Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

«Ռոսնեֆտը» մեկ ամսում կներկայացնի «Նաիրիտի» գործարկման հնարավորության մասին ուսումնասիրության արդյունքները

10.07.2014, 13:15
«Ռոսնեֆտը» մեկ ամսվա ընթացքում կներկայացնի «Նաիրիտ» հայկական քիմիական գործարանի հնարավոր գործարկման վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները, հինգշաբթի կառավարության նիստից առաջ լրագրողներին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
«Ռոսնեֆտը» մեկ ամսում կներկայացնի «Նաիրիտի» գործարկման հնարավորության մասին ուսումնասիրության արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Ռոսնեֆտը» մեկ ամսվա ընթացքում կներկայացնի «Նաիրիտ» հայկական քիմիական գործարանի հնարավոր գործարկման վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները, հինգշաբթի կառավարության նիստից առաջ լրագրողներին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Կառավարության շենքի առաջ մի քանի տասնյակ մարդ է հավաքվել, որոնց թվում են «Նաիրիտ» գործարանի աշխատողները, ովքեր ներկայացրել են մի շարք հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերում են աշխատավարձերին, գործարանի գործարկմանն ու պարտքերի մարմանը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «նաիրիտցիներին» հանդիպման է հրավիրել կառավարության նիստից հետո:

««Ռոսնեֆտ» ռուսական ընկերությունն ուսումնասիրում է գործարանի գործարկման հնարավորությունը, նախատեսվում է, որ այն կներկայացնի ուսումնասիրության արդյունքները մեկ ամսվա ընթացքում», - ասաց Զախարյանը:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետի  հանձնարարությամբ ուսումնասիրություններ են անցկացվում աշխատողների աշխատավարձերի պարտքերի հետ կապված իրավիճակի կապակցությամբ, և ստեղծված իրավիճակից դուրս գալու միջոցներ են մշակվում:

Ինչպես նշել են գործարանի աշխատակիցները, արդեն 16 ամիս է` աշխատավարձ չեն ստացել:

«Ուսումնասիրությունները կավարտվեն առաջիկա 2-3 ամսում: Համոզված եմ, որ մենք ուղիներ կգտնենք աշխատավարձերի պարտքերը վճարելու համար», - ասաց Զախարյանը:

2013թ.-ի դեկտեմբերի վերջին «Ռոսնեֆտը», Pirelli Tyre Armenia-ն ու «Ռոսնեֆտ-Արմենիան» բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին հուշագիր են ստորագրել:

Ավելի վաղ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել էր, որ «Ռոսնեֆտը» նախատեսում է 400 մլն դոլար ներդնել նոր գործարանում, իսկ ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը հույս էր հայտնել, որ «Նաիրիտ» գործարանի մասնագետները պահանջված կլինեն նոր ձեռնարկությունում:

«Ռոսնեֆտը» դեռ չի հայտարարել գործարանի հետ կապված ներդրումային ծրագրից հրաժարվելու մասին:

2013թ.-ի նոյեմբերի դրությամբ «Նաիրիտի» աշխատավարձերի հետ կապված պարտքերը կազմել են մոտ 12 մլն դոլար:

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ-ի տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր: 2006թ.-ին «Նաիրիտ» ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը 40 մլն դոլարով վաճառվեց բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումին, մնացած տասը տոկոսը պատկանում է ՀՀ կառավարությանը: 2010թ.-ի ապրիլից գործարանի արտադրությունը դադարեցված է:-0-