Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

ԵԱԶԲ–ն 2025թ․–ին ակնկալում է Հայաստանի տնտեսության բարձր աճ

24.11.2025, 11:43
Եվրասիական զարգացման բանկում (ԵԱԶԲ) ակնկալում են, որ Հայաստանում տնտեսական աճը կմնա բարձր 2025 թվականին։ Նման կանխատեսում է ներկայացված ԵԱԶԲ-ի ամենշաբաթյա մակրոտնտեսական վերլուծության մեջ
ԵԱԶԲ–ն 2025թ․–ին ակնկալում է Հայաստանի տնտեսության բարձր աճ

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Եվրասիական զարգացման բանկում (ԵԱԶԲ) ակնկալում են, որ Հայաստանում տնտեսական աճը կմնա բարձր 2025 թվականին։ Նման կանխատեսում է ներկայացված ԵԱԶԲ-ի ամենշաբաթյա մակրոտնտեսական վերլուծության մեջ։ 

«Հայաստանի ՀՆԱ-ն 2025 թվականի առաջին ինը ամիսների արդյունքներով աճել է 6,0%-ով։ Ամենամեծ ներդրումն ունեցել են ֆինանսական գործունեությունը, տեղեկատվությունն ու կապը, ինչպես նաև շինարարությունը (տարեկան կտրվածքով աճել են համապատասխանաբար 14,8%, 18,1% և 22,8%)։ Տնային տնտեսությունների սպառողական ծախսերը և ներդրումները պահանջարկի կողմից հիմնական շարժիչ ուժերն են (աճը՝ 10,2% և 19,6% տարեկան կտրվածքով)։ Արտաքին առևտրի ցուցանիշները կրճատվել են անցյալ տարվա ուժեղ դինամիկայից հետո (արտահանումը՝ -31,5% տարեկան կտրվածքով, ներմուծումը՝ -25,6% տարեկան կտրվածքով)», - ասված է հետազոտության մեջ։ 

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներով՝ Հայաստանի ՀՆԱ-ն 2025 թվականի III եռամսյակում գրանցել է 6,2% աճ՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Ներկայիս գներով Հայաստանի ՀՆԱ-ն անվանական ծավալով կազմել է 3,07 տրլն դրամ։ ՀՆԱ-ն շուկայական գներով մեկ շնչի հաշվով կազմել է 994 867 դրամ, 2 595 դոլար և 2 221 եվրո։

Հայաստանի տնտեսական աճը 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված է 5,1% չափով, իսկ գնաճը նախատեսված է 3% (±1%) մակարդակում։ Հայաստանի տնտեսական ակտիվությունը, ըստ նախնական վիճակագրական տվյալների, 2025 թվականի երեք եռամսյակում աճել է 7,6%-ով՝ 2024 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ։ Գնաճը հոկտեմբերին կազմել է տարեկան կտրվածքով 3,7% ։ ՀՀ ԿԲ-ի՝ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության զեկույցի համաձայն՝ 2025 թվականի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ի աճն ակնկալվում է կախված սցենարից (Ա-Բ) 5,8-5,7%, 2026 թվականին՝ 5,7-6,2%, 2027 թվականին՝ 5-6,3%։ (1 դոլարը՝ 381․47 դրամ)