Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+12

Երևանի կոնյակի գործարանը 2013թ.–ին նախատեսում է 35 000 տոննա խաղող մթերել

06.09.2013, 18:28
Այս տարի Երևանի կոնյակի գործարանը նախատեսում է մթերել 35 000 տ խաղող, ինչը շուրջ 10 000 տ-ով գերազանցում է անցյալ տարի մթերված խաղողի ծավալը, հայտնում են գործարանի մամուլի ծառայությունից։
Երևանի կոնյակի գործարանը 2013թ.–ին նախատեսում է 35 000 տոննա խաղող մթերել
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Այս տարի Երևանի կոնյակի գործարանը նախատեսում է մթերել 35 000 տ խաղող, ինչը շուրջ 10 000 տ-ով գերազանցում է անցյալ տարի մթերված խաղողի ծավալը, հայտնում են գործարանի մամուլի ծառայությունից։

«Մթերման այսպիսի աննախադեպ ծավալ չի գրանցվել վերջին 15 տարում»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ սեպտեմբերի 9-ին մթերումը կմեկնարկի Այգավանի մասնաճյուղում (Արարատի մարզ), 10-ին` Արմավիրի մասնաճյուղում (Արմավիրի մարզ) և 17-ին` Բերդի մասնաճյուղում (Տավուշի մարզ):

Մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանվել է 145 ՀՀ դրամ Արմավիրի և Այգավանի մասնաճյուղերի համար և 135 դրամ Տավուշի տարածաշրջանի համար, համապատասխանաբար անցյալ տարվա 140 և 130 ՀՀ դրամի փոխարեն: Յուրաքանչյուր գյուղացի իր կողմից մատակարարված բերքի գումարը կստանա խաղողը հանձնելուց հետո երեքից-չորս բանկային օրվա ընթացքում:     

«Հարկ է նշել, որ ընկերության հետ համագործակցող և ապառիկ եղանակով բուժանյութեր ստացած այն խաղողագործների պարտքերը, ում բերքը ս.թ. մայիսի 12-ին տեղացած կարկտահարության հետևանքով  ամբողջությամբ վնասվել է, 100%-ով կզրոյացվեն: Նախնական հաշվարկով Արմավիրի մարզում  ԵԿԳ-ն կզիջի առավել քան 340 խաղողագործի պարտք, ինչը կազմում է մոտ 54 միլիոն ՀՀ դրամ»,–հաղորդում է մամուլի ծառայությունը։

2013 թվականին Երևանի կոնյակի գործարանը  906-ով ավելացրել է իր հետ պայմանագրային հիմունքներով համագործակցող խաղողագործների թիվը: Առանձնահատուկ կարևորելով Հայաստանի սահմանամերձ շրջաններում արդյունաբերության զարգացումը` ԵԿԳ-ն այս տարի ևս կավելացնի Տավուշում մթերվող  խաղողի ծավալները` հասցնելով այն 4000տ-ի, այդ թվում սահմանամերձ գյուղերի համապատասխան սորտերի բերքի գրեթե 100 տոկոսը:
 
Նաև նշվում է, որ այս տարի կմեկնարկի նաև ավելի վաղ հայտարարված երկարաժամկետ պայմանագրեր կնքած խաղողագործների բերքի մթերումը: Հաշվի առնելով այս ծրագրի ռազմավարական նշանակությունը Հայաստանի  խաղողագործության զարգացման հարցում` Երևանի կոնյակի գործարանը պատրաստ է մթերել վերոհիշյալ ֆերմերների առաջարկվելիք և ընկերության որակական չափանիշներին համապատասխանող խաղողի ողջ բերքը, եթե անգամ այն գերազանցում է պայմանագրով նախապես հաստատված ծավալը:    

ԶԼՄ–ների ներկայացուցիչները, ովքեր ցանկանում են ներկա գտնվել մթերման սեզոնի բացմանը, պետք է նախապես գրանցվեն Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի բաժնում (010 510 150, 095 95 44 09)։

Երևանի կոնյակի գործարանը հիմնվել է 1887 թվականին։ Գործարանի ժամանակակից համալիրը գոյություն ունի 1953 թվականից։ 1998 թվականի հունիսին ԵԿԳ–ն ընդգրկվել է Պեռնո Ռիկար խմբի կազմում։ Այդ կորպորացիային են պատկանում ոգելից խմիչքների մի շարք ապրանքանիշներ, և այն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում ոգելից խմիչքների արտադրության և վաճառքի ցուցանիշով։ Պեռնո Ռիկար ընկերությունը ԵԿԳ–ն ձեռք է բերել միջազգային տենդերով` 30 մլն դոլարով։-0-