահության վրա։ Այդ պայմաններում ընթացիկ հաշվի պակասուրդի ֆինանսավորման հիմնական բեռը, մեծ հավանականությամբ, կտեղափոխվի պարտքային աղբյուրների վրա, այդ թվում՝ պետական պարտքի։

Միաժամանակ, վերջին տարիներին ստանձնված զգալի ընթացիկ ծախսային պարտավորությունները նույնպես լրացուցիչ ճնշում են գործադրելու պետական ֆինանսների վրա։ Եթե կառավարությունը չվերանայի ծախսերի կառուցվածքը, չկրճատի ոչ առաջնահերթ ծախսերը կամ չձևավորի լրացուցիչ կայուն եկամուտներ, ապա պետական պարտքի աճի ռիսկը կշարունակի բարձր մնալ, իսկ ավելի երկարաժամկետ հեռանկարում կարող է վտանգվել նաև երկրի ֆիսկալ կայունությունը։

«ԱՌԿԱ» – 2025 թվականին Հայաստանի ընթացիկ հաշվի պակասուրդն աճել է մինչև ՀՆԱ-ի 7,2%-ը՝ ավելի քան երկու անգամ գերազանցելով «BB» վարկանիշային կարգի երկրների միջին ցուցանիշը։ Որքանո՞վ է կայուն նման պակասուրդի ֆինանսավորումը, և ո՞ր պայմաններում այն կարող է անմիջական ռիսկ դառնալ վարկանիշի համար։

Վ․ Արամյան – Ակադեմիական գրականության մեջ չկա մեկ ընդհանուր շեմ, թե զարգացող երկրների համար ընթացիկ հաշվի պակասուրդի որ մակարդակն է համարվում անվտանգ։ Շատ ավելի կարևոր են երկու հանգամանք՝ դրա դինամիկան և կառուցվածքը։

Առաջինը՝ դինամիկան։ 2022 թվականին Հայաստանի ընթացիկ հաշվի պակասուրդը կազմել էր ընդամենը 85 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2025 թվականին այն հասել է շուրջ 2.6 մլրդ դոլարի կամ ՀՆԱ-ի 8.6%-ի ըստ ԱՎԾ պաշտոնական թվերի։ Համեմատության համար ասեմ որ 2022թ-ին այն կազմել է -0,4%, իսկ ասենք նույնիսկ շոկային տարում՝ 2020թ-ին եղել է 4,0% ։ Այսպիսի արագ վատթարացումը ինքնին մտահոգիչ է։

Երկրորդը՝ կառուցվածքը։ Պակասուրդը հիմնականում ձևավորվում է ապրանքների առևտրի զգալի բացասական հաշվեկշռի պատճառով։ Եթե այդ ներմուծումները հիմնականում ներդրումային նշանակության մեքենաներ և սարքավորումներ լինեին, որոնք բարձրացնում են ապագա արտադրողականությունը, ապա ռիսկերը շատ ավելի փոքր կլինեին։ Սակայն այսօր մենք չենք տեսնում ուղղակի օտարերկրյա ներդրումների բավարար ներհոսք, իսկ ներքին ներդրումների զգալի մասը կենտրոնացած է բնակարանաշինության ոլորտում, որը նույն չափով չի մեծացնում արտահանման ներուժը։

Հենց սա է Fitch-ի հիմնական մտահոգությունը․ եթե ընթացիկ հաշվի բարձր պակասուրդը շարունակի ֆինանսավորվել ոչ թե արտադրողական ներդրումներով, այլ աճող պարտքով, ապա դա ժամանակի ընթացքում կարող է թուլացնել արտաքին կայունությունը և դառնալ Հայաստանի վարկանիշի վրա ճնշում գործադրող կարևոր գործոն։

«ԱՌԿԱ» – Որքանո՞վ է կայուն թվում կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը՝ հաշվի առնելով սոցիալական ծախսերի, այդ թվում՝ առողջապահության և կենսաթոշակների գծով ծախսերի ավելացումը։

Վ․ Արամյան – Կարծում եմ՝ հարկաբյուջետային կայունության ռիսկերը աճում են և առաջիկա տարիներին կարող են ավելի խորանալ, եթե կառավարությունը չգնա հարկաբյուջետային կոնսոլիդացիայի։ Դա նշանակում է վերանայել ընթացիկ ծախսերի առաջնահերթությունները, կրճատել ոչ արդյունավետ ծախսերը և, հնարավոր է, նաև քննարկել հարկային եկամուտների ավելացման հարցը։

Նախընտրական սոցիալական խոստումները երկարաժամկետ ֆիսկալ արժեք ունեն։ Օրինակ՝ միայն բոլոր կենսաթոշակների ամսական 10 հազար դրամով բարձրացումը պետական բյուջեի համար ստեղծում է շուրջ 78 մլրդ դրամի մշտական տարեկան լրացուցիչ պարտավորություն։

Եթե նման ընթացիկ ծախսերը ֆինանսավորվեն կապիտալ ներդրումների կրճատման կամ պետական պարտքի ավելացման հաշվին, ապա դա կթուլացնի տնտեսական աճի ներուժը։ Հետևաբար, սոցիալական քաղաքականությունը պետք է ուղեկցվի իրատեսական և երկարաժամկետ ֆինանսավորման աղբյուրներով։

«ԱՌԿԱ» – Տնտեսության, պետական ֆինանսների և ինստիտուցիոնալ միջավայրի ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ Հայաստանի վարկանիշի բարձրացման համար։ Ի՞նչ իրադարձություններ, ընդհակառակը, կարող են հանգեցնել կանխատեսման՝ «դրականից» «կայունի» վերադարձին։

Վ․ Արամյան – Հայաստանի վարկանիշի բարձրացման համար, իմ գնահատմամբ, ամենակարևոր նախապայմանը կանխատեսելի և վստահություն ներշնչող բիզնես միջավայրի ձևավորումն է։ Առանց այդ վստահության դժվար է ակնկալել խոշոր, հատկապես արտադրողական ոլորտներ ուղղված ուղղակի օտարերկրյա ներդրումների աճ։

Այսօր ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ խոշոր բիզնեսի նկատմամբ կիրառվող, քաղաքական մոտիվներով ընկալվող գործողությունները լրջորեն վնասում են ներդրումային վստահությանը։ Անկախ իրավական գործընթացների բովանդակությունից՝ երբ տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը փաստացի դադարեցվում է, աշխատակիցները զրկվում են աշխատանքից, իսկ բիզնեսը կանգ է առնում՝ մինչև վերջնական դատական ակտի առկայությունը, դա բացասական ազդակ է ոչ միայն տվյալ ընկերության, այլև ամբողջ ներդրումային համայնքի համար։ Արդյունքում ձևավորվում է այնպիսի միջավայր, որտեղ ցանկացած ներդրող սկսում է կասկածել սեփականության իրավունքի պաշտպանվածությանը և խաղի կանոնների կանխատեսելիությանը։ Հակառակ դեպքում, եթե հաջողվի ամրապնդել իրավական կանխատեսելիությունը, պաշտպանել սեփականության իրավունքը, ապահովել հավասար մրցակցային պայմաններ և իրականացնել հետևողական ֆիսկալ ու կառուցվածքային բարեփոխումներ, Հայաստանի վարկանիշի բարձրացման հավանականությունը կմեծանա։

Իսկ «դրական» կանխատեսման վերադարձը «կայունի» առավել հավանական կլինի, եթե շարունակեն թուլանալ ներդրումային միջավայրը, աճեն արտաքին և ֆիսկալ անհավասարակշռությունները, կամ էականորեն վատթարանա երկրի անվտանգային իրավիճակը։

«ԱՌԿԱ» – Fitch-ն ակնկալում է, որ գնաճային ճնշման ֆոնին Հայաստանի Կենտրոնական բանկը ժամանակավորապես կբարձրացնի տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ հասցնելով մինչև 6,75%։ Որքանո՞վ է արդարացված դրամավարկային քաղաքականության նման խստացումը։

Վ․ Արամյան – 2026 թվականի հունիսին 12-ամսյա գնաճը դեռևս բարձր է մնում և կազմել է 5.1%, ինչը գերազանցում է Կենտրոնական բանկի թիրախային մակարդակը։

Միաժամանակ, դրամավարկային պայմանների կոշտացման վերջնական որոշումը կախված կլինի նաև արտաքին և ներքին առաջարկի գործոններից։ Եթե

Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումների հետևանքով հայկական գյուղմթերքի արտահանումը դժվարանա, ապա ներքին շուկայում առաջարկը կաճի, ինչը կարող է ձևավորել գնանկումային միջավայր և նվազեցնել տոկոսադրույքի բարձրացման անհրաժեշտությունը։

Սակայն եթե արտահանողները կարողանան արագ վերաուղղել իրենց մատակարարումները կամ գտնել այլ ուղիներ, այդ թվում՝ երրորդ երկրների միջոցով, ապա այդ դեֆլացիոն ազդեցությունը կթուլանա։ Ի լրումն դրա, եթե ՌԴ-ն գնա այլ քայլերի՝ այդ թվում գազի գնի վերանայման ուղղությամբ, դա կձևավորի ավելի բարձր գնաճային ֆոն և գնաճային սպասումներ։ Այդ դեպքում Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը լիովին հիմնավորված քայլ կլինի՝ գնաճը միջնաժամկետում վերադարձնելու թիրախային մակարդակին։

«ԱՌԿԱ» – Դեպի Ռուսաստան հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումները կարող են մեծացնել դրանց առաջարկը ներքին շուկայում և ունենալ գնաճը զսպող ազդեցություն։ Որքանո՞վ կարող է նշանակալի լինել այս ազդեցությունը, և արդյո՞ք այն ունակ է փոխել տոկոսադրույքի հետագիծը։

Վ․ Արամյան – Եթե «հետագիծ» ասելով նկատի ունենք, որ Կենտրոնական բանկը կանցնի տոկոսադրույքների նվազեցման, ապա, իմ կարծիքով, նման սցենարը քիչ հավանական է։

Իհարկե, եթե Ռուսաստանի սահմանափակումների պատճառով արտահանման մի մասը մնա ներքին շուկայում, դա որոշ ապրանքատեսակների, հատկապես գյուղմթերքի շուկայում, կստեղծի դեֆլացիոն ազդեցություն։ Սակայն այդ ազդեցության ուժը կախված կլինի նրանից, թե որքան արագ հայկական արտահանողները կկարողանան գտնել այլ շուկաներ կամ այլ արտահանման ուղիներ։ Կարճաժամկետ հատվածում դա հեշտ խնդիր չէ, ուստի որոշակի գնանկումային ազդեցություն, ամենայն հավանականությամբ, կլինի։

Սակայն այդ ազդեցությունը դժվար թե բավարար լինի դրամավարկային քաղաքականության ուղղությունը փոխելու համար։ Այսօր պահպանվում են նաև գնաճի այլ աղբյուրներ. օրինակ՝ 2026 թվականի հունիսին կրթության ծառայությունների 12-ամսյա գնաճը կազմել է 8.3%, առողջապահության ոլորտում՝ 3.6%։

Բացի այդ, աշխարհաքաղաքական լարվածությունը՝ Մերձավոր Արևելքում, Ռուսաստան–Ուկրաինա և ԱՄՆ–Չինաստան հարաբերություններում, շարունակում է բարձր պահել էներգակիրների թանկացման ռիսկը, որն իր հերթին բազմապատկվող ազդեցություն է ունենում ամբողջ տնտեսության վրա։

Հետևաբար, Ռուսաստանի սահմանափակումներից բխող դեֆլացիոն ազդեցությունը, ամենայն հավանականությամբ, կզսպի գնաճը միայն մասնակիորեն, բայց դժվար թե ինքնուրույն հիմք դառնա Կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքների նվազեցման համար։

«ԱՌԿԱ» – Հայաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային մակարդակի՝ 5,9 մլրդ դոլարի։ Որքանո՞վ հուսալի պաշտպանություն են դրանք ընթացիկ հաշվի պակասուրդի ընդլայնման և արտահանման, զբոսաշրջային մուտքերի ու տրանսֆերտների հնարավոր կրճատման դեպքում։

Վ․ Արամյան – Միջազգային պահուստների հուսալիությունը սովորաբար գնահատվում է ոչ թե դրանց բացարձակ մեծությամբ, այլ հարաբերական ցուցանիշներով, առաջին հերթին՝ քանի ամսվա ներմուծում կարող են ֆինանսավորել։

Հայաստանի դեպքում ապրանքների և ծառայությունների ներմուծման միջին ամսական ծավալը կազմում է շուրջ 1.4 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը նշանակում է, որ 5.9 մլրդ դոլարի միջազգային պահուստները ապահովում են 4 ամսից ավելի ներմուծման ծածկույթ։ Միջազգային պրակտիկայում ընդունված նվազագույն անվտանգ շեմը 3 ամիսն է, ուստի այս ցուցանիշով Հայաստանը ներկայումս գտնվում է բավականին ապահով դիրքում։

Սակայն պետք է հասկանալ, որ պահուստները մշտական լուծում չեն։ Եթե ընթացիկ հաշվի բարձր պակասուրդը երկար ժամանակ պահպանվի, իսկ արտահանումը, զբոսաշրջային մուտքերը և տրանսֆերտները զգալիորեն նվազեն, ապա նույնիսկ այս մակարդակի պահուստները ժամանակի ընթացքում կարող են սպառվել։ Հետևաբար, ներկայիս իրավիճակում դրանք բավարար պաշտպանական բարձիկ են, բայց միայն այն պայմանով, որ արտաքին ցնցումները չլինեն երկարատև կամ լայնածավալ։