Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Շուրջ 60 ընկերություն կմասնակցի «Երկրները` մեկ հարկի տակ» միջազգային երկրորդ փառատոնին

19.09.2013, 14:36
Շուրջ 60 ընկերություն կմասնակցի «Երկրները` մեկ հարկի տակ» միջազգային երկրորդ փառատոնին, որը կանցկացվի սեպտեմբերի 20–22–ը Երևանում, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց միջոցառման կազմակերպիչ, GMG Media Group ընկերության տնօրեն Մարիամ Մանուկյանը։
Շուրջ 60 ընկերություն կմասնակցի «Երկրները` մեկ հարկի տակ» միջազգային երկրորդ փառատոնին
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Շուրջ 60 ընկերություն կմասնակցի «Երկրները` մեկ հարկի տակ» միջազգային երկրորդ փառատոնին, որը կանցկացվի սեպտեմբերի 20–22–ը Երևանում, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց միջոցառման կազմակերպիչ, GMG Media Group ընկերության տնօրեն Մարիամ Մանուկյանը։

«Մեր փառատոնը շատ հետաքրքիր նպատակ է հետապնդում. միավորել բիզնեսն ու մշակույթը, թույլ տալ հայրենական և արտասահմանյան ապրանք արտադրողներին հանդիպել մեկ վայրում, իրենց փորձը փոխանակել և քննարկել տարբեր ոլորտներում համագործակցության հարցերը»,– ասաց նա։

Մանուկյանը նշեց, որ ՀՀ սփյուռքի և էկոնոմիկայի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի և Հանրապետության արդյունաբերության զարգացման հիմնադրամի աջակցությամբ GMG Media Group ընկերության կողմից կազմակերպված փառատոնն ընդգրկում է տարբեր ոլորտներ, այդ թվում` արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, բժշկություն և զբոսաշրջություն։

2012թ.–ի սեպտեմբերի 21–28–ը Երևանում անցկացված առաջին փառատոնին մասնակցեցին շուրջ 40 տեղական և արտասահմանյան ընկերություններ։

Այս տարի միջոցառումը կանցկացվի Հյուսիսային պողոտայում։ Այնտեղ կտեղադրվեն տաղավարներ, որտեղ 20 երկրների (որոնց թվում են Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Իրանը) ընկերություններ կներկայացնեն իրենց արտադրանքը։

Փառատոնը կուղեկցվի  միջոցառման մասնակից երկրների ազգային երգերով և պարերով։

«Բացի այդ, այցելուներին կառաջարկվեն ազգային, այդ թվում սիրիական և եգիպտական խոհանոցի ավանդական ճաշատեսակներ»,– ասաց Մանուկյանը։

Ըստ նրա, փառատոնի փակման պաշտոնական արարողության ժամանակ, որը տեղի կունենա սեպտեմբերի 22–ին մայրաքաղաքի «Էրեբունի պլազա» հյուրանոցում, կկայանա լավագույն ընկերությունների պարգևատրումը «Լավագույն տաղավար, «Ակտիվ տաղավար», «Լավագույն գործարար», «Լավագույն կին գործարար» և «Լավագույն համատեղ ձեռնարկություն» անվանակարգերում։

Միջոցառման կազմակերպիչը հույս հայտնեց, որ հետագայում փառատոնն ավանդական կդառնա։

2003թ.–ին հիմնադրված GMG Media Group ընկերությունը միջոցառումներ է կազմակերպում տարբեր ոլորտներում, ինչպես նաև մի շարք ամսագրեր է հրատարակում։ –0–