Երևան–Գյումրի ճանապարհին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. 5 մարդ մահացել է, 14 մարդ`վիրավորվել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. 14 մարդ է տուժել այսօր առավոտյան Երևան–Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով։
Այսօր ժամը 07:04-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «Gazelle» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով 5 մարդ տեղում մահացել է, կան տուժածներ։
Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը, խոշոր վթարի հետևանքով, նախնական տվյալներով, կա 5 զոհ և տուժածներ:
14 վիրավորներից 10-ը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ներկա պահին 2-ը վիրահատվում են: Մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Տուժածներից 3-ն էլ տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որոնց վիճակը գնահատվել է բավարարից` միջին ծանրության:
Տուժած ևս 1 անձ տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն: Նրա վիճակը գնահատվում է բավարար:–0–