«Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամը կդառնա հարթակ՝ ուղղված արտադրության արդիականացմանը, արտահանման խթանմանը և հայկական ապրանքանիշների տարածմանը
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամը կդառնա հարթակ պետական-մասնավոր և կրթական հատվածների համագործակցության համար՝ ուղղված արտադրության արդիականացմանը, արտահանման խթանմանը և հայկական ապրանքանիշների տարածմանը, նշվում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, տեքստիլ արդյունաբերությունը մեր երկրի ռազմավարական ոլորտներից է, որն ունի մեծ ներուժ ինչպես արտահանման, այնպես էլ ավելացված արժեքի ստեղծման տեսանկյունից։
«Այս ոլորտի կայուն զարգացումը պահանջում է համակարգված մոտեցում, նորարարական լուծումներ և պետություն-մասնակվոր համագործակցության արդյունավետ մեխանիզմներ։ Այս նպատակով Կառավարության 2025 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ ստեղծվեց «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամը, որը բխում է տեքստիլ ոլորտի զարգացման ռազմավարությունից», – նշել է նա։
Փոխնախարարը նաև ընդգծել է, որ հիմնադրամին վերապահված է ոլորտային քաղաքականությունների իմպլեմենտացիան, միջազգային փորձի տեղայնացումը, պետական աջակցության ծրագրերի իրականացումն ու հայկական տեքստիլ արտադրության հանրահռչակումը։
Հիմնադրամը ստեղծվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի», Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Հայաստանի ներդրումային խորհրդի աջակցությամբ։