Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-7

ԶԵԱԲ–ը կարող է քննարկել Հայաստանին «Հյուսիս–Հարավ» նախագծի համար 100 մլն դոլար տրամադրելու հարցը

11.06.2013, 11:52
Հայաստանին «Հյուսիս–Հարավ» նախագծի համար Զարգացման եվրասիական բանկի կողմից 100 մլն դոլարի տրամադրելու հարցը կարող է քննարկվել արդեն հունիսի վերջին, հայտնեց ԶԵԱԲ–ի Երևանյան ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովը։
ԶԵԱԲ–ը կարող է քննարկել Հայաստանին «Հյուսիս–Հարավ» նախագծի համար 100 մլն դոլար տրամադրելու հարցը
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանին «Հյուսիս–Հարավ» նախագծի համար Զարգացման եվրասիական բանկի կողմից 100 մլն դոլարի տրամադրելու հարցը կարող է քննարկվել արդեն հունիսի վերջին, հայտնեց ԶԵԱԲ–ի Երևանյան ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովը։

«Մեր մասնակցության հնարավորությունը մենք քննարկում ենք արդեն ոչ թե բանկի, այլ Հակաճգնաժամային հիմնադրամի շրջանակներում։ Առայժմ որոշում չի կայացվել, բայց Հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի նիստը, որում այդ հարցը կքննարկվի, նախնական նշանակված է հունիսի վերջին»,– ասաց նա «ԱՌԿԱ» գործակալության թղթակցին։

Իգնատովի խոսքով, դրական որոշման դեպքում բանկը կսպասի Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության պատվերով մշակվող տեխնիկական առաջադրանքի նախապատրաստմանը, և Հակաճգնաժամային հիմնադրամի հետ առևտրատնտեսական շրջանառության քննարկման արդյունքներով, նախագիծը կարող է վերջնականապես հաստատվել։

ԶԵԱԲ–ի փորձագիտական խորհուրդն այս տարվա ապրիլին դրական է գնահատել Հայաստանի կառավարության կողմից ԶԵԱԲ Հակաճգնաժամային հիմնադրամին մայրուղու հարավային հատվածներից մեկի տեխնիկական վերահսկման, նախագծման և կառուցման աշխատանքների համար 100 միլիոն դոլար հատկացնելու վերաբերյալ հայտը։

ՀՀ կառավարության 2012 թ. ապրիլի 26-ի նիստում հաստատվել էր Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով հայտարարված երեք ճանապարհահատվածների վերակառուցման և բարելավման միջազգային բաց մրցույթի արդյունքը` 250 մլն ԱՄՆ դոլար արժեքով` հաղթող ճանաչելով «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա» իսպանական ընկերությունը։

2010 թվականի հունվարի 14–ին կառավարությունը հավանություն է տվել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցման ներդրումային ծրագրին, ինչպես նաև Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև 500 մլն դոլարի շրջանակային ֆինանսական համաձայնագրին։

«Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցումը, որի շնորհիվ կբարելավվի Եվրոպա–Կովկաս–Ասիա ճանապարհային հաղորդակցությունը Արևելյան Եվրոպայի և Արևմտյան Ասիայի հատման կետում, ծրագրվում է ամբողջությամբ ավարտել 2017 թվականին։

«Հյուսիս–Հարավ» միջանցքը 556 կիլոմետր ընդհանուր երկայնությամբ կապահովի մուտք դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքներով։

Ներդրումային ծրագիրն ուղղված է Հայաստանի հյուսիսի (Վրաստանի հետ սահմանում) և հարավի (Իրանի հետ սահմանում) կապի ապահովմանը տրանսպորտային այնպիսի հաղորդակցությունների միջոցով, որոնք բավարարում են միջազգային բարձր չափանիշներն ու ապահովում են մուտք դեպի համաշխարհային շուկաներ։

Ծրագիրը թույլ կտա, որ Հայաստանն ապագայում մեղմի Ադրբեջանի և Թուրքիայի ստեղծած շրջափակումը, տարանցիկ պետության կարևոր դեր խաղա տարածաշրջանի երկրների բեռնափոխադրումների հարցում, ինչպես նաև միանա Սևծովյան օղաձև ավտոմայրուղուն։

Զարգացման եվրասիական բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թվականի հունվարին` անդամ–պետությունների շուկայական տնտեսության զարգացմանն օժանդակելու, դրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն աջակցելու նպատակով։

ԶԵԱԲ–ի կանոնադրական կապիտալը գերազանցում է 1,5 մլրդ ԱՄՆ դոլարը։ Բանկի մասնակից պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը։-0-