Որևիցե միտում չկա լքելու ԵԱՏՄ-ն․ Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի․/ԱՌԿԱ/․ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ որևիցե միտում չկա լքելու ԵԱՏՄ-ն։
«ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելը Հայաստանի ժողովրդի կամքն է։ Մենք այդ կամքը ՀՀ ԱԺ-ում քննարկելու ենք, քվեարկելու ենք ու որոշում ենք կայացնելու։ Չեմ արծում, որ ռուսական կողմը պետք է այդքան մեծ մտահոգություն ունենա այս որոշման հետ կապված։ Չեմ կարծում, որ որևիցե ձևով համագործակցությունը համատեղելը կարող է խնդիր հանդիսանալ», - հայտարարեց Սիմոնյանը։
Նրա խոսքով, եթե ռուսական կողմի համար դա խնդիր է, «չկա այդպիսի խնդիր, որ Հայաստանն ու Ռուսաստանը չեն կարող իրար հետ քննարկել, կարող ենք քննարկել ու լուծումներ գտնել»։
«Հայաստանն ինքնիշխան պետություն է ու ինքն է որոշում, թե ինչ օրենք ընդունի, որն է բխում իր շահերից ու որը՝ ոչ։ Տնտեսական առումով ԵԱՏՄ-ն ձեռնտու կառույց է Հայաստանի համար ու որևիցե միտում չկա լքելու ԵԱՏՄ-ն», – ասաց ԱԺ խոսնակը։
ԵՄ–ի ն ՀՀ–ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին
Հունվարի 9–ին ՀՀ կառավարությունը դրական դիրքորոշում հայտնեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախաձեռնությանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԵՄ անդամակցելու որոշումը չի կարող կայացվել օրենքի կամ կառավարության որոշման մակարդակով, այլ բացառապես հանրաքվեի միջոցով, ինչպես սահմանում է Հայաստանի Սահմանադրությունը։
ՌԴ–ի դիրքորոշման մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու Հայաստանի որոշումը համարել է ՀՀ–ի ինքնիշխան ընտրությունը։
«Իհարկե, Հայաստանի լեգիտիմ ղեկավարության ինքնիշխան որոշումն է սկսել որևէ միջազգային կառույցի միանալու գործընթաց։ Բայց բոլոր դրական և բացասական կողմերը կշռելը, հավանաբար, ևս Հայաստանի կառավարության, ղեկավարության, այն մարդկանց պարտականությունն է, ով զբաղվում է տնտեսական բլոկով», – ասել է Լավրովը։