ԵԱԶԲ–ի վերլուծաբանները ռիսկեր չեն տեսնում Հայաստանի պետական պարտքի մակարդակի հարցում
Ալմաթի (Ղազախստան), 5 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ԵԱԶԲ-ն ռիսկ կամ նախադրյալ չի տեսնում անհանգստության համար, քանի որ Հայաստանի պետական պարտքը մնում է միջին մակարդակի վրա և նույնիսկ զարգացող տնտեսությունների միջինից ցածր։ Այս մասին հայտարարել է Երկրների վերլուծության կենտրոնի ղեկավար Մարինա Սոբոլևսկայան՝ բանկի 2025-2027 թվականների մակրոտնտեսական կանխատեսումների ներկայացման ժամանակ։
«Պետական պարտքի հարցը բավականին զգայուն է։ Բայց տնտեսության զարգացման տեմպը բավականին բարձր է և շարունակում է աճել։ Կաճի նաև ներքին պահանջարկը, ինչը կշարունակի վերափոխվել բյուջեի եկամուտների աճի։ Բյուջեի ծախսերի ավելացումը կփոխհատուցվի այդ թվում փոխառությունների հաշվին», – հայտարարեց նա։
ԵԱԶԲ գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովն իր հերթին նշեց, որ անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն պետական պարտքի բացարձակ մեծությունը, այլև սպասարկման արժեքը։
«Հայաստանի պարտքը սպասարկման ծախսերի առումով բավականին ցածր է։ Զգալի մասնաբաժինը սուվերեն վարկերն են, որոնք տրամադրվում են ցածր տոկոսադրույքով։ Իսկ տոկոսները, որոնցով Հայաստանը գրավում է եվրապարտատոմսեր, իրենց ժամանակին վերցվել են սուպերհաջողությամբ», – ասաց Վինոկուրովը։
Ավելի վաղ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտնել էր, որ 2025 թվականին ՀՆԱ–ի նկատմամբ կառավարության պարտքի հարաբերակցությունը, նախորդ տարվա համեմատ, կավելանա 3,2 տոկոսային կետով և կկազմի 53%։
Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2024 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 12,5 մլրդ դոլար, որից 6,29 մլրդ դոլարը բաժին է ընկնում արտաքին պարտքին, իսկ 6,20 մլրդ դոլարը՝ ներքին պարտքին։