ԵԱԶԲ–ն լավացրել է Հայաստանի տնտեսության աճի 2025թ․–ի սպասումները, 2026թ․–ի կանխատեսումը՝ 5,3%
ԱԼՄԱԹԻ, 18 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ակնկալում է, որ Հայաստանի տնտեսությունը 2025 թվականի արդյունքներով կաճի շուրջ 6%-ով, հայտարարեց ԵԱԶԲ վերլուծական աշխատանքների գծով տնօրինության ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը։
Ավելի վաղ բանկը 2025 թվականի համար կանխատեսել էր 5,5% աճ։
Կուզնեցովը նշեց, որ Հայաստանի տնտեսությունը պահպանում է աճի բարձր տեմպերը, և 2025թ․–ի 6%-ը գերազանցում է վերջին 10 տարիների միջին ցուցանիշը։
«Աճի հիմնական շարժիչ ուժերն են շինարարության բարձր տեմպերը, ՏՏ և կապի ոլորտի զարգացումը, ինչպես նաև ֆինանսական հատվածը։ Ուժեղ պահանջարկին նպաստում է նաև ներդրումների ընդլայնումը, որոնք հունվար-սեպտեմբեր ամիսներին աճել են գրեթե 20%-ով։ Վարկավորման և դրամական փոխանցումների ավելացումը հիմք են ստեղծում տնային տնտեսությունների սպառման աճի համար»,- ասաց նա։
Կուզնեցովի խոսքով՝ 2026 թվականին սպասվում է տնտեսության հետագա ընդլայնում 5,3%-ով։
«Հիմնական ավանդը կապահովեն սպառումը և ներդրումները։ Օրինակ՝ սպասվում է ներդրումների աճ տրանսպորտի և ՏՏ ենթակառուցվածքների ոլորտում։ Լրացուցիչ գործոն կդառնա արտաքին կոնյունկտուրայի բարելավումը, այդ թվում՝ աճի արագացումը Ռուսաստանում։ Դա կաջակցի արտաքին աճին ուղղված ճյուղերին, այդ թվում՝ զբոսաշրջությանը»,- ասաց Կուզնեցովը։
Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ
Հայաստանի տնտեսական աճը 2025թ․–ի պետբյուջեում նախատեսված է 5,1%, 2026թ․–ին՝ 5,4%։ Համաձայն Կենտրոնական բանկի այս տարվա չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2025 թվականի վերջին կկազմի 5.9-5.9%, 2026 թվականին՝ 6.3-4.1%, իսկ 2027 թվականին՝ 4.9-5.3%՝ կախված սցենարից (Ա-Բ):
Միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները՝ ԵԱԶԲ՝ 6% 2025 թվականին և 5.3%՝ 2026 թվականին, Համաշխարհային բանկ՝ 5.2% 2025 թվականին և 4.9%՝ 2026 թվականին, Արժույթի միջազգային հիմնադրամ՝ 5% 2025 թվականին և 5.5%՝ 2026 թվականին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ՝ 5% 2025 թվականին և 4.5%՝ 2026 թվականին, և Ասիական զարգացման բանկ՝ 6%: