Հայաստանում տոնական օրերին պայթուցիկներից տուժել է 95 մարդ, նրանց մեծ մասը ստացել է դաստակի և նախադաստակի վնասվածքներ
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./ԱՌԿԱ/. Տոնական օրերին` դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, հանրապետության բժշկական կենտրոններ են դիմել պայթուցիկներից/հրավառություններից տուժած 95 անձ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Բժշկական կենտրոններ դիմածներից 29–ը (30%) երեխա ` (7-14 տարեկան), 11–ը` (12%) դեռահաս (15-17 տարեկան) և 55–ը` (58%) մեծահասակ (18 տարեկան և բարձր)։ 89-ը (94%) արական և 6-ը (6%) իգական սեռի է։
«74 (78%) դեպքում տուժածները ստացել են դաստակի և նախադաստակի տարբեր տեսակի վնասվածքներ, 18-ը (19%)՝ գլխի դիմային հատվածի (աչքի և ակնակապիճի, ականջի, ճակատի, շրթունքի) տարբեր վնասվածքներ, 2-ը (2%)՝ ստորին վերջույթների վնասվածք, 1-ը (1%) անձ՝ նստատեղի վնասվածք», – նշել են ԱՆ–ից` ևս մեկ անգամ ընդգծելով, որ պայթուցիկներն ու հրավառությունները սխալ օգտագործելու դեպքում վտանգվում է սեփական առողջությունը:–0–