Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2025 թ. հունվարի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

ՊԵԿ–ը մոտ 8 մլն դրամի ադամանդի մաքսանենգության փորձ է կանխել (ՎԻԴԵՈ)

02.08.2024, 15:36
Զննման  արդյունքում ուղեբեռից հայտնաբերվել է 22 պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ եղել են տարբեր տրամաչափերի ադամանդանման թափանցիկ քարեր․ ՎԻԴԵՈ
ՊԵԿ–ը մոտ 8 մլն դրամի ադամանդի մաքսանենգության փորձ է կանխել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի․/ԱՌԿԱ/.   ՀՀ ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։ Այս մասին հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Օրերս «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային սպասարկան և հսկողության բաժնի և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության մաքսային ծառայողների կողմից մաքսային հսկողության է ենթարկվել Շարժա-Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացի և վերջինիս ուղեբեռը:

Մաքսային զննման արդյունքում նրա ուղեբեռից հայտնաբերվել է 22 պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ եղել են տարբեր տրամաչափերի ադամանդանման թափանցիկ քարեր և 2 «GIA» մակնշմամբ սերտիֆիկատ: Ադամանդանման քարերի ընդհանուր քաշը կազմել է  244 գրամ։

ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության համաձայն՝ խնդրո առարկա ադամանդանման թափանցիկ քարերը մշակված բնական ադամանդներ լինելու պարագայում, դրանց արժեքը հնարավոր է գերազանցի 8,000,000 (ութ միլիոն) ՀՀ դրամը։

«Ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների և մշակութային արժեքների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն` մշակված բնական ադամանդներն ընդգրկված են նույն որոշմամբ սահմանված ցանկում և մաքսային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ հայտնաբերված ադամանդանման թափանցիկ քարերից միայն 29 հատի մաքսային արժեքը գերազանցել է ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով (Մշակութային արժեքների և ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների մաքսանենգությունը) սահմանված ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների խոշոր չափը` 8 միլիոն ՀՀ դրամը:

Նշված դեպքի առթիվ կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն և փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։