Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Եվրասիական միության դրական և բացասական կողմերը պետք է ՀՀ–ում ուսումնասիրի փորձագիտական խումբը. քաղաքագետ

28.08.2012, 15:50
Հայաստանում անհրաժեշտ է ձևավորել հատուկ փորձագիտական խումբ, որը կուսումնասիրի Եվրասիական միության դրական և բացասական կողմերը, կարծում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։
Եվրասիական միության դրական և բացասական կողմերը պետք է ՀՀ–ում ուսումնասիրի փորձագիտական խումբը. քաղաքագետ
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում անհրաժեշտ է ձևավորել հատուկ փորձագիտական խումբ, որը կուսումնասիրի Եվրասիական միության դրական և բացասական կողմերը, կարծում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

«Կարծում եմ, որ Հայաստանում Ազգային անվտանգության խորհրդին առընթեր պետք է ձևավորվի Եվրասիական միության դրական և բացասական կողմերի ուսումնասիրման փորձագիտական խումբ։ Միաժամանակ մենք պետք է զերծ մնանք այդ թեմայի տարերային քննարկումներից»,– երեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Շիրինյանը։

Ըստ նրա, Եվրասիական միության ստեղծման գաղափարը տեղավորվում է Ռուսաստանի ավանդական հայեցակարգում, որի հիմնական նպատակը Ռուսաստանի` որպես աշխարհի հզորագույն բևեռներից մեկի ձևավորումն է։

Ըստ նրա, Եվրասիական միությունը կձևավորվի Ռուսաստանի ուժեղացմանը զուգահեռ և կընդգրկի սլավոնական պետություններ, մասնավորապես, Ուկրաինան և Բելառուսը, ինչպես նաև Ղազախստանը։

Քաղաքագետը կարծում է, որ Ռուսաստանի հետ Հայաստանի քաղաքական երկխոսության հիմնական թեման կարող են դառնալ հզոր արդյունաբերություն ունեցող Հայաստանի զարգացման հարցերը, քանի որ Ռուսաստանին Եվրասիական միությունում ոչ զարգացած և հետամնաց պետություններ պետք չեն լինի։

Նա ավելացրեց, որ այսօր Հայաստանը պետք է ուշադիր հետևի Եվրասիական միության ձևավորման գործընթացներին։

2011 թվականի նոյեմբերին Մոսկվայում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը եվրասիական տնտեսական ինտեգրման հռչակագիր են ստորագրել՝ ինտեգրացիոն գործընթացի «ճանապարհային քարտեզ», որի վերջնական նպատակը Եվրասիական տնտեսական միության ստեղծումն է:

Եվրասիական միության գաղափարը 1994 թվականին առաջարկել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ 2011 թվականի հոկտեմբերի սկզբին «Իզվեստիա» թերթի համար գրված իր հոդվածում Պուտինը նշել է, որ Եվրասիական միության ձևավորման հիմք կդառնան Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից հեռանկարում ստեղծվող Մաքսային միությունը և Տնտեսական միասնական տարածքը։

Հոդվածում նշվում էր, որ ԵԱՄ–ը ոչ նոր ԽՍՀՄ, ոչ էլ ԱՊՀ–ի փոխարինող է լինելու, բայց Եվրոպայի և Ասիական–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի արդյունավետ «կապօղակ»` տնտեսական և արժութային քաղաքականության սերտ կարգավորմամբ։ -0-