Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է 85 տոննա ավիավառելիքի հափշտակման դեպք

16.01.2020, 17:42
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ
ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է 85 տոննա ավիավառելիքի հափշտակման դեպք

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ի թիվս այլ գործառույթների, ՀՀ զինված ուժերի մարտունակությունը և մարտական պատրաստությունը պահպանելիս հրամանատարությանն աջակցելու օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ ՊՆ № զորամասի մի խումբ զինծառայողներ՝ նախնական համաձայնությամբ և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, 2019 թ. հուլիսից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, հափշտակել և վաճառել են իրենց վստահված՝ զորամասի պլանային ուսումնական թռիչքների իրականացման համար հատկացված, առանձնապես խոշոր չափերով՝ 40 միլիոն ՀՀ դրամից ավելի արժեքով, մոտ 85 տոննա ավիավառելիքը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ-ի մամուլի ծառայությունը:

«ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո, հերթական անգամ 640 լիտր ավիավառելիքը զորամասի տարածքից դուրս հանելիս և գնորդին հանձնելիս, նրանց հանցավոր գործողությունը խափանվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, առձեռն բռնված հանցագործություն կատարած անձինք խոստովանել են կատարած հանցագործությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, այն ըստ քննչական ենթակայության քննելու նպատակով փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-