Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

Arkia իսրայելական ավիաընկերությունը հունիսից կսկսի Թել Ավիվ–Երևան–Թել Ավիվ ուղղությամբ կանոնավոր չվերթերը

24.05.2013, 17:26
Մեծությամբ երկրորդ Arkia իսրայելական ավիաընկերությունը հունիսից կսկսի իրականացնել Թել Ավիվ–Երևան–Թել Ավիվ ուղղությամբ չվերթերը, ուրբաթ լրագրողներին հաղորդեց «Արմենիա.Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն։
Arkia իսրայելական ավիաընկերությունը հունիսից կսկսի Թել Ավիվ–Երևան–Թել Ավիվ ուղղությամբ կանոնավոր չվերթերը
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. Մեծությամբ երկրորդ Arkia իսրայելական ավիաընկերությունը հունիսից կսկսի իրականացնել Թել Ավիվ–Երևան–Թել Ավիվ ուղղությամբ չվերթերը, ուրբաթ լրագրողներին հաղորդեց «Արմենիա.Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն։

«Ես կարծում եմ, որ այս մեկնարկը շատ շահավետ և շահութաբեր է, և այն թույլ կտա ամրապնդել Իսրայելի հետ հարաբերությունները»,– ասաց Վենդեն։

Նա նշեց, որ տարեկան Իսրայելից 6 մլն մարդ է մեկնում արտերկրներ հանգստանալու, և հաշվի առնելով լավ հայ–իսրայելական հարաբերությունները` Հայաստանը ներուժ ունի այդ զբոսաշրջիկների ներգրավման համար։

Այդ կարծիքի է նաև ավիաընկերության հայկական ներկայացուցչության ղեկավար Ալեքսանդր Նուրոկը, ով վստահություն հայտնեց, որ այդ չվերթը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և հայ–իսրայելական հարաբերությունների ամրապնդմանը։

Ընկերության ներկայացուցիչը նշեց, որ Իսրայելը հեշտացրել է ՀՀ քաղաքացիների համար վիզաների ստացման ընթացակարգը։ Եթե նախկինում վիզաներ ստանալու համար անհրաժեշտ էր Վրաստան մեկնել, որտեղ իսրայելական դեսպանատուն կա, ապա այժմ վիզա հնարավոր է ստանալ տեղական տուրիստական գործակալություններում։

Ըստ նրա` ընկերությունը շաբաթական երկու չվերթ է իրականացնում Թբիլիսի, իսկ հայկական շուկայի ուսումնասիրումից հետո որոշել է չվերթեր իրականացնել նաև Երևան։

Նուրոկը տեղեկացրեց, որ տվյալ պահին նախատեսված է, որ չվերթերն իրականացվելու են շաբաթը մեկ անգամ Embraer E-95 ինքնաթիռով (էկոնոմ կարգի 120 տեղ), իսկ երկու ուղղությամբ տոմսի արժեքը կսկսվի 310 եվրոյից։

Թել Ավիվ–Երևան առաջին չվերթը կիրականացվի մայիսի 28–ին։ Բոլոր տոմսերն արդեն ձեռք են բերված, իսկ արդեն հունիսի 5–ից կսկսվեն նաև Թել Ավիվի չվերթերը։

Arkia–ն հիմնադրվել է 1950թ.–ին և Էլ Ալ–ից հետո Իսրայելի մեծությամբ երկրորդ ավիաընկերությունն է։ Իրականացնում է ներքին և արտաքին ուղևորատար ավիափոխադրումներ։ Ուղևորաշրջանառությունը 2012թ.–ին կազմել է 1,6 մլն մարդ։

«Արմենիա - միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը՝ համատեղ շահագործման պայմանագրի համաձայն, որը հայկական կառավարությունը կնքել էր 2001-ին` 30 տարի ժամկետով։ Ձեռնարկության սեփականատերն է արգենտինական American International Airports ընկերությունը, որը պատկանում է Արգենտինայի քաղաքացի հայազգի Էդուարդո Էռնեկյանին։--0—