11 մարդ է թունավորվել Հայաստանի հանրային սննդի օբյեկտներից մեկում
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Լոռու մարզի մի քանի բնակիչ թունավորվել է հանրային սննդի օբյեկտում:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Լոռու մարզային կենտրոնը հունվարի 27-ին ահազանգ էր ստացել այն մասին, որ «Սննդային տոքսիկոինֆեկցիա» նախնական ախտորոշմամբ Լոռու մարզի «Սպիտակի բժշկական կենտրոն» են ընդունվել Սպիտակի տարածաշրջանի Լեռնանցք համայնքի 11 բնակիչ:
Նույն օրը՝ ահազանգն ստանալուց անմիջապես հետո, ՍԱՊԾ մարզային կենտրոնի մասնագետներն այցելել են նախ նշված բժշկական կենտրոն, ապա՝ «ԱՐԹՎԱՐԴ» ՍՊԸ և ՍՊԸ-ին պատկանող «Թեժ կրակ» անվանումով հանրային սննդի օբյեկտ, որտեղ և սնվել էին հոսպիտալացված անձինք:
Ինչպես հաղորդում է կարգավորիչի մամուլի ծառայությունը, ծառայության մասնագետները հանրային սննդի օբյեկտում առկա սննդամթերքից (հումքից, քանի որ պատրաստված սննդից մնացորդ չի եղել) նմուշառումներ են կատարել և ուղարկել լաբորատոր փորձաքննության: Միաժամանակ, ծառայությունը քայլեր է ձեռնարկել` հետագծելիության սկզբունքով ընկերությանը սնունդ մատակարարող կազմակերպություններին հայտնաբերելու և ողջ շղթայում վերահսկողությունն ապահովելու նպատակով: Այս մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ընդ որում, հունվարի 27-ին գերատեսչությունը տվել է նշված ընկերության արտադրանքի իրացումը կասեցնելու մասին կարգադրագիր. տնտեսավորող սուբյեկտի գործունեությունը դադարեցված է:
«ԱՐԹՎԱՐԴ» ընկերության գործունեությունը ՍԱՊԾ-ն արդեն իսկ համարել էր բարձր ռիսկային՝ ընդգրկելով տնտեսավարողին 2017 թվականի ստուգումների տարեկան ծրագրում, ստուգումները կիրականացվեն այս օրերին: -0–