Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Տավուշում 25 մարդ է հոսպիտալացվել`աղիքային վարակի ախտանիշներով. հավանական պատճառը ջրատարի աղտոտումն է

18.04.2019, 18:28
Տավուշում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել։
Տավուշում 25 մարդ է հոսպիտալացվել`աղիքային վարակի ախտանիշներով. հավանական պատճառը ջրատարի աղտոտումն է

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./ԱՌԿԱ/. Տավուշում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել։

Ինչպես հաղորդում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, գերատեսչությունը երեկ տեղեկություն է ստացել, որ ապրիլի 16-ին աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ գանգատներով (լուծ, բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխում) Բերդի բժշկական կենտրոն է դիմել Տավուշի մարզի Նավուր համայնքի 2 բնակիչ: Ապրիլի 17-ին բժշկական օգնության են դիմել ևս մի քանիսը: 

«Այդ կապակցությամբ Նավուր է մեկնել ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետների խումբը: Արձանագրված դեպքերի պատճառահետևանքային կապը և վարակի աղբյուրը պարզելու նպատակով կազմակերպվել և իրականացվել են համաճարակաբանական հետազոտություններ: Իրականացվել են բակային համայցեր, որոնց արդյունքում հայտնաբերվել են աղեստամոքսային գանգատ ունեցող բնակիչներ։ Հետազոտությունների ընթացքում կատարվել են նմուշառումներ հիվանդների կոնտակտավորներից և շրջակա միջավայրից (խմելու ջուր)», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ինչպես հայտնում են ԱՆ–ից, հիվանդների մոտ ախտորոշվել է աղիքային վարակ: Նմուշների լաբորատոր հետազոտությունները ընթացքում են: 

Այսօր հիվանդների դիմելիությունը շարունակվել է, և ներկայումս Բերդի բժշկական կենտրոնում հոսպիտալացված է Նավուր համայնքի 25 բնակիչ, որից 20-ը մինչև 18 տարեկան են: Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության: 

«Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդների մեծամասնությունն օգտվում է միևնույն ջրատարի 2 կապտաժներից, որից մեկը գտնվում է խիստ անբավարար սանիտարատեխնիկական վիճակում՝ չկա սանիտարապաշտպանիչ գոտի, խախտված է կառույցի հերմետիկությունը, կապտաժի շրջակայքում անձրևներից առաջացած ջրափոսերն աղտոտված են կենդանիների արտաթորանքներով: Ստացված տվյալների հիման վրա մասնագետները եզրակացրել են, որ աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի արձանագրման հավանական պատճառը կապտաժի և ջրատարի աղտոտումն է: Ներկայումս ջրատարից ջրամատակարարումը դադարեցված է, աշխատանքներ են տարվում կապտաժի և ջրատարի ախտահանման ուղղությամբ», – հայտնում են ԱՆ–ից։

Գերատեսչությունից նաև նշում են աշխատանքները շարունակվում են Տավուշի մարզային առողջապահական մարմինների հետ համատեղ:–0–