Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

Աֆրիկյան ժանտախտի դեպքեր Հայաստանում այս պահին չեն գրանցվել. գյուղնախարարություն

10.07.2014, 15:49
Աֆրիկյան ժանտախտով խոզերի հիվանդացության դեպքեր Հայաստանում այս պահին չեն գրանցվել, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը։
Աֆրիկյան ժանտախտի դեպքեր Հայաստանում այս պահին չեն գրանցվել. գյուղնախարարություն
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Աֆրիկյան ժանտախտով խոզերի հիվանդացության դեպքեր Հայաստանում այս պահին չեն գրանցվել, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը։

Օրեր առաջ Ռոսսելխոզնադզորի տարածած հաղորդագրության համաձայն` Ռուսաստանի առանձին մարզերում, մասնավորապես, Կալուգայի, Պսկովի և Սմոլենսկի մարզերում, վերջին օրերին խոզերի ԱԺ զանգվածային հիվանդացության դեպքեր են գրանցվել։

«Նախորդ տարվա աշնանը Հայաստանի որոշ մարզերում, մասնավորապես, Կոտայքի, Տավուշի, Արարատի և Արմավիրի մարզերում գրանցվել են աֆրիկյան ժանտախտի դեպքեր։ Այդ կապակցությամբ բոլոր մարզերում անցկացվել է անասնագլխաքանակի մի մասի հարկադիր սպանդ, և այս պահին հիվանդության դեպքեր չկան»,– ասաց նա։

Հովհաննիսյանը միաժամանակ ավելացրեց, որ Ռուսաստանից բացի, ԱԺ զանգվածային ժանտախտի դեպքեր են գրանցվել նաև Լատվիայում։

Նա միաժամանակ ընդգծեց, որ ԱԺ–ի վիրուսն ունի բարձր ջերմակայունություն, կայուն է քիմիական գործոնների և շրջակա միջավայրի այլ պայմանների նկատմամբ, ինչի կապակցությամբ խոզերի հիվանդացության հավանականությունը կարող է պահպանվել մի քանի տարի։

Գերատեսչության տվյալներով` Հայաստանում խոզերի գլխաքանակը 2013 թվականին կրճատվել է, և այս պահին կազմում է 140 հազար գլուխ։ Խոզերի անասնագլխաքանակի կրճատումը հանրապետությունում, հիմնականում, պայմանավորված է աշնանը աֆրիկյան ժանտախտով հիվանդացության գրանցված դեպքերով։

Աֆրիկյան ժանտախտի` Հայաստան ներթափանցման առաջին դեպքը գրանցվել է 2007 թվականի օգոստոսի 7–ին Տավուշի և Լոռու մարզերում։

Խոզերի աֆրիկյան ժանտախտն (Մոնտգոմերի հիվանդություն) առաջին անգամ գրանցվել է 1903 թվականին Հարավային Ամերիկայում։ Բնական պայմաններում հիվանդության նկատմամբ ընկալունակ են ընտանի և վայրի կենդանիները։ Վարակումը կատարվում է հիվանդ և առողջ խոզերի շփումից։ Վարակը տարածվում է կերի, արոտավայրի, տրանսպորտի, հիվանդ կենդանիների աղտոտված արտաթորանքների միջոցով։ Մարդու համար վիրուսը վտանգավոր չէ։ -0-