Վարչապետը նշել է պաշտպանական ծախսերը 2026թ.–ին 2025թ.–ի համեմատ նվազելու պատճառը
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/. Չորեքշաբթի ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է պաշտպանական ծախսերի սպասվող դինամիկայի վերաբերյալ հարցին՝ աշխարհաքաղաքական զարգացումների լույսի ներքո։
«2025 թ.-ին մենք ունեցել ենք պաշտպանական ծախսերի կտրուկ և անհամաչափ մեծ աճ՝ 2024 թ.-ի համեմատ։ Մենք էական պաշտպանական ծախսեր ենք կատարել, որոնց մի մասն օգտագործվել է ապագա պարտքերի և պարտավորությունների մարման համար, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։ Այսինքն՝ այն վարկերի համար, որոնք հատկացվել են պաշտպանության համար և որոնք մենք պետք է մարեինք 2030 կամ 2035 թթ.-երին, մենք հնարավոր ենք համարել նվազեցնել ապագա պարտքի բեռը», - ասել է նա։
Փաշինյանը նշել է, որ միջնաժամկետ ծախսերի ծրագրի համաձայն՝ 2026 թ.-ին պաշտպանական ծախսերը 2024 թ.-ի համեմատ ունեն բնական աճ։
«Եթե 2025–ին պաշտպանական ծախսերի 115 մլրդ դրամի կտրուկ, անհամաչափ աճը չլիներ, մենք կունենայինք 2023, 2024, 2025, 2026 թվականների բնականոն աճ: Այն, որ 2026–ին 2025–ի նկատմամբ չենք նախատեսում պաշտպանական ծախսերի աճ, այլ նվազում է նախատեսվում, կապված է առաջին հերթին դրա հետ»,–պարզաբանել է նա։
Նշելով, որ կան այլ գործոններ, վարչապետն ասել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է դրանք ներկայացնել խորհրդարանին՝ դռնփակ ռեժիմով։
«Այն քաղաքականությունը, որը մենք վարում ենք, ոչ միայն որևէ սպառնալիք չի պարունակում կամ խոցելի չի դարձնում մեր անվտանգային համակարգը, խնդիր չի առաջացնում, այլ ընդհակառակը՝ մենք բնականոն զարգացման պրոցեսի մեջ ենք: Եվ այդ բնականոն զարգացումը շարունակվելու է»,–վստահեցրել է Փաշինյանը: