Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

ՊԵԿ-ը բացահայտել է մարիխուանայի մաքսանենգության դեպքեր (ՎԻԴԵՈ)

09.07.2020, 18:30
ՊԵԿ-ը բացահայտել է մարիխուանայի մաքսանենգության դեպքեր. ՎԻԴԵՈ
ՊԵԿ-ը բացահայտել է մարիխուանայի մաքսանենգության դեպքեր (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները բացահայտել են թմրամիջոցի մաքսանենգության փոխկապակցված դեպքեր. հայտնաբերվել է ընդհանուր 375 գրամ մարիխուանա: Այս մասին հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը:

«Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն տեղեկություններ էին ստացվել, որ Աբովյան քաղաքում բնակվող 2 երիտասարդ մի խումբ քաղաքացիների անվամբ փոստային առաքանիներով արտերկրից ստանում են թմրամիջոցներ: Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից պարզվել են թմրամիջոցի պարունակությամբ առաքանու իրական հասցեատերերը: Նրանց հրահանգով տաքսու վարորդը առաքանիների ներմուծում իրականացնող ընկերության գրասենյակից թմրամիջոցի պարունակությամբ առաքանին ստացել և տեղափոխել էր Աբովյան քաղաք»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների օպերատիվ հսկողության ներքո տաքսու վարորդից առաքանին ստանալուց հետո ՀՀ երկու քաղաքացի բերման են ենթարկվել մաքսանենգության դեմ պայքարի վարչություն:

Անձնական խուզարկության արդյունքում քաղաքացիներից մեկի մոտ առկա առաքանու միջից հայտնաբերվել է 100 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Այս մասին օրերս հայտնել էր ՀՀ ոստիկանությունը:

«Նպատակ ունենալով բացահայտել դեպքի հետ առնչություն ունեցող անձանց շրջանակը` կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձեռնարկել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում կարճ ժամանակ անց ստացվել է նոր տեղեկություն, որ նույնանման եղանակով արտերկրից Հայաստան պետք է ներմուծվեն թմրամիջոցի պարունակությամբ ևս 2 առաքանի»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հուլիսի 3-ին «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների կողմից հիշյալ առաքանիների նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել է 134 գրամ և 141 գրամ մարիխուանա:

Նշված դեպքերով ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-