Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+2

Ռուսական շուկան առաջնահերթություն է Հայաստանի համար. ՀՀ պատկան մարմինը երաշխավորել է արտահանումների ժամանակ ԵԱՏՄ պահանջների պահպանումը

30.07.2025, 13:54
Հայաստանի համար ռուսական շուկան առաջնահերթություն է և  արտահանումների ժամանակ ՀՀ պատկան մարմնի կողմից ԵԱՏՄ պահանջները պահպանվելու են
Ռուսական շուկան առաջնահերթություն է Հայաստանի համար. ՀՀ պատկան մարմինը երաշխավորել է արտահանումների ժամանակ ԵԱՏՄ պահանջների պահպանումը

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի համար ռուսական շուկան առաջնահերթություն է և արտահանումների ժամանակ ՀՀ պատկան մարմնի կողմից ԵԱՏՄ պահանջները պահպանվելու են։ Այս մասին հայտարարել է ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) ղեկավար Սերգեյ Դանկվերտի հետ Մոսկվայում ունեցած հանդիպման ընթացքում։

Ինչպես հայտնում է Ռոսսելխոզնադզորի կայքը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների պատկան մարմինների միջև համագործակցության զարգացումները, այդ թվում՝ Հայաստանից Ռուսաստան ծաղկային արտադրանքի մատակարարումների ժամանակ ֆիտոսանիտարական պահանջների պահպանման հարցեր։

Տիգրան Պետրոսյանն ու Սերգեյ Դանկվերտը վերահաստատել են կառույցների միջև համագործակցության բարձր մակարդակն ու արդյունավետ բնույթը պահպանելու պատրաստակամությունը՝ ինչպես երկկողմ առևտրային հարաբերությունների զարգացման, այնպես էլ ԵԱՏՄ-ի շրջանակում աշխատանքների ուղղությամբ։

Համաձայն FGIS Argus-Fito-ի տվյալների՝ 2025 թ.-ի հուլիսի 23-ի դրությամբ, Հայաստանից Ռուսաստան է ներմուծվել 103,4 հազար տոննա պտուղբանջարեղենային արտադրանք, ինչը գրեթե 50%-ով ավելի է, քան եղել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում (69,6 հազար տոննա):

Այս տարի Հայաստանից ծաղիկների ներմուծման աճ է գրանցվել։ Այսպիսով, 2025 թ.-ի սկզբից մատակարարվել է ավելի քան 71.1 մլն հատ, ինչը 47%-ով ավելի է, քան եղել է 2024 թ.-ի նույն ժամանակահատվածում՝ 48.5 մլն հատ։ Անցած ամբողջ տարվա ընթացքում արտահանվել է 84.4 մլն հատ ծաղիկ։ Կողմերը համաձայնության են եկել ապրանքների փոխադարձ մատակարարումների ժամանակ ԵԱՏՄ բուսասանիտարական պահանջներին համապատասխանելու անհրաժեշտության հարցում, ինչպես նաև ավելի մանրամասն քննարկել են ՌԴ ծաղիկների մուտքի կարգը։

Այսօր 14 հայ արտադրողներ, հաշվի առնելով Հայաստանի իրավասու մարմնի երաշխիքները, կարող են ծաղկային արտադրանք մատակարարել ռուսական շուկա: Ջերմոցների համատեղ աուդիտը շարունակվում է: Ռոսսելխոզնադզորը կստուգի որոշ ձեռնարկություններ, իսկ մյուս արտադրողները կստուգվեն հայկական ծառայության կողմից ինքնուրույն, որին կհաջորդի համապատասխան երաշխիքների տրամադրումը։

Կողմերը շեշտել են նաև պետությունների միջև միասնական տեղեկատվական հարթակի զարգացման կարևորությանը. բուսական ծագում ունեցող ապրանքների ակտիվ առևտրի պայմաններում բուսասանիտարիայի և այլ ոլորտների տեղեկատվական համակարգերի ինտեգրումը գերակա խնդիրներից է. դա ապրանքների շարժի հետագծելիությունն ապահովելու անհրաժեշտ ու կարևոր գործիք է։

Սերգեյ Դանկվերտն ու Տիգրան Պետրոսյանը գոհունակություն են հայտնել հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների առթիվ՝ մեկ անգամ ևս ընդգծելով երկու երկրների միջև գործարար և առևտրային հարաբերությունների բարձր մակարդակը պահպանելու ու ակտիվ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը: